Արցախը կառուցել համընդհանուր ջանքերով. մեկնարկել է Ազգային վիճակախաղի երկրորդ խաղարկությունը

arturԱրցախի զարգացմանն ու վերաբնակեցմանն ուղղված ազգային վիճակախաղի մեկնարկը Ստեփանակերտում տրվել է մայիսի 9-ին: Մինչեւ դեկտեմբերի 28-ը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կարող են աջակցել Արցախի զարգացմանը՝ գնելով ազգային վիճակախաղի թեկուզ մեկ տոմս եւ երկու հազարական դրամով նպաստելով վերաբնակեցման ծրագրի իրականացմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշում է, որ այս տարի շրջանառության մեջ է դրվել վիճակախաղի 300 հազար տոմս: Քանակը սկզբնական է եւ Արցախում հույս ունեն մինչեւ տարեվերջ շրջանառության մեջ դնել եւս 100 հազար տոմս:

Թեպետ նոր վիճակախաղի մեկնարկից անցել է ընդամենը հինգ օր, սակայն հետաքրքրությունը նախաձեռնության հանդեպ հսկայական է, հավատը՝ նույնպես: Ապացույցը վաճառված տոմսերի քանակն է. հինգ օրում վաճառվել է 20 հազար տոմս: «Մեզ հաջողվել է արդարացնել այն բոլոր մարդկանց հույսերը, ովքեր, ձեռք բերելով վիճակախաղի տոմս, հավատում են, որ նպաստում եւ կոլեկտիվ պատասխանատվություն են ստանձնում Արցախում թե՛ աշխատատեղերի ստեղծմանը, թե՛ վերաբնակեցմանը»,- ասում է Արթուր Աղաբեկյանը:

Այս տարվա նորամուծություններից մեկն էլ sms նվիրատվությունն է: Արցախում հաշվարկել են, որ բնակարան կառուցելու համար մեկ քարն արժե երեք հարյուր դրամ: Հետեւաբար, բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան քար քարի վրա դնել ու Արցախում տուն կատուցել կարող են նաեւ հաղորդագրություն ուղարկել եւ երեք հարյուր դրամով աջակցել վերաբնակեցման ծրագրին:

Վերաբնակեցման ծրագրին զուգահեռ, ազգային վիճակախաղը նպաստում է նաեւ աշխատատեղերի շատացմանն ու գորգագործության զարգացմանը: Եթե ծրագրի մեկնարկին ընդամենը տասնչորս գորգագործներ էին ներգրավված աշխատանքներում, ապա այսօր ազգային վիճակախաղի ծրագրում ներգրավված գորգագործների թիվը 146-ն է: Դա նշանակում է 146 աշխատատեղ եւ նույնքան եկամուտ: Եղած թվով Արցախում չեն բավարարվում եւ հավաստիացնում են, որ այս տարի գորգագործերի թիվը պետք է անցնի 200-ը: ԼՂՀ կառավարությունն Արցախի 12 համայնքների ղեկավարներից ստացել է նամակներ, որտեղ համայնքի ղեկավարները ցանկություն են հայտնում, որ իրենց գյուղերում գորագործական արտադրամասեր բացվեն: Յուրաքանչյուր համայնքից 50 կին է հավաքագրվել աշխատանքների համար: Մոտ ապագայում շուրջ 10 համայնքներում կկազմակերպվեն դասընթացներ, որից հետո բնակիչները կապահովվեն աշխատանքով: Ազգային վիճակախաղի շնորհիվ Արցախյան գորգերի երբեմնի անունն էլ է բարձրացել եւ այսօր ղարաբաղյան կարպետը դարձել է շատ պահանջված: Տարբեր երկրներից վերավաճառողները կամ կոլեկցիոներները դիմում են «Ղարաբաղ-կարպետ»-ին՝ արցախյան զարդանախշերով գորգեր գործելու համար:

