Ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ամենամեծ ձեռքբերումից

արմեն«Այսօր արդեն ժամանակն է, որ բազմազան դառնա մեր անվտանգության համակարգը: Այս դեպքում մեր անկախությունն ավելի երաշխավորված կլինի»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այսօր կարելի էր մեծ այլընտրանք ունենալ, բայց Հայաստանի անվտանգության համակարգը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով:

Արմեն Ռուստամյանը Հայաստանի անկախության, պետականության կորստի վտանգ չի տեսնում. «Ընդհակառակը, այսօր մենք նշում ենք մեր անկախության օրը, որը ձեռք ենք բերել 96 տարի առաջ: Մեր իրական անկախության սկիզբը հենց այդ տարեթվից պետք է հաշվենք, որովհետև այն ձեռք ենք բերել ճակատամարտով, արյան գնով, մեր ժողովրդի համախմբման շնորհիվ: Մենք այնքան թանկ ենք վճարել այդ անկախության համար, որ ոչ մի բան չի կարող ստիպել մեզ հրաժարվել այդ ամենամեծ ձեռքբերումից: Միշտ էլ ճանապարհին եղել են դժվարություներ, կան ու կլինեն, քանի որ մենք ապրում ենք մի տարածաշրջաում, որը լի է հակասություններով, հակամարտություններով, հակադրություններով: Մենք սովոր ենք դրան: Մենք միշտ կարողանում ենք հաղթահարել այդ դժվարությունները: Կարծում եմ, եթե 96 տարի կարողացել ենք պահել մեր անկախությունը, արդեն մեծ բանի մասին է խոսում»:

panorama.am

Ռուսաստանը իր շահերն ունի. Արմեն Ռուստամյանը՝ Ադրբեջանին ռուսական տանկերի վաճառքի մասին

արմենՌուսաստանն իր շահերն ունի և չի կարող միայն Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով Ադրբեջանին ռուսական Т-90С տանկերի վաճառքի շուրջ մտահոգություններին:

«Մենք պետք է նայենք՝ մենք ինչ ենք կարողանում ձեռք բերել մեր անվտանգության առումով: Կարծում եմ՝ այսօր, իհարկե, կարելի էր ավելի մեծ այլընտրանքներ ունենալ, բայց այսօր մեր հիմնական անվտանգության համակարգը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով, սակայն, ես կարծում եմ՝ պետք է այլընտրանքներ ունենալ, պետք է բազմազան դառնա մեր անվտանգության համակարգը, որպեսզի ավելի երաշխավորված լինի անկախությունը»,-նշեց պատգամավորը:

Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանի անկախության կորստի վտանգ չկա, ընդհակառակը՝ մենք այնքան թանկ ենք վճարել անկախության համար, որ մեզ ոչինչ չի կարող ստիպել հրաժարվել դրանից: Լրագրողների այն դիտարկմանը, որ մինչեւ այս երկու հանրապետություն ենք կորցրել, Ռուստամյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում՝ կորցրել ենք: Եթե կորցրած լինեինք՝ երրորդը չէր լինի: Առաջինն իր դերը խաղացել է և բնականաբար, եթե առաջին հանրապետությունը չլիներ, ոչ երկրորդը կլիներ, ոչ էլ երրորդը: Դրանք զարգացման էտապներ պետք է դիտենք, ոչ թե համարել, որ մեկը կորավ, մյուսը հանկարծ ոչնչից ստեղծվեց: Էդպես չի լինում: Հիմքը դրվել է 1918թ. մայիսի 28-ին, արդեն եթե 96 տարի մենք կարողանում ենք մեր անկախությունը պահել, դա արդեն մեծ բանի մասին է խոսում»,-նշեց պատգամավորը:

news.am

Տպել Տպել