Ապրիլի 24–ին Մոսկվայում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք

Մոսկվայի «Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակում ապրիլի 24–ին տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք` նվիրված Հայոց ցեղասպանության 99–ամյակին: hanrahavaq

«Ռուս-հայկական համագործակցության» կազմակերպած հանրահավաքը, ի տարբերություն նախորդ տարիների, ավելի բազմազգ բնույթի էր և համախմբել էր ավելի շատ մարդկանց ու կազմակերպությունների:

«Կրասնոպրեսնենսկայա զաստավա» հրապարակը զարդարված էր Ռուսաստանի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ցեղասպանությունը ճանաչած երկրների ու ռուսաստանյան կուսակցությունների դրոշներով: Ռուսահայության պահանջներին իրենց աջակցությունը հայտնելու էին եկել հունական, լեզգիական, քրդական ու ասորական համայնքները: Հանրահավաքին մասնակցում էին ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ, ռուսաստանյան խոշոր հասարակական կազմավորումների ներկայացուցիչներ, քաղաքագետներ:Jura

Բացելով հանրահավաքը, մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ընդգծեց հայերի ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը իբրև անհրաժեշտ պայման` այդ հանցագործությունը մարդկության կյանքից արմատախիլ անելու, ինչպես նաև հայ ժողովրդի անվտանգության ապահովման համար:

«Հենց Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ահռելի նշանակություն ունի ինչպես միջազգային իրավական իմաստով, այնպես էլ երկու երկրների ապագա հարաբերությունների համար: Ցեղասպանության փաստի ճանաչումը բխում է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ ողջ տարածաշրջանի ու աշխարհի շահերից», – նշեց հանրահավաքը վարողը: Որոշ շրջանակներ համարում են, որ հայերի ցեղասպանությունը պետք է դասել անցած իրադարձությունների շարքին, որով պետք է զբաղվեն պատմաբանները:

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավարի կարծիքով` Թուրքիայի պատասխանատվության հարցը ոչ այնքան պատմական, որքան արդիական ու ապագային ուղղված հարց է: Միայն ճանաչումը նոր, իրոք բարիդրացիական և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան հարաբերությունների կառուցման հնարավորություններ կբացի: Հաշվի առնելով, որ հայերի ցեղասպանությունը իրականացվել է տարածքային նվաճողական պանթյուրքիստական ծրագրի իրագործման համար, կարելի է պնդել, որ այդ հանցագործության չդատապարտումը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև այն պետությունների համար, որոնք եղել և մնում են պանթյուրքական տարածքային նվաճման թիրախը: Այդ վտանգի մասին են հիշեցնում բաժանված Կիպրոսը, Թուրքիայի պահվածքը սիրիական ճգնաժամում, մոտեցումը ղարաբաղյան հարցում և Հայաստանի շրջափակման թշնամական քայլը:

Հանրահավաքում հանդես եկավ ԼԴՊՌ-ի առաջնորդ, ՌԴ Պետական Դումայում ԼԴՊՌ-ի խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, ով հավաքվածներին հիշեցրեց, որ միայն Ռուսաստանի շնորհիվ Հարավային Կովկասի ժողովուրդները փրկվեցին ֆիզիկական բնաջնջումից, որ Թուրքիայում Հայերի ցեղասպանության անպատժելիությունը հանգեցրեց ուրիշ ժողովուրդների ողբերգությունների:

Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Արևելյան Ուկրաինայում, նույնպես միջազգային քաղաքականությունում անպատժելիության հետևանք է: Վլադիմիր Ժիրինովսկին հայերին կոչ արեց շարունակել պայքարը Ցեղասպանության ճանաչման համար, պահանջել Թուրքիայի զղջումը և միշտ Ռուսաստանի հետ լինել:

Հայկական բանակի ստեղծողներից մեկը` գեներալ-լեյտենանտ նորատ Տեր-Գրիգորյանցը իր ելույթում զուգահեռներ անցկացրեց 20–րդ դարի սկզբի Թուրքիայի պահվածքի և Սիրիայի Քեսաբ քաղաքի իրադարձությունների միջև, երբ գրոհայինները հարձակվեցին Թուրքիայի տարածքից: Այդ պետությունը ինչպես հարյուր տարի առաջ, ռազմական գործողությունների պատրվակի տակ նպատակ ունի ոչնչացնել Սիրիայի հայ բնակչությանը: Ելույթ ունեցող քաղաքագետների, մշակույթի գործիչների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքով, Մոսկվայի հանրահավաքը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնելու Թուրքիային, որ հայկական ցավը չի անցել, որ Ցեղասպանության ճանաչման հարցում հայերի ջանքերը թափ են հավաքում:

Էդուարդ Սախինով

aravot.am

Տպել Տպել