Հարցազրույց Հայաստանի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ
-ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուորլիքն իր հայտնի ելույթում շեշտել էր, թե չի խոսում համանախագահների անունից, եւ որ իր ուղերձը ներկայացնում է միայն ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Հետեւաբար հույս կար, թե Ադրբեջանի հանդեպ ռեվերանս հիշեցնող Ուորլիքի դրույթները չեն արժանանա մյուս երկուսի համաձայնությանը: Մինչդեռ երեկ համանախագահների տարածած հայտարարությունը հակառակն ապացուցեց: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Նախ, երբ ԱՄՆ համանախագահը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին դրույթները, բնականաբար սպասվում էր, որ մյուս երկու համանախագահները եւս կանդրադառնան խնդրին:
Մյուս կողմից՝ պետք չէր հույսեր փայփայել, թե հիմնախնդրի շուրջ տարակարծություններ կան համանախագահողների միջեւ, ու ակնկալել, որ մյուս երկուսի մոտեցումները կարող են տարբերվել: Ամենեւին` ոչ. թե՛ Ուորլիքի դրույթները, թե՛ համանախագահների համատեղ հայտարարությունը նույն տրամաբանության շարունակություն են, եւ համատեղ հայտարարությամբ դարձյալ ընդգծեցին, որ միեւնույն ընթացքի մեջ են ու նույն կերպ են դիտարկում խնդիրները:
-Անդրադառնանք համանախագահների հայտարարության բովանդակությանը. ի դեպ, նշվում է, թե այն նվիրված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի համաձայնագրի 20-ամյակին, այսինքն՝ սրանով նախ փորձ է արվում ընդգծել հրադադարի կարեւորությունը:
-Եվ դա լավ է, որ երեքն էլ արժեւորում են հրադադարը: Բայց, ցավոք, այդ արժեւորումն արեցին խիստ թերի: Նախ՝ նշենք, որ շնորհիվ հրադադարի՝ այսօր, լավ թե վատ, պահպանվում է փխրուն ու հաճախ խախտվող խաղաղությունը, ըստ էության, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է:
Համանախագահները նշում են` հրադադարի մասին համաձայնագիրը լուրջ հիմք դրեց բանակցությունների համար: Ահա, հե՛նց այստեղ էլ թաքնված է շան գլուխը, իսկապես հրադադարը տալիս էր այդ հնարավորությունը` լուրջ բանակցություններ սկսելու: Մի կարեւոր փաստ պետք է արձանագրել. Ադրբեջանի կապիտուլյացիայի համաձայնագիրը ստորագրելու փոխարեն մենք մեծ զիջման գնացինք՝ ստորագրելով հրադադարի համաձայնագիր: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հաղթողը` հայկական կողմը, ուներ կապիտուլյացիայի պահանջ ներկայացնելու իրավունք: Սա իրողություն է, որի մասին պետք է հաճախ բարձրաձայնել, սրանով իսկ լիարժեք գնահատել 1994-ի հրադադարի խորքն ու բովանդակությունը:
Սակայն հետագայում գործընթացներն այդ տրամաբանությամբ չզարգացան, ու նսեմացավ հրադադարի նշանակությունը, այն այլեւս չդարձավ բանակցությունների հիմք: Այս առումով հանաձայն եմ համանախագահների հետ, որ հրադադարի համաձայնագիրը չլուծեց հակամարտությունը:
Իսկ հիմա բացատրեմ, թե ինչու չլուծեց: Կա երկու կարեւոր պատճառ, որոնք այսօր եւս նպաստում են, որ բանակցությունները շարունակ տեղապտույտ ապրեն: Առաջինն այն է, որ հակամարտության կողմը, որը նաեւ հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ է, այսօր չի հանդիսանում բանակցային կողմ. խոսքս ԼՂՀ-ի մասին է: Ու չգիտես ինչու համանախագահները սրա մասին լռում են, չեն ուզում նշել այն փաստը, որ հրադադարի համաձայնագիրը շեղվեց իր տրամաբանությունից այն պահին, երբ ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցություններից:
