Սերժ Սարգսյանի հնչեցրած դատողությունները ՀՀԿ-ի դերի մասին չափազանցված են

hetq.am - հարցերին է պատասխանում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը

Aghvan-Vardanyan (1)
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում իր հայտարարության մեջ նշեց, թե «չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք` հանրապետականներս»: Միաժամանակ հայտարարեց, թե ընդդիմությունն ու իշխանությունը թշնամիներ չեն: Այս գնահատականներն իրականության հետ առնչություն ունե՞ն:

– ՀՀԿ համագումարին, որքան էլ հասկանալի լինեին ՀՀ նախագահի՝ իր կուսակցության վերաբերյալ արտահայտած մտքերը, դատողությունները կուսակցության ձևի, նշանակության, բնույթի մասին, ակնհայտ է, որ այստեղ չափազանցություն կա: ՀՀԿ-ի դերակատարությունն ակնհայտորեն գերկարևորվել է, որովհետև այդ կուսակցության հանդեպ վստահությունը հանրության շրջանում, նրա գործունեության արդյունքները ակնհայտ ցածր են: Բնական է, որ կուսակցության ղեկավարը նման գնահատականներ պետք է հնչեցնի իր կուսակցության հասցեին, բայց տվյալ պարագայում իրականության հետ դրանք քիչ առնչություններ ունեն:

Ես կարևորում եմ ՀՀ նախագահի խոսքի մի քանի այլ բաժիններ, մասնավորապես՝ ընդդիմություն-իշխանություն հարաբերություններն իբրև քաղաքական միասնական համակարգի օղակ դիտարկելու մասին հայտարարությունը: Դարձյալ այստեղ իրականությունն այլ է, բայց զուտ տեսական մակարդակով սա ձևակերպելը կարևոր էր: Ընդդիմության դերի, ընդդիմության հետ աշխատելու, որպես միասնական համակարգի մաս ընդդիմությանը դիտարկելու առաջարկներն ինչ-որ առումով նոր մշակույթի դրսևորում էին:

Ս. Սարգսյանի ելույթի երկրորդ կարևոր մասը կառավարման համակարգին վերաբերող, սահմանադրական բարեփոխումներին առնչվող հատվածներն էին, որտեղ ևս կան դրական, ճշմարիտ գնահատականներ, որակումներ: Թե ի՞նչ կլինի հետո, խոսքը և գործը որքանո՞վ կհամընկնեն, այլ հարց է, բայց որ Ս. Սարգսյանի դիտարկումներն արժանի են մանրամասն ուսումնասիրման, վերլուծության ակնհայտ է:

Հանրապետության նախագահը բավական հետաքրքիր մտքեր հնչեցրեց նաև քաղաքական դաշտի կայացման, քաղաքական ուժերի դերակատարման, քաղաքացիական հասարակության վերաբերյալ: Եվ ես շատ կցանկանայի, որ նրա արտահայտած այս ուշագրավ մտքերը իրականություն դառնային, իրականության մեջ գործեին:

– Ս. Սարգսյանը հայտարարեց, որ ոչ իշխանական ուժերն արդեն սկսկել են 2017-18թթ. համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ձեզ համար սկսվա՞ծ են ընտրությունները:

– Նման բան, որ մենք քարոզարշավ ենք սկսել, գոյություն չունի: Հայտնի ճշմարտություն է, որ քաղաքական ուժերը ընտրությունների հաջորդ իսկ օրը պետք է զբաղվեն, պատրաստվեն նոր ընտրություններին: Այս առումով ՀՀԿ-ն շատ ավելի քարոզարշավի մեջ է, քան ընդդիմադիր քաղաքական ուժերը, գոնե Դաշնակցությունը:

– Բայց նախագահը նշեց, որ ՀՀԿ-ն իրեն նման ճոխություն, շռայլություն թույլ չի կարող տալ:

– Ճոխություն թույլ կտա, թույլ չի տա… Բնական է, որ իշխանություն են, միակուսակցական իշխանություն, և կարևորը արդյունքներն են: Իսկ դրանք ցույց են տալիս, թե Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին մեր պետությունը, մեր հասարակությունը, մեր ժողովուրդը ինչ է շահել, ինչ է կորցրել: Մենք քարոզարշավի մեջ չենք, մենք անում ենք մեր գործը:

– Դաշնակցությունը ողջունո՞ւմ է Ս. Սարգսյանի պատրաստակամությունը` համախմբելու «աջ ու ձախ՝ ընդդիմադիր և իշխանական ձեռքերը՝ կուսակցությունները», ինչպես ասաց նա: Որքանո՞վ եք պատրաստ համագործակցել իշխանության հետ:

– Ընդդիմության դերակատարությանը տրված գնահատակնները մենք ողջունում ենք, դա մեր ասածն է: Մենք տարիներ շարունակ ասել ենք, որ ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարող իրար հակընդդեմ, իրար թշնամի, իրար բացառող լինել, դրանք պետք է գործեն մեկ միասնական համակարգի մեջ, լրացնեն միմյանց:

– Կարծիքներ են հնչել, որ ընդդիմությանն ու իշխանությանը համեմատելով մարդու ձեռքերի հետ` Ս. Սարգսյանը հայտնել է իր ցանկությունը ընդդիմությանը վերահսկելու մասին:

– Գնահատականները տարբեր կարող են լինել: Կա աքսիոմատիկ ճշմարտություն. որևէ նորմալ ժողովրդավարական երկրում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է միասնական լինեն, կազմեն միասնական քաղաքական համակարգի մասերը: Սա չի նշանակում նույնանալ, նշանակում է ընդունել ընդդիմությանն իբրև պետության մաս և նրան վերապահել գործառույթներ: Սա բացարձակ ճշմարտություն է. ով ուզում է գալ իշխանության ու ընդդիմությանը վերացնել, չեզաքացնել, բացառել, շրջափակել, դառնում է ավտորիտար, գոյություն չունեցող:

Հայտարությունների մակարդակով նախագահի հայտարարությունները դրական, նորմալ են, բայց թե իրական կյանքում դրանք ինչպե՞ս կգործարկվեն` կախված է նաև սահմանադրական բարեփոխումների, ապագա ընտրությունների բնույթից:

– Հաջորդ նախագահական ընտրություններին Դաշնակցությունը մասնակցելո՞ւ է, թե՞ ՀՅԴ դիրքորոշումը՝ չմասնակցել կեղծվող ընտրություններին, ուժի մեջ կմնա:

– Դուք մեր մոտեցումը պարտավոր եք իմանալ: Մենք կողմնակից ենք անցում կատարելու խորհրդարանական կառավարման համակարգին: Եվ եթե մենք կարողանանք քաղաքական ուժերով, հասարակությունով համախմբվել ու այս պահանջն իրականացնել, ապա 2018 թվականին նախագահական ընտրություններ տեղի չեն ունենա: Իսկ այսօր կա համախմբվելու շանս և անցում կատարելու խորհրդարանական կառավարման համակարգին, մանավանդ, որ մասնագիտական հանձնախումբը երկու տարբերակ է առաջարկել: Քանի այս փուլը չենք ավարտել, խոսել նախագահական ընտրություններից…

Տիգրանուհի Մարտիրոսյան

hetq.am
27/05/2014

Տպել Տպել