Ներկայացվել է «Ազդակ»-ի բացառիկ համարը

Լույս է տեսել Բեյրութի «Ազդակ» օրաթերթի բացառիկ հատորը, որ ամբողջությամբ նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը և 100-ամյակին ընդառաջ ծրագրվող ձեռնարկներին: Պարբերականի երկու բացառիկներից մեկն ապրիլի 24-ին է նվիրված, մյուսը՝ ամփոփում է տարին:
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պարբերականն ամեն օր հրատարակվում է, ունի 10 էջ: Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ Ցեղասպանության թեմային նվիրված աշխատանքները պետք է ուղղվեն հանրային կարծիքի ձևավորմանը:
«Քաղաքական, պատմական, իրավական շեշտադրումները պետք է հստակ լինեն 100-ամյակին ընդառաջ: Անկարան քարոզչական գործողություններ է անելու, որին պետք է պատրաստ լինի հայ մամուլը: Անպայման պետք է նկատի ունենալ թուրքական գործոնի ակտիվացումն ամբողջ տարածաշրջանում: Թուրքիան ժխտողական քաղաքականություն կիրառելու լուրջ արգելքների առաջ է Լիբանանում»,- հայտարարեց Շահան Գանտահարյանը:
Օրաթերթի գլխավոր խմբագրի հավաստմամբ շեշտադրումը պետք է լինի հատուցման և դրա իրավական ծրագրի մշակման վրա:
report.am







