Ասում են՝ պատմությունը մարդիկ կենսագրությամբ են կերտում

Արթուր-Մկրտչյան (1)1992թ ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի եղերական սպանության բոթը ցնցեց բոլորին:

Արթուր Մկրտչյանն Արցախյան Շարժման այն առաջամարտիկներից էր, ով խորապես տիրապետում էր ազգային արժեքներին եւ ում համար ի վերուստ պարզ էր, որ մեր ժողովրդի գոյատեւման խնդիրն անիրագործելի է առանց նրա հավաքական ուժի եւ պայքարի: Օժտված լինելով մարդկային բարձր հատկանիշներով նա Շարժման հորձանուտում հայտնվեց որպես հանրության կողմից ընդունելի դեմք ու կազմակերպիչ, իսկ հետագայում դարձավ ազգային խորհրդանիշ: Արթուր Մկրտչյանը երկրի ղեկավարման ղեկը ստանձնեց դժվարին ժամանակահատվածում:

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին եւ ճակատագիրն այնպիսի անջնջելի հետք թողեցին հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, որ անգամ պաշտոնավարած լինելով երեք ամսից քիչ ժամանակահատվածում, նրա անունն առհավետ բուն դրեց ժողովրդի հիշողության մեջ: Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերեւս, ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը:

Քաղաքականության մեջ նրա անփորձությունն ու անվարժությունը, որտեղ նա հայտնվել էր ճակատագրի բերմամբ, լիաչափ կերպով փոխհատուցվում էին նրա բնատուր խելքով, բացարձակ օրինավորությամբ եւ Շարժման նպատակներին ու գաղափարներին հավատարմությամբ. այդ մասին փաստում են այն մարդիկ, ովքեր երբեւէ առիթ են ունեցել շփվելու Արթուր Մկրտչյանի հետ կամ գոնե փոքր ինչ ծանոթ են նրա գործունեությանը:

Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը` 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին: Այն ժամանակներում չափազանց համարձակ այդ քայլը Արթուրի համար եղել է գիտակցված արարք, քայլ դեպի սեփական անձի եւ սկսվող հեղափոխական գործընթացներում սեփական դերի իմաստավորում: 1988թ. փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից մինչեւ նախագահ ընտրվելը, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց: 1992թ. հունվարին նորածին հանրապետության գլուխ կանգնեց մի երիտասարդ, ով մարմնավորում էր ազգային-ազատագրական շարժման ոգին` 1988-1990 թվականների` նրա լավագույն, վեհ ու լուսավոր դրսեւորումներով:

Արթուր Մկրտչյանը երկրի ղեկավար դարձավ ոչ թե պաշտոնավարելու համար, այլ ազատագրական պայքարը իր հունով տանելու, կազմակերպելու եւ հաղթանակի հասցնելու առաքելությամբ: Նա այդ դժվարին խնդրի լուծման համար լիովին հասունացած մարդ էր` քաղաքական-գաղափարական, հոգեւոր, եւ ռազմական առումներով, եւ ըստ այդմ նա գլխավորեց ազգային միացյալ ուժերը, այն դրեց իր հունի մեջ եւ ընթացք տվեց դրանց: Սակայն հակաուժն էլ մեծ էր, ոչ թե ի դեմս արտաքին թշնամիների, այլ նույնացեղ տարրերի, որոնք խաթարում էին հայության միաբանությունն ու ներդաշնակ համագործակցությունը:

Լեռնային Ղարաբաղի Գերաույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն այն քաղաքական գործիչներից էր ում մասին ասում են` նա բարոյականություն էր քաղաքականության մեջ: Որքան էլ ասված խոսքերը պարադոսքային թվան առաջին հայացքից, սայակայն Արթուր Մկրտչյանին քաջածանոթ մարդիկ հաստատում են այդ խոսքերը: Արցախյան պայքարի գործընթացի ամենակարեւոր հարցը կամ գործոնը մաքրությունն էր, գաղափարի նախապատվությունը ամեն տեսակ նպատակներից: Ղեկավարի կերպարը, նկարագիրը պետք է բարոյական լինի:

Արթուր Մկրտչյան քաղաքական գործչի եւ Արթուր Մկրտչյան մարդու մասին սերունդները դեռ երկար են խոսելու, եւ դեռ կգրվեն գրքեր ու գիտական աշխատություններ նրա վարած քաղաքական ուղեծիրի մասին:

Տպել Տպել