ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպել է Բակո Սահակյանին

Կարեւորվեց երկրի քաղաքական ուժերի պատասխանատվություն ստանձնելու հարցը

ղարաբաղՄայիսի 2-ին ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել հանդիպում ԼՂՀ նախագահի եւ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության միջեւ:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցություն ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքերով նման հանդիպումները կարեւոր են այն առումով, որ երկրի նախագահը պատկերացում է կազմում տարբեր հարցերի վերաբերյալ կուսակցությունների տեսակետների եւ մտահոգությունների մասին: Հանդիպումների պարբերականությունը առիթ կհանդիսանա արծարծվող հարցերն ու խնդիրները ոչ միայն քննարկելու, այլեւ դրանց լուծման եղանակներ առաջարկելու, եւ ստուգելու կատարված աշխատաքների արդյունավետությունը:

Արմեն Սարգսյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը բազում հանդիպումներ է ունենում տարբեր համայքներում (90-ից ավել), եւ մանրամասն է տիրապետում ժողովրդին մտահոգող խնդիրներին, որոնք էլ ներկայացվեցին նախագահին:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը առնչվող մի շարք կարեւորագույն հարցեր, կարեւորվեցին իշխանությունների կողմից տարվող աշխատանքները՝ մասնավորապես, վերաբնակեցման քաղաքականությունը, գյուղապետերի վերապատրաստման գործընթացը, արտաքին քաղաքականության մեջ իշխանությունների կողմից կատարված արմատական փոփոխությունը, որի արդյունքում իշխանությունները ձեռնմուխ եղան սկսելու ԼՂՀ ճանաչման գործընթացը, օգտագործելով ամբողջ սփյուռքի, հատկապես ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ներուժը,- ասաց Արմեն Սարգսյանը»:

Հանդպման ընթացքում քննարկվեցին կառավարման համակարգի, կադրերի ընտրության վերաբերյալ հարցեր, որտեղ կառավարման համակարգում խմբակցության կողմից շեշտվեց նոր մտածելակերպ ունեցող ուժերի ներգրավածության անհրաժեշտությունը:

Ինչպես նշեց «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը` անդրադարձ եղավ ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Խմբակցության կողմից կարեւորվեց 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաեւ խորհրդրանական համակարգին անցնելու հարցերը:

Մտքեր ծավալվեցին բուհական համակարգի կատարելագործման անհրաժեշտության շուրջ:

Երկուստեք հատուկ կարեւորություն տվեցին լրատվամիջոցներով եւ իշխանություն-ժողովուրդ ուղղակի շփումների արդյունքում ազգաբնակչությանը երկրում առկա խնդիրներին տեղյակ պահելու վերաբերյալ:

Միաժամանակ անկաշկանդ մթնոլորտում քննարկումների նյութ դարձան այնպիսի հարցեր, որոնք, ըստ էության, խոչընդոտ են հանդիսանում երկրի լիարյուն կենսագործնեությանը: Կայուն եւ դինամիկ զարգացող կառավարման համակարգ ունենալու համար կարեւորվեց երկրի քաղաքական ուժերի պատասխանատվություն ստանձնելու հարցը:

Նախագահի առաջարկով նմանատիպ հանդիպումներ կլինեն ամեն եռամսյակում:

aparaj.am

Տպել Տպել