Սա մարտահրավեր է Թուրքիային

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

kiro-manoyanՊարոն Մանոյան, Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան հրավիրելու քայլն արդեն իսկ տարբեր գնահատականներ ստացավ: Դուք ինչպե՞ս կգնահատեք այն:

– Կարծում եմ՝ դա մարտահրավեր է Թուրքիային, ոչ թե ինչ-որ կոնկրետ անձի, և Հայաստանի պաշտոնական պատասխանն է Էրդողանի՝ ապրիլի 23-ի հայտարարությանը. սա պետք է այդպես գնահատվի:

– Ընտրված են խորհրդանիշն ու կարգախոսը՝ «Հիշում եմ և պահանջում»: Արդյոք Ցեղասպանության հարյուրամյա շեմից հետո պահանջատիրության անցնելու ձևակերպո՞ւմ է սա:

– Հարյուրամյակի պետական հանձնաժողովի նախորդ երեք նիստերին քննարկվել է հարյուրամյակի քաղաքական բովանդակությունը, տարբեր