Ազգային վիճակախաղի առաջին խաղարկությունը մեկնարկել է 2013թ.: Դեկտեմբերի 28-ին կայացած վիճակահանության արդյունքներով պարզ դարձավ, որ շրջանառության մեջ դրված 300 հազար վիճակախաղի տոմսից իրացվել է 260 հազար 505-ը: 345 հոգի շահեց Արցախյան գորգ: Արցախի ազգային վիճակախաղից ստացված 240 միլիոն դրամը հատկացվել է Իշխանաձոր համայնքի վերածնունդին եւ հայրենադարձության գաղափարի կյանքի կոչմանը: Այժմ Իշխանաձորում ընթանում են շինարարական աշխատանքներ եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը պետք է ավարտին հասցնեն համայնքի 37 առանձնատան կառուցումը:

Արթուր Աղաբեկյանի խոսքերով` Իշխանաձոր համայնքն ունի բոլոր ռեսուրսները բնակիչ ընդունելու եւ ապահովելու նրանց բարեկեցությունը: «Իշխանաձոր համայնքում այսօր 240 բնակիչ կա, գործում է գյուղապետարան եւ դպրոց: Գյուղն ապահովված է խմելու ջրով եւ ունի հսկայական տարածքներ բնակարանաշինության համար: Մեր առաջնային նպատակն Իշխանաձոր համայնքում բնակիչների թիվը 1000-ի հասցնելն է»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ Իշխանաձորի վերաբնակեցումը սերտ կապված է մեկ այլ` Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի հետ: Փոխվարչապետի գնահատմամբ` իրենց առջեւ հավակնոտ եւ պատասխանատու նպատակ են դրել, սակայն վստահ են, որ արդյունքը դրական է լինելու: «Արաքսի ափի վերաբնակեցման ծրագրի իրագործումը նոր աշխատատեղեր կբացի: Կառավարությունը նպատակ է դրել 10 հազար հա հող պատրաստել հողագործության համար: Մեկ հա-ի համար ներդրված գումարը 400,000 դրամ է: Լավ ենք հասկանում, որ այսօր հողօգտագործողն ի վիճակի չէ իր գրպանից այդ գումարը ներդնել եւ էռոզիայի ենթարկված հողը վերամշակել ու հողագործությամբ զբաղվել: Հետեւաբար, պետական ռեսուրսները ներդրվում են ակնկալիքով, որ հողօգտագործողը մեկ հա-ից կստանա մի քանի միլիոն շահույթ եւ հնարավորություն կունենա 10 տարվա ընթացքում վճարելու պետական ներդրումն ու դառնալու հողի սեփականատեր»,- ասաց Արթուր Աղաբեկյանը` հավելելով, որ 2013-ին շահագործման է հանձնվել 400 հա հողատարածք: Այս տարի հողօգտագործողներին կտրամադրվի եւս 1000 հա հողատարածք: Տարածքի վերաբնակեցման նպատակով արդեն կառուցվել է 48 կմ ջրատար եւ արտեզյան հինգ ջրհորներ:

«Հայրենադարձը պետք է վաստակի այնքան, որ կարողանա արժանապատիվ ապրել: Մենք` բոլորս պատասխանատու ենք այդ այդ ծրագրի իրականացման համար: Պետական բյուջեն սահմանափակ է եւ վերաբնակեցման համար տարեկան 120-130 միլիոն դրամ է նախատեսում: 2014-ին այդ գումարը 380 միլիոն դրամ է եւ, լավագույն դեպքում, տարեկան այդ գումարը գուցե ավելանա եւս 100 միլիոն դրամով: Արդյո՞ք դա այն գումարն է, որ մենք կարողանանք այդ կարեւոր ռազմավարական խնդիրը լուծել: Ո’չ: Հայրենիքը կոնկրետ են սիրում եւ միայն զգացականի վրա հնարավոր չէ երկիր կառուցել. երկիր պետք է կառուցել փաստացի: Սա կարող ենք անել միասին, համընդհանուր ջանքերով եւ միասնական մտածելակերպով»,- ասաց փոխվարչապետը` հավելելով, որ Արցախում բնակվել ցանկացողները միշտ ավելի շատ են, քան թույլ է տալիս հնարավորությունը:

Հասմիկ Հարությունյան
armenpress.am

Տպել Տպել