Միջին Արևելքի վերաբերյալ մի շարք հարցեր քննարկելու նպատակով Թուրքիա այցելած Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակության անդամ Ադամ Շիֆը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլահ Գյուլի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներում քննարկման թեմա է դարձրել Հայոց ցեղասպանության, Քեսաբի հայության տեղահանության և հայությանը հուզող այլ հարցեր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը:
Շիֆը Էրդողանի հետ իր առնաձնազրույցի ժամանակ անտրամաբանական է համարել Թուրքիայի վարչապետի այն պնդումը, թե Հայոց ցեղասպանությունը տեղի չի ունեցել, քանի որ Թուրքիայի տարածքում հայեր են ապրում: Նա շեշտել է, որ այդ պնդումը նման է այն անհիմն մտքին, թե, քանի որ որոշ հրեաներ վերապրել են Հրեական Հոլոքոստը, ուրեմն հրեաների Հոլոքոստ տեղի չի ունեցել: Շիֆը նաև հարցականի տակ է առել Էրդողանի այն պնդումը, թե 1915-1923-ի իրադարձությունների շուրջ կարելի է ազատ քննարկումներ անցկացնել Թուրքիայում, մինչ Հայոց ցեղասպանությունը հաստատող մտավորականները, պատմաբանները և լրագրողները շարունակ հալածանքի են ենթարկվում և պաշտոնանկ արվում Թուրքիայում:
Գյուլի հետ իր հանդիպման ընթացքում Շիֆը շեշտել է, որ իր ընտրատարածքի շրջանում ապրող 80 հազար հայերից յուրաքանչյուրը հայկական ցեղասպանությունից ինչ-որ ձևով տուժել է: «Նրանցից յուրաքանչյուրը ծնող, տատիկ կամ պապիկ, զարմիկ, եղբայր, քույր կամ նույնիսկ ամբողջ ընտանիք է կորցրել: Նրանց ցավն իրական է, ու վերքը լիովին բաց է: Ցեղասպանությունը պատմության մի հուշ չէ: Երբ Դուք կամ վարչապետ էրդողանը հայտնում եք, որ հայերի նման թուրքերն էլ վնասներ են կրել, ապա դա համազոր է այն խոսքին, թե երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացիներն էլ են տուժել: Ճիշտ է, որ մեծ թվով գերմանացիներ էլ սպանվեցին, բայց այդ իրողությունը ոչ մի կերպ չի նվաստացնում կամ Հոլոքոստը ուրանալու պատճառ չի հանդիսանում: Նույն տրամաբանությամբ էլ չի կարելի ուրանալ Հայոց ցեղասպանությունը, պարզապես որովհետև մեծ թվով թուրքեր էլ են մահացել: Ասում եք, որ պատմական հանձնաժողով պետք է ստեղծել Ցեղասպանության դեպքերը հաստատելու համար, սակայն նման առաջարկը համազոր է, թե ասվի, որ հանձնաժողով պետք է ձևավորվի Հոլոքսոտի պատմական իրականությունը հաստատելու համար»,-Գյուլին ասել է Ադամ Շիֆը:
Նա նաև խոսել է Քեսաբի հայության տեղահանության հետևանքով ստեղծած իրավիճակի մասին, ինչպես նաև փոքրաթիվ քեսաբահայության` Թուրքիա տեղափոխման մասին` միաժամանակ կոչ անելով Անկարայի իշխանություններին Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները տարանջատել Հայաստանի դեմ իրենց պարտադրած շրջափակումից, որպեսզի կարելի լինի առնվազն Թուրքիա-Հայաստան առևտրային հարաբերությունները բնականոն ընթացք վերադարձնել:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Asbarez-ի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Շիֆին, ով Հայոց ցեղասպանության հարցը ուղղակի քննարկման առարկա է դարձրել Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ` պահանջելով արդարության և իրականության բացահայտում:
armenpress.am







