«Հրայր Մարուխյան» հիմնադրամն անդրադարձել է Հայաստանում սոցիալական բարեփոխումներին


«Հրայր Մարուխյան» հիմնադրամը (ՀՄՀ)՝ Գերմանիայի Դաշնության Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ այսօր Երևանում կազմակերպել էր «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում II» թեմայով գիտաժողով, որի ընթացքում ներկայացվեց գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և կրթության ոլորտներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Գիտաժողովին մասնակցում էին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժանմունքի գլխավոր տնօրեն` Էռնսթ Հիլիբրանդը, Հարավկովկասյան նախագծի համակարգող Միխայել Վայխերթը, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների, նախարարությունների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:

Գիտաժողովի բացմանը «Հրայր Մարուխյան» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Մարի Թիթիզյանը նշեց, որ նախորդ տարի հրատարակվել է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» աշխատության առաջին մասը, որտեղ ներկայացվել է քաղաքականության նորարական մշակումներ երեք կարևոր՝ առողջապահության, սոցիալական բնակարանների և զբաղվածության ոլորտների վերաբերյալ: Աշխատության երկրորդ մասում ներկայացված են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և կրթության ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու բացթողումները: «Այս ծրագիրը սերտորեն կապված է ՀՄՀ-ի հիմնական առաքելության հետ՝ ձևավորել նոր քաղաքական լուծումներ, դրանք ներկայացնել համապատասխան բոլոր շահառուներին և աջակցել դրանց գործադրմանը»,- ասաց Մ.Թիթիզյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի լրացնելու երկրում առկա հանրային քաղաքական բանավեճի բացը, ինչը շարունակում է խորացնել հանրության օտարումն ու հասարակության բևեռացումը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բաժանմունքի գլխավոր տնօրեն Էռնսթ Հիլիբրանդը նշեց, որ իրենց նպատակն է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի հետ միասին օժանդակել Հայաստանում բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: «Իհարկե վերափոխումը, որն իրականացվում է Հայաստանում անկախությունից ի վեր, բարդ գործընթաց է, որի համար անհրաժեշտ է հասարակության մեջ գործող բոլոր ուժերի օժանդակությունը, ինչպես նաև գիտավերլուծական կնետրոնների, անկախ փորձագետների, քաղաքական կուսակցությունների համատեղ համագործակցությունը»,- ասաց Էռնսթ Հիլիբրանդը:

Տպել Տպել