Սոցինտերնի հանձնախումբը Բաքվի ժողովում


Բաքվում մեկնարկել է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցում է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Ժողովը բացվել է մասնակցությամբ Մոլդովայի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հունաստանի, Շվեդիայի, Ղազախստանի, Հունգարիայի ներկայացուցիչների եւ անմիջապես ընդմիջվել, քանի որ հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանի Ադրբեջան մուտքի արտոնագրի հետ կապված «խնդիրներ են ի հայտ եկել», որոնք լուծվելուց հետո ժողովը շարունակել է աշխատանքը: Ծագած խնդիրը Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը ներողամտորեն համարել է «տեխնիկական սխալ»:

Մինչեւ նիստի սկսվելը` մեծ թվով լրատվամիջոցներ ՀՅԴ պատվիրակությունից հիմնականում հետաքրքրվել են Ղարաբաղյան խնդրով եւ հայ-թուրքական հարաբերություններով: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Կիրո Մանոյանը հույս է հայտնել, որ մի օր երկխոսությունը կկայանա, բայց, մինչ այդ, Թուրքիան պարտավոր է հրաժարվել բոլոր նախապայմաններից: «Որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Երեւանի եւ Անկարայի միջեւ, Թուրքիան պետք է հրաժարվի նախապայմաններից: Հակառակ դեպքում` հնարավոր չէ որեւէ տեսակի հարաբերություններ երկու երկրների միջեւ»,- ասել է Կիրո Մանոյանը:

Այսօրվա նիստի հիմնական օրակարգը նվիրված է եղել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հարցերին: Չնայած նրան, որ նիստի հիմնական թեման եղել է Արցախը, բայց հնչել են նաեւ ելույթներ Հարավային Օսիայի վերաբերյալ:

Բոլոր ելույթ ունեցողները շեշտել են այս եւ Երեւանում կայացած ժողովների կարեւորությունը, որտեղ հայերն ու ադրբեջանցիները երկխոսության հնարավորություն ունեցան: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից Ադրբեջանի ներկայացուցուչի դժգոհությանն ի պատասխան` Կիրո Մանոյանը նշել է, որ Ադրբեջանը գոհ չէ համանախագահների առաջարկներից, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու համար: Կիրո Մանոյանը շեշտել է նաեւ, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ինչին Ադրբեջանի ներկայացուցիչը նյարդային է արձագանքել:

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուի Այալան ողջունել է կողմերի միջև բուռն քննարկման փաստը եւ ամփոփելով նիստի արդյունքները` կարեւորել է հանձնախմբի ժողովների կարեւորությունը եւ հույս հայտնել, որ չնայած տարակարծություններին եւ իրարից հեռու դիրքորոշումներին` հայերն ու ադրբեջանցիները կարող են համաձայնության գալ, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապանդմանը:

Ակնկալվում էր, որ Սոցինտերնի հանձնախմբի Բաքվի ժողովին կմասնակցեն նաեւ Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն, ինչպես երեւանյան նիստին, այնպես էլ Բաքվի` նրանք չժամանեցին:

Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները արդեն իրենց ոճին հատուկ, աղավաղել Կիրո Մանոյանի խոսքը, մասնավորպես նշելով, թե իբր Կիրո Մանոյանը Ղարաբաղյան հակամարտությունը բնորոշել է իբրեւ Ադրբեջան-Հայաստան հակամարտություն, այնինչ Կիրո Մանոյանը իր բոլոր հարցազրույցներում բառացիորեն այն անվանել է Ղարաբաղա-ադրբեջանական:

Տպել Տպել