Եվ քանի դեռ գոյություն չունի եռակողմ բանակցություն` ավելորդ է խոսել լիարժեք բանակցությունների մասին: Այդպիսին չկա՛, պարզապես հանդիպումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում նախապատրաստվում են ինչ-ինչ փաստաթղթեր, մինչդեռ դրանք չեն կարող իրավական ուժ ունենալ առանց ԼՂՀ մասնակցության:
Երկրորդ՝ հակամարտությունը չի լուծվի, քանի դեռ շրջանցվում է մյուս գլխավորը` ԼՂՀ կարգավիճակի ու անվտանգության հարցերը: Ի վերջո, սրա պատճառով հակամարտությունը մտավ էսկալացիայի փուլ: Հիշենք՝ Ղարաբաղյան շարժումը սկսվեց խաղաղ, սակայն այն վերաճեց պատերազմի, որովհետեւ հակառակորդը` Ադրբեջանը, խուսափում էր ԼՂՀ կարգավիճակի լուծումից ու ամեն ինչ արեց չլուծելու համար, ինչն էլ պատճառ դարձավ, որ հակամարտությունը վերաճի արյունալի պատերազմի: Եվ դրա ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:
Ուրեմն քանի դեռ ԼՂՀ-ն հանդես չի գալիս որպես բանակցող կողմ, քանի դեռ նրա կարգավիճակի ու անվտանգության հարցերը չեն դիտվում որպես առաջնային լուծում պահանջող սկզբունքներ, քանի դեռ շարունակվում է աղավաղված մնալ հակամարտության էությունը, ամեն պահի կարող է վերսկսվել արյունալի պատերազմը: Այս իմաստով առավել քան հիասթափեցնող է համանախագահողների հայտարարությունը, որում նշածս սկզբունքներն ամենեւին չեն կարեւորվում:
-Փոխարենը, հերթական լղոզված ձեւակերպումն է տեղ գտել, ուր հավասարաչափ մեղադրվում են երկու կողմերը` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում «քիչ պատրաստակամություն» ցուցաբերելու համար:
-Ամեն ինչ թողնել հակամարտող կողմերի վրա, դա միջնորդության ամենահեշտ ձեւն է, բայց չէ՞ որ միջնորդները պետք է կարողանան տեսնել հակամարտության ծավալման պատճառները, պատերազմի վերսկսման վտանգները եւ հանդես գան այնպիսի առաջարկներով, որոնք միտված կլինեն հարցերի լուծմանը եւ ոչ թե կանեն առաջարկներ, որոնք խնդիրները թողնելով չլուծված՝ կպահպանեն վտանգը:
Իսկ պատրաստակամության, քաղաքական կամքի մասին խոսելիս համանախագահները պարտավոր են ընդգծել, որ Հայաստանն այս ամբողջ գործընթացում եղել է միակ կառուցողական կողմը:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք հետեւյալը. փաստելով, որ հրադադարի համաձայնագիրը չլուծեց ԼՂ հակամարտությունը, համանախագահները ընդգծում են` «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ, եւ համաձայնագիրը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծումը»:
-Նման մոտեցումը եւս իր պատճառներն ունի. սկզբում միջնորդներն առաջնորդվում էին «տարածքներ խաղաղության դիմաց» տրամաբանությամբ, բայց պարզ դարձավ, որ դա բացարձակապես անիրատեսական է, որովհետեւ խաղաղությունը բոլորինն է, ոչ ոք խաղաղության հաստատման դիմաց միակողմանի զիջման չի դիմի: Այս սխալ մոտեցումը, սակայն, հանգեցրեց նրան, որ Ադրբեջանին թվաց, թե ինքը մեծ պարգեւ է մատուցում Հայաստանին ու միջազգային հանրությանը` պատերազմ չսկսելով:
