ՀՅԴ մամլո պատասխանատուների խորհրդաժողովում


ՀՅԴ մամուլի և քարոզչության այլ միջոցների պատասխանատուների այսօր հրավիրված ասուլիսում ամփոփվեցին խորհրդաժողովի արդյունքները: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ քննարկվել են հայկական մամուլի համագործակցության ու մարտահրավերներին դիմագրավելու ուղիները: Խորհրդաժողովը համընկել է Սփյուռքի նախարարության Արցախում կազմակերպած լրատվամիջոցների խորհրդաժողովին, որտեղ ՀՅԴ լրատվամիջոցները հանդես են գալու համահայկական խնդիրների նկատմամբ միասնական վերաբերմունքով:

Լոս Անջելեսի «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանի համոզմամբ` ինչպես Դաշնակցության, այնպես էլ համահայկական խորհրդաժողովին իրենց մասնակցության հիմնական նպատակը համագործակցությունն է: Նա տեղեկացրեց, որ փորձելու են ձևավորել մամուլի հնարավորությունների հայկական քարտեզը, ընդգծելով, որ հայկական ԶԼՄ-ների համագործակցությամբ միայն հնարավոր կլինի «չեզոքացնել մեր նկատմամբ եղած ցանկացած հրապարակում, հակազդել թուրք-ադրբեջանական քարոզչամեքենային ու որևէ հակահայ հրապարակում անպատասխան չթողնել»:

Ըստ «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի, թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմն առնելու համար պետք է կազմակերպել համահայկական հակակշռող լրատվական գործողություններ: Նա առաջարկեց ձևավորել հայ մամուլի միասնական դաշտ` ընդդեմ թուրք-ադրբեջանական միացյալ քարոզչամեքենայի: Շահան Գանտահարյանը հույս հայտնեց, որ վերջապես կկայանա Հայաստան-Սփյուռք-Ղարաբաղ լրատվամիջոցների համագործակցությունը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը նկատեց, թե թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի համար ցանկացած հրապարակում` հրապարակում է հայության դեմ: Ըստ Սեյրանյանի, այդ քարոզչամեքենային հակազդելու համար հայկական լրատվամիջոցներն աչքի են ընկնում անկազմակերպությամբ, ինչը շտկելու նպատակ են դրել ՀՅԴ-ական լրատվամիջոցների խորհրդաժողովի մասնակիցները:

Տպել Տպել