«Նոր Ջուղայի օրեր» մշակութային միջոցառումներ՝ Հայաստանում

8b35251629550da8feea269bc35f4339_LՀանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա – Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կազմակերպութեամբ եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանի համագործակցութեամբ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամեակի առթիւ «Նոր Ջուղայի օրեր» մշակութային միջոցառումների մեկնարկը տրւեց ուրբաթ, 23 մայիսի 2014 թւականի ժամը 14:00-ին, մատենադարանում:

Նոր Ջուղայի ձեռագիր մատեաններին նւիրւած ցուցահանդէսի բացման արարողութեան ընթացքում նախ մատենադարանի տնօրէն Սէն Արեւշատեանը ողջունելով ներկաներին, այս մատեանները համարեց եզակի գանձեր եւ իր ուրախութիւնը յայտնեց, առ այն որ այս ձեռագրերի մի մասը պահպանւում է Հայաստանում: Այնուհետեւ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը իր գնահատանքի խօսքն ուղղեց Նոր Ջուղայի հայահոծ հայ համայնքի անդամներին մշակութային այս արժէքները ստեղծելու եւ պահպանելու համար եւ շեշտեց այդ արժէքների համազգային եւ համաշխարհային նշանակութիւն ունենալու խնդիրը:

Ելոյթների շարունակութեան մէջ արտայայտւեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմադ Ռէիսին: Նա անդրադարձաւ Իրանում փոքրամասնութիւններին տրւած լայն լիազօրութիւններին, որոնց շնորհիւ՝ ստեղծւում են մշակութային նման արժէքները: Ապա Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանը իր շնորհակալութիւնը յայտնեց ՀՀ Սփիւռքի նախարարութեանը՝ այս ծրագրի իրագործման համար, եւ դրական գնահատեց նման միջոցառումների կազմակերպումը՝ թեմերը ճանաչեցնելու ուղղութեամբ: Պրոֆ. Գէորգ Տ. Վարդանեանն ընդհանուր տեղեկութիւններ փոխանցեց մատենադարանում պահւող Նոր Ջուղայի ձեռագրերի կապակցութեամբ եւ յոյս յայտնեց, որ հարստանայ մատենադարանի հին ձեռագրերի գլխաւոր պահոցը:

Ցուցահանդէսի բացումից յետոյ՝ տեղի ունեցաւ գիտաժողով՝ նւիրւած իրանահայութեան կեանքում Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի եկեղեցու դերին, որի ընթացքում ներկայացւեցին հետեւեալ զեկոյցները.

Իրանի մշակութային եւ տնտեսական կեանքում իրանահայերի թողած մեծ աւանդը՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռէիսի:

ԻՒՆԵՍԿՕ-ում Ս. Ա. վանքի գրանցման գործընթացը՝ Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն Շերլի Աւետեան:

Ս. Ա. վանքի եկեղեցու որմնանկարներն ու զարդանախշերը եւ դրանց վերանորոգումը՝ որմանկարների վերանորոգող Անի Բաբայեան:

Սեֆեւեան շրջանում հայ եկեղեցու իրաւունքների պահպանման ուղղութեամբ խոջաների եւ ազդեցիկ հայերի դերակատարութիւնը՝ մատենադարանի աւագ գիտաշխատող Քրիստինէ Կոստիկեան:

Նոր Ջուղայի եւ խոջայական ապարանքների մանրանկարչութիւնը՝ իրանական մշակոյթի գծով փորձագէտ Աւօ Յովհաննիսեան:

Նոր Ջուղայի դերը եւ համազգային նշանակութիւնը՝ կրթութեան, գիտութեան, արւեստի եւ քաղաքակրթութեան զարգացման գործում՝ ԻԻՀ-ում ՀՀ-ի առաջին դեսպան եւ իրանագիտութեան ռահվիրաներից Վահան Բայբուրդեան:

Գիտաժողովի աւարտին մատենադարանի փոխտնօրէն Շուշանիկ Խաչիկեանը յոյս յայտնեց, որ կրկին շարունակւեն նմանօրինակ միջոցառումները եւ առիթ ստեղծւի աւելիով ծանօթանալու մեր փառահեղ անցեալին:

alikonline.ir

«Նոր Ջուղայի օրեր» ծրագիրն ավարտվել է մշակութային միջոցառումներով

unnamed55Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանում անցկացվող «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել մշակութային միջոցառումների շարք, որով եզրափակվել է ծրագիրը:

Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350 ամյակին նվիրված հանդիսության մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմություններն այնպես սերտորեն են միահյուսված, որ առանձին-առանձին հնարավոր չէ դրանք ներկայացնել: 400-ամյա պատմություն ունեցող ժողովուրդը Նոր Ջուղայում կառուցել է Ամենափրկիչ եկեղեցին, եկեղեցին պահել է համայնքը: Բառերն անզոր են հաղորդելու, նկարագրելու մշակութային այն առեղծվածը, որ պահել, պահպանել ու սերնդեսերունդ փոխանցել է մեր լեզուն, պատմությունը, մեր գոյատևման խորհուրդը: Այսօր մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը ստեղծել է բոլոր պայմանները, որ պահպանվի և անխաթար մնա մեր մշակույթը: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Իրանի պետությանը, ՀՀ-ում նրա մեծարգո դեսպանին այն մթնոլորտի համար, որ ստեղծել են Ջուղայում, Իրանում, որպեսզի հայը իրեն հայ զգա»:

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին, ողջունելով ներկաներին, հավելել է. «Այս երեք օրվա միջոցառումները ցույց են տալիս մեր ժողովուրդների մշակութային ընդհանրությունները: Նոր Ջուղան կարևոր դեր է խաղում Իրանի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում: Բոլոր զբոսաշրջիկներն անպայման այցելում են Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ եկեղեցի, որն իրավամբ համարվում է Իրանի հայ համայնքի հոգևոր, ազգային, մշակութային և հասարակական գործունեության գլխավոր կենտրոնը»:

Ելույթ են ունեցել նաև ՀՅԴ անդամ, ծնունդով ջուղայեցի Հրանտ Մարգարյանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասյանը եւ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը,

Ցուցադրվել է Ռուբեն Գևորգյանցի՝ Նոր Ջուղայի հայ համայնքին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը նվիրված «Նոր Ջուղա. լինել» ֆիլմը:

Ելույթ է ունեցել Սպահանի «Կոմիտաս» երգչախումբը դիրիժոր Արմեն Ամիրխանյանի գլխավորությամբ: Հնչեցին Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Աշոտ Ղազարյանի ստեղծագործությունները: Մեներգեցին Աննա Մայիլյանը և Գոռ Ամիրխանյանը:

Ի լրումն հանդիսության՝ Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում բացվել էր «Նոր Ջուղայի հայ համայնքն անցյալի և ներկայի խաչմերուկներում» խորագրով ցուցահանդես:

Ներկայացվել են Նոր Ջուղայի տարազներ, հարսանեկան շորեր, մաշիկներ, գոտիներ, գլխարկ: Առանձին հավաքածուներով ցուցադրված էին սեղանի հյուսկեն ու ասեղնագործ ծածկոցներ, թաշկինակներ, օձիքներ, եկեղեցական ոսկեյուս վեղարներ, գրքեր Նոր Ջուղայի մասին, թերթեր և ամսագրեր, արխիվային այլ նյութեր: Վահանակները ներկայացնում էին հայտնի նորջուղայեցիների և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հայրերի կենսագրությունները, լուսանկարները:

1in.am

Տպել Տպել