Համանախագահները շտապեցին կիրառության մեջ դնել մյուսը` «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը: Եվ այժմ համանախագահները խոսում են հե՛նց այդ սկզբունքի մասին, բայց դարձյալ կա անորոշություն, չի ամրագրվում, որ «տարածքներ կարգավիճակի դիմաց»-ը պետք է լիովին համահունչ լինի միջազգային կարգավիճակին: Այսինքն՝ դա չի կարող նշանակել՝ սկզբից տվեք տարածքները, հետո կխոսենք կարգավիճակի մասին:
Ճիշտ հակառակը պետք է լինի` սկզբից կարգավիճակը պետք է որոշվի: Ինչպե՞ս կարող ենք մեր հույսը դնել Ադրբեջանի բարի կամքի դրսեւորման վրա ու տարածքները զիջել նրան, դա անլուրջ, անիրատեսական է: Համոզվել ենք, չէ՞, երբ առիթ են ունեցել, ցեղասպանություն են իրականացրել: Վկան՝ Սումգայիթը, որտեղից սկսեց հոսել արյունը, եւ հակամարտությունը տեղափոխվեց պատերազմի փուլ:
-Փոխարենը, լիովին մոռացվել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ օկուպացված տարածքների մասին:
-Անշուշտ` Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը եւ այլն, ԼՂՀ-ի տարածքների 25%-ից ավելին այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, իսկ իրենք խոսում են ինչ-որ 20% օկուպացիայի մասին:
Այսպիսով, արձանագրենք, որ «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը ոչ միայն լիովին չի իրականացվել, այլեւ ամբողջությամբ ձեւախեղվել է, օգտագործվել միակողմանիորեն` հօգուտ Ադրբեջանի, նրան հնարավորություն տալով անվերջ պնդելու, թե` մեր ուզածը տվեք, հետո կխոսենք կարգավիճակից:
-Տպավորությունն այնպիսին է, որ համանախագահների հայտարարության մեջ անտեսված է ինքնորոշման իրավունքի կարեւորագույն սկզբունքը, եւ հիմնականում այն խարսխված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:
-Եվ սա շատ մտահոգիչ է, նրանք ինքնորոշման իրավունքի մասին խոսում են դեկլարատիվ, բայց դրա իրացման վերաբերյալ ոչ մի խոսք չկա: Ավելին՝ համանախագահների բոլոր հայտարարություններում, երբ խոսվում է «գրավյալ տարածքների» մասին, ենթատեքստում միայն Ադրբեջանի պահանջների բավարարումն է, ինչն ամենեւին չի բխում հակամարտության էությունից:
Նշված է, թե կա «մոլորությունը, որ ստատուս քվոն կարող է պահպանվել անորոշ ժամանակով», սրանով փաստորեն շեշտում են ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիությունը: Բայց եթե այդպես է, այդ դեպքում նաեւ պետք է խոսել պատերազմից առաջ եղած ստատուս քվոյի վերադարձի անհնարինության մասին, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե կարելի է վերադառնալ ԽՍՀՄ օրոք եղած ստատուս քվոյին:
Միջնորդներն իրենց նման մոտեցմամբ փորձում են թացն ու չորը իրար խառնել ու գործընթացը շեղել դեպի ադրբեջանական պահանջների բավարարման դաշտ: Կարծում եմ, որ այստեղ մենք եւս ունենք մեղքի մեր բաժինը, քանի որ շատ ենք շտապում հայտարարելու, թե հիմք ենք ընդունում Մադրիդյան սկզբունքները, որոնք անհարիր են Ղարաբաղյան շարժման մեր տրամաբանությանը: Դա խիստ վտանգավոր է. ի՞նչ ենք անելու, եթե Ադրբեջանը մի օր ընդունի դրանք:
