Արտաշես Շահբազյան. Հոնքը շտկելու փոխարեն աչքը չհանենք


ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին:

«Սա կարեւոր հարց է, որը վաղ թե ուշ պիտի լուծվի: Եվ եթե այժմ իշխանությունը բարձրացրել է եւ այն լուծելու գործնական տրամադրվածություն ունի, արդեն իսկ ողջունելի է: Միաժամանակ, հարցը պիտի այնպես լուծվի, որ հոնքը շտկելու փոխարեն աչքը չհանվի: Այսինքն` բավական է անզգույշ մոտեցում դրսեւորել եւ Սփյուռքը որպես մեկ միասնական ամբողջություն ներկայանալու փոխարեն կարելի է հեշտությամբ պառակտել շատ ու շատ մասերի: Եվ տասնամյակների ընթացքում ձեւավորված կառույցը նորից իրար գլխի հավաքելը կարող է շատ երկար տեւել :

ՈՐ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐԸ ՎԱՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՉՈՒՆԵՆԱ

-Օրերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձրաձայնեց երկրի նախագահի մտադրությունը` սահմանադրական փոփոխության արդյունքում Հայաստանում երկպալատանի խորհրդարան ձեւավորելու վերաբերյալ: Բնականաբար հասկանալի է, որ խնդիրը նախատեսում է բարդ եւ երկարատեւ ընթացակարգ, հանրային քննարկումներ, մասնագիտական ուսումնասիրություններ: Առավել խոր անդրադարձի ժամանակը դեռ կգա, իսկ մինչ այդ, ինչպե՞ս եք գնահատում հիշյալ գաղափարը:

-Այն, որ սփյուռքահայությունը ինչ-որ ձեւաչափով, մասնավորապես հենց խորհրդարանային ձեւաչափով պիտի մասնակից լինի համահայկական նշանակության խնդիրների քննարկմանը եւ լուծմանը, դեռեւս անկախության առաջին տարիներին էր արծարծվում: Եվ այդ շրջանում նմանօրինակ խոսակցություններ եղել են:
Բայց այս հարցն ունի իր բարդությունները, այն բարձրացնելիս անմիջապես էլ դիլեմա է առաջ գալիս` Սփյուռքը ի՞նչ սկզբունքներով է կատարելու իր ընտրությունը:

Ուզում եմ հիշեցնել, որ անցած տարեվերջին այս հարցին անդրադարձավ նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը Կանադայում ՀՅԴ 120-ամյակի առիթով ունեցած իր ելույթում խոսեց այս մասին` շեշտելով, որ սփյուռքահայերը խորհրդարանական մակարդակով պիտի ներգրավված լինեն, մասնակից դառնան համահայկական խնդիրների քննարկմանը եւ լուծմանը:

-Բազմիցս ենք անդրադարձել Սփյուռքի բազմազանությանը եւ բազմաշերտությանը: Արդեն իսկ առաջարկը հայաստանյան քաղաքական շրջանակներում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

-Սա կարեւոր հարց է, որը վաղ թե ուշ պիտի լուծվի: Եվ եթե այժմ իշխանությունը բարձրացրել է եւ այն լուծելու գործնական տրամադրվածություն ունի, արդեն իսկ ողջունելի է:

Միաժամանակ, հարցը պիտի այնպես լուծվի, որ հոնքը շտկելու փոխարեն աչքը չհանվի: Այսինքն` բավական է անզգույշ մոտեցում դրսեւորել, եւ Սփյուռքը որպես մեկ միասնական ամբողջություն ներկայանալու փոխարեն կարելի է հեշտությամբ պառակտել շատ ու շատ մասերի: Եվ տասնամյակների ընթացքում ձեւավորված կառույցը նորից իրար գլխի հավաքելը կարող է շատ երկար տեւել:

Այսինքն` մենք ի սկզբանե պիտի հասկանանք, թե որքան զգայուն օրգանիզմ է Սփյուռքը, որն իր տարբերություններն ու առանձնահատկություններն ունի` մեկ հատվածը մյուսին նման չէ, մեկ համայնքի ներսում գոյություն ունեն պայմանական բաժանումներ` պայմանավորված կուսակցականությամբ, եկեղեցու պատկանելությամբ եւ այլն: Այնպես որ, եթե խնդիրը պիտի գործնական ընթացք ստանա, այն պիտի լուրջ եւ մանրակրկիտ ուսումնասիրության եւ նախապատրաստման շրջան ունենա, որից հետո միայն կյանքի կոչվի: Բացի այդ, հարցին առնչվող բոլոր քննարկումներին պիտի մասնակից դառնա նաեւ հենց ինքը Սփյուռքը: Այլապես չստացվի, որ հետո որպես արդյունք ունենանք հակառակ մի բան կամ ինչ-որ բան որոշվի, հանվի հրապարակ եւ որպես օրենք պարտադրվի, փորձ արվի կյանքի կոչել: Ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի:

Ի վերջո, կարող են լինել սխալներ, որոնք եթե ուրիշ դեպքերում կարելի էր շտկել, այս դեպքում մեծ վնաս կարող է բերել: Այսինքն` չստացվի, որ լավ գաղափարը վատ հետեւանքներ ունենա:

-Անդրադարձաք ոչ հեռու անցյալում առկա նույնաբովանդակ մտահոգություններին, այսինքն, տարիներն անցել են, իսկ մտահոգությունները` մնացել:

-Խնդիրն արծարծվել է 90-ականների սկզբին եւ, բնականաբար, արդեն իսկ պիտի հասկանալի լինի` այդ ժամանակի իշխանության օրոք բոլորովին անհնար էր նման խնդիր լուծել: Ի՞նչ արձագանք կարող էր լինել, երբ նրանք ընդհանրապես Հայաստանը տարաբաժանում էին Սփյուռքից: Նույնիսկ խնդիրներն էին տարբերակում` պետական, հայաստանյան խնդիրներ, սփյուռքյան խնդիրներ. ազգային խնդիրներն ու պետական խնդիրներն անգամ իրարից տարանջատվում էին: Այս մտածողությամբ առաջնորդվող իշխանությունը, բնականաբար, չէր կարող մտահոգ լինել հիշյալ խնդրով:
Կարծում եմ, մեկընդմիշտ պիտի գիտակցվի, որ Հայաստան-Սփյուռք մեկ ժողովուրդ է, որի ազգային խնդիրներն ու պետական շահերը չեն կարող իրար հակասել: Եթե, իհարկե, մոտեցումն ազգային շահերի դիտանկյունից է:

-Ըստ ձեզ, ԱԺ Վերին պալատում Սփյուռքի ներկայացուցչի ընդգրկումը ի՞նչ ընթացակարգ է ենթադրում:

-Կարծում եմ, պիտի կարողանալ ներկայացուցչական համամասնությունները հաշվի առնել: Այստեղ չեն կարող լինել մեխանիկական լուծումներ ինչպես այսօր որոշ միջոցառումների ժամանակ են արվում` անձերն ու կազմակերպությունները բերելով հավասարեցնելով իրար, մեծ ու փոքրը մեկ կշռաթաթի վրա դնելով: Իհարկե, դեռ վաղ է, բայց եթե ինչ-որ մի նախագիծ դրվի, կարելի է քննարկել:
Մի բան հստակ է` այս դեպքում Սփյուռքի մեծ ճանաչողություն է պետք. անհրաժեշտ է հաշվի նստել Սփյուռքի արդեն իսկ գոյություն ունեցող կառուցվածքի հետ, այլապես չի ստացվի այն, ինչը ցանկալի է:

Տպել Տպել