ՀՅԴ Հայ Դատի աշխատանքները Իրանում

Իսակ Յունանեսյանի հարցազրույցը aparaj.am-ին

իսիկ– Այսօր Իրանում ի՞նչ գործունեություն են ծավալում Հայ Դատի գրասենյակները:

– Իրանում գործում են ՀՅԴ Հայ Դատի երկու գրասենյակներ` Թեհրանում եւ Իսպահանում: Թեհրանի Հայ Դատի գրասենյակը կոչվում է ՀՈՒՍԿ (հայ ուսումնասիրաց հաստատություն): Մենք Իրանում չենք կարող ազատորեն քաղաքական աշխատանքներ տանել, դրա համար աշխատում ենք այս հաստատության անունով: Իրանը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանությամբ, այդ իսկ պատճառով մեզ համար բավականին դժվար է իրականացնել մեր աշխատանքները: Դժվարություններից մեկը նաեւ այն իրողությունն է, որ այսօր Իրանում ապրում են ավելի քան 20 մլն թրքախոս ազերիներ: Իրանում Հայ Դատի քարոզչական աշխատանքներ իրականացնելիս բնականաբար չի անտեսվում ղարաբաղյան հիմնահարցը: Երբ մենք ցեղասպանության եւ Թուրքիայի հետ խնդիրների մասին բարձրաձայնում ենք, Իրանի ազերիների կողմից անմիջապես բարձրացվում է ղարաբաղյան հարցը այլ կոնտեքստում՝ նշելով Խոջալուի դեպքերը, եւ հանրությանը աղավաղված ներկայացնելով իրականությունը: Բարեբախտաբար վերջին տարիներին Իրանի քաղաքական դաշտը մեզ համար մի քիչ բացվել է, քանի որ Իրանի հարաբերությունները լարված են թե Ադրբեջանի եւ թե Թուրքիայի հետ, եւ մենք կարողանում ենք ավելի ազատ աշխատանքներ տանել: Մեկ տարի է, որ «Ալիք» օրաթերթն արդեն տպում է պարսկերեն էջեր, որի միջոցով էլ կարողանում ենք մեր քարոզչությունն իրականացնել: Այդ էջերում անդրադառնում եւ ազատորեն արտահայտվում ենք Հայ Դատի, Ցեղասպանության, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Թեհրանի Հայ Դատի գրասենյակն աշխատում է տարբեր ուղղություններով. ունենք Հայ Դատի կայքէջ թե հայերեն, թե պարսկերեն լեզուներով, ֆեյսբուքյան էջ, որոնց միջոցով կարողանում ենք քարոզչություն տանել: Պարսկական լրատվամիջոցները հաճախ օգտվում են մեր լրատվությունից՝ արտատպելով դրանք:

-Վերջերս նկատվում է Իրան- Արեւմուտք մերձեցում: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Հայ Դատի աշխատանքների, Ղարաբաղյան հիմնահարցի վրա:

-Իրանի քաղաքականությունն անկանխատեսելի է, պահի հետ է կապված: Օրինակ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի Իրան այցելությունը, Իսպահանի հայկական եկեղեցի գնալը, Իսպահանի Հայոց Ցեղասպանության թանգարան այցելությունը, մեծ բողոքի ալիք բարձրացրեց Իրանի ազերիների կողմից, սակայն կարծում եմ՝ սա նշան է, որը ցույց է տալիս, որ Իրանը մեր կողքին է:

-Իրանում բավական երկար տարիներ ունենք կայացած համայնք, որ հաստատվել է այնտեղ ցեղասպանության արդյունքում եւ նախքան ցեղասպանությունը՝ պատմական այլ իրադարձություններից ելնելով, սակայն առ այսօր Իրանը չի ընդունել ցեղասպանությունը: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը:

-Բնականաբար, դրա պատճառներից մեկը ազերիների գործոնն է: Նույնիսկ երկրի ղեկավարն ազերի է, կառավարական կարեւոր պաշտոններ են զբաղեցնում ազերիները, սակայն չեմ կարծում, որ հիմնական պատճառը դա է. ավելի որոշիչ դեր է խաղում կրոնական հարցը: Նորից պիտի նշեմ, որ հարմար պահից է կախված Ցեղասպանության ընդունումը: Անցյալ տարի ապրիլի 24-ին ցեղասպանությանը նվիրված միջոցառում ենք կազմակերպել պարսիկ պատգամավորների եւ քաղաքական գործիչների համար, որտեղ Իրանի խորհրդարանի փոխնախագահը իր ելույթում երեք անգամ օգտագործեց Ցեղասպանություն բառը՝ նշելով, որ Թուրքիան իրագործել է Ցեղասպանություն հայերի նկատմամբ: Նոր նախագահի օգնականներից մեկը, որն զբաղվում է Իրանում փոքրամասնությունների հարցերով, վերջերս իր ելույթում նշել է, որ Թուրքիան այսօր Սիրիայում իրականացնում է նույն ցեղասպանությունը, ինչ 100 տարի առաջ իրագործել է հայերի դեմ:

-Նոր նախագահ ընտրվելուց հետո ի՞նչ է փոխվել մասնավորապես հայերի համար: Փոխվե՞լ է արդյոք վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ քաղաքական դաշտում:

– Նոր նախագահը կառավարությանն առընթեր ստեղծեց բաժին, որն ուղղակի զբաղվում է կրոնական, ազգային փոքրամասնությունների հարցերով: Դա նշանակում է, որ ինչ որ բան փոխվում է: Պարսկական մի քանի թերթերում շաբաթական մեկ էջ հատկացնում են հայերին, որտեղ խոսվում է հայերի պատմության, անցյալի մասին: Անմիջական շփում կա կառավարության եւ հայկական համայնքի միջեւ. այցելում են մեր սրահներ, մասնակցում են մեր միջոցառումներին, այսինքն՝ վերջին 8 ամիսների ընթացքում ակնհայտ են այս բարեփոխումները:

Հարցազյույցը՝ Արմինե ՆԱՐԻՆՅԱՆԻ

aparaj.am

Տպել Տպել