Ինչու ՀՅԴ-ն կողմ չքվեարկեց կառավարության ծրագրին

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած ծրագիրը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ քննարկումների գլխավոր թերությունն այն է, որ ոչ ոք, մասնավորապես` քաղաքական մեծամասնությանը, չի ուզում անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ փոխվեց կառավարությունը:

արմենռոս«Եթե լավն էր` թող մնար նախկին կառավարությունը, բայց եթե փոխվել է, որ առաջընթաց ապահովի… Առաջընթացի օրենքը շատ հստակ է` եթե ուզում ես առաջընթաց, պետք է շարժվես բացասման բացասումի սկզբունքով, որը նշանակում է, որ հստակ պետք է ասենք, թե որոնք են սխալ կողմերը, և որոնք են դրական կողմերը, բացասականի դեմ ինչ պայքար պետք է տարվի, որ դրականը պահպանենք ու զարգացնենք»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նման քննարկում չեղավ, ինչը ամենամեծ թերությունն է:

Ընդդիմությունը, ըստ Արմեն Ռուստամյանի, փորձել է նման քննարկում ծավալել` ասելով, որ կառավարության փոփոխության հետ հույսեր է կապում, որ իշխող ուժը կգիտակցի, որ այսպես շարունակել չի կարելի, սակայն պետք է փոխվի ընթացքը, որ կհանգեցնի շտկումների: «Այդ հույսը չի մեռել, ես լավատես մարդ եմ, մեր քաղաքական ուժն էլ այն ուժը չէ, որ օր առաջ տեսնի կառավարության ձախողումը, որովհետև դա, ի վերջո, երկրի կործանմանն է մոտեցնում: Իմ հույսն այնտեղ է, որ, ճանաչելով կառավարության անդամներին ու վարչապետին, իրենք գիտեն ինչը փոխվեց, բայց, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, չեն ուզում բարձրաձայնել: Ուզում եմ հավատալ, որ իրենք հոգու խորքում գիտեն` ինչն է փոխվել, և ինչ է պետք փոխել»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ ծրագրում գրվածով չէ, որ պետք է կյանքը փոխվի, որովհետև հնարավոր է ամենալավ ծրագիրը գրել, բայց այն չիրականացնել, ինչպես եղավ նախորդ կառավարության կողմից: Ինչ վերաբերում է բուն ծրագրին, պատգամավորը նշեց, որ Դաշնակցությունն այն գնահատում է երեք կարևոր սկզբունքներով, որոնք ստիպում են կողմ չքվեարկել այդ ծրագրին:

Առաջին չափորոշիչը նախորդ կառավարության հետ նոր կառավարության համեմատությունն է, և ըստ Արմեն Ռուստամյանի` որոշ փոփոխություններ կան, բայց էությունը նույնն է:

Երկրորդ խնդիրը նախորդ կառավարության գործունեության և ՀՅԴ տված գնահատականների արձագանքի աստիճանով է պայմանավորված:

Եվ երրորդ խնդիրը Դաշնակցության ներկայացրած 34 կետանոց առաջարկներն են, որոնց մի մասը կառավարությունն ընդունել է, սակայն չի ընդունել այն կետերը, որոնք կփոխեին կառավարության վարքագիծը և քաղաքականությունը:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ կասկածելի են կառավարության կողմից հռչակված գնահատականները, որոնցով որակվում է կառավարության ծրագիրը` իրատեսական, խստապահանջ և ականջալուր:

Տպել Տպել