ԼՂՀ-ում երկու հանրաքվե է անցկացվել` 1991-ի Անկախության հանրաքվեն եւ 15 տարի անց` 2006-ին, ԼՂՀ սահմանադրության հանրաքվեն, որը վերստին արծարծեց ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության հարցը: Հայաստանի ու Ղարաբաղի ցանկացած իշխանություն պարտավոր է սրանցով առաջնորդվել: Մինչդեռ Մադրիդյան սկզբունքները այս երկու հանրաքվեների տրամաբանությունից չեն բխում: Այստեղ մի կողմը` Ադրբեջանը, ունի պահանջներ ներկայացնելու առավելություն, մյուսները` ոչ: Դրա համար էլ ՀՅԴ-ն հայտարարել է, որ դեմ է Մադրիդյան սկզբունքներին:
-Ադրբեջանում ձերբակալում են քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին հայերի հետ շփումներ ունենալու համար, ադրբեջանցի ոստիկանը հայտարարում է թե իրավունք ունի բռնություն կիրառել հայ կնոջ նկատմամբ, մինչդեռ նույն ընթացքում համանախագահները երկու կողմերին հավասարաչափ կոչ են անում միջմարդկային ակտիվ շփումներ իրականացնել: Որքա՞ն կարելի է այսչափ անտեղյակ ձեւանալ:
-Ադրբեջանն ուզում էր մի օրենք ընդունել, որով հայկական կողմի հետ ցանկացած հարաբերություն կհամարվեր քրեորեն հետապնդելի, եւ միայն Եվրախորհրդի միջամտությամբ դրա ընդունումը կանխվեց:
Ինչ վերաբերում է համանախագահներին, այնպիսի կեցվածք են ընդունել, կարծես այդ մասին բոլորովին անտեղյակ են: Հենց սա է երկակի չափանիշ ասվածը:
Մինչդեռ արդար կլիներ, եթե նրանք ասեին, թե որ կողմը ինչ խնդիր չի լուծել, ով, ինչ հարցում է մեղավոր: Եթե որպես միջնորդ ուզում էին 20 տարվա իրավիճակն ամփոփել, ուրեմն պարտավոր էին իրերն իրենց անուններով կոչել: Ինչպե՞ս կարելի է մի կողմ թողնել հակամարտության տրամաբանությունը, պատմությունը եւ խորհուրդ-խրատներ կարդալ. նման մոտեցումը չի ծառայի իր նպատակին:
Դեռ 2012-ին ՀՅԴ-ն հանդես եկավ «Ղարաբաղյան հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությամբ։ Սա հենց իրերն իրենց անունով կոչելուն միտված առաջին փորձն էր:
-Կարծիքներ են հնչում, թե Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ՌԴ սրված հարաբերությունները մեծ տերությունները կփորձեն «մեղմել» ի հաշիվ Ղարաբաղի։ Այդ իմաստով իրատեսակա՞ն են մտահոգությունները, թե պատերազմի վտանգը երբեք այսքան մոտ չի եղել:
-Պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր միջնորդ պետություն ունի իր աշխարհաքաղաքական շահերը, այսօր էլ ականատեսն ենք, թե աշխարհի տարբեր տեղերում, այդ թվում եւ Ուկրաինայում, ինչպես են բախվում գերտերությունների շահերը: Ցավալի կլինի, եթե ինչ-որ լուծում փորձ արվի իրացնել ի հաշիվ Ղարաբաղի:
Իսկ պատերազմի վերսկսումը միշտ էլ հնարավոր է, քանի դեռ հարցի կարգավորումը լիարժեք ավարտված չէ, պատերազմը կարող է կանխվել միայն մեր ներքին ամրությամբ, մեր պետության հզորությամբ: Մեր անվտանգության երաշխավորը նաեւ ստեղծված այն անվտանգության գոտին է, որին համանախագահները «գրավյալ տարածքներ» են անվանում: Եթե ուզում են մեզ ավելի ամուր ու կայուն անվտանգություն տալ, ուրեմն պարտավոր են եղածից ավելի լավ հնարավորություններ առաջարկել, մինչդեռ նրանց առաջարկները մեզ համար շատ ավելի վատ են, հետեւաբար՝ մեր կողմից ամբողջությամբ մերժելի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
armworld.am
13-14/05/2014







