Ո՞վ ում թիկունքում է փորձում սեպարատ գործարքներ կնքել

Աղվան1Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեր խնդրանքով անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի երեկվա այն հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանը ժողովրդի թիկունքում քառյակի ուժերի հետ գործարքներ է կնքում:

Վարդանյանի կարծիքով` դա Զուրաբյանի տեսակետն է ընդամենը:

«Պարոն Զուրաբյանն ասում է, որ իրենք երբեք սեպարատ համաձայնությունների չեն գնա` թերեւս ակնարկելով Ձեր ասած հարցը, եւ դա իր իրավունքն է, իր մեկնաբանությունն է: Բայց մենք երբեք թաքուն, սեպարատ, ժողովրդի թիկունքում որեւէ քայլ չենք արել եւ չենք անի»,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերում է կուտակայինի հարցին, ապա Վարդանյանը խորհուրդ տվեց նայել ժամանակագրությունը` սկսած դեռ 2005 թվականից:

«2010 թվականին, երբ որ Ազգային ժողովում քննարկվել է կուտակային բաղադրիչը, Դաշնակցությունը եղել է միակ քաղաքական ուժը, որը հիմնավորապես դեմ է եղել, արտահայտել է այդ դիրքորոշումը, դեմ է քվեարկել եւ տարիներ շարունակ եղել է նույն գծի վրա: Թե մյուս ուժերն ինչպիսին են եղել, դա եւս դուք կարող եք նայել եւ իմանալ, թե ոնց է եղել իրենց վերաբերմունքը, որքանով է դա եղել իրենց համար կարեւոր սոցիալական հիմնարար հարց»,- ասաց Աղվան Վարդանյանն ու ընդգծեց, որ իրենք ինչ անում են, անում են համոզումով, եւ այս պարագայում կարծում է, որ որեւէ սեպարատ համաձայնության մասին խոսք լինել չի կարող:

Ըստ նրա` իրենք այս պահին արձանագրում են, որ կառավարության այս նախագիծը կես քայլ առաջ էր, կլինի նահանջ՝ կարձանագրեն նաեւ այդ նահանջը:

Հարցին, թե նմանատիպ հայտարարություններն ու քառյակում այսպիսի իրարամերժ դիրքորոշումներն արդյոք չե՞ն պառակտում քառյակը կամ ազդում նրա վարկանիշի վրա, ՀՅԴ խմբակցության պատգամավորն ասաց, որ ինքը բազմիցս է ասել, որ քառյակը դաշինք կամ կուսակցություն չէ, այլ տարբեր ուժեր են` տարբեր կենսագրությամբ ու մոտեցումներով, եւ այն հարցը, որի շուրջ իրենք քառյակով քննարկում են եւ բոլորով ձեւավորում են միեւնույն տեսակետը, այդ հարցի շուրջ քառյակով անում են միասնական քայլեր, իսկ այն հարցերը, որոնցում քառյակը չի կարողացել միասնական դիրքորոշում ձեւավորել, յուրաքանչյուրն ազատ է իր տեսակետների մեջ:

Մեր այն դիտարկմանը, թե կուտակայինը հենց քառյակի միասնական խնդիրն է, որի շուրջ, փաստորեն, այսօրվա քվեարկությունը ցույց տվեց, որ միասնական դիրքորոշում չկա, Ա. Վարդանյանն ասաց. «Քառյակը քննարկել, որոշել է իր առաջարկներն ու ասել, որ մենք ունենք այս փաստաթուղթը, կախված կառավարության արձագանքից` մենք մեր մոտեցումները կշարադրենք: Ամեն դեպքում, քարի վրա գրված պայմանավորվածություններ չեն եղել»:

Այս հարցով պատգամավորը հավելեց նաեւ, որ երեկվա քննարկումից առաջ քառյակով ընդհանուր քննարկում չի եղել, որ որոշեին միասնական դիրքորոշում հայտնել, ամեն խմբակցություն առանձին է իր ներսում քննարկել խնդիրը, այդ է պատճառը, որ կարծիքներն ու քվարկությունները տարբեր եղան:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

hraparak.am

Տպել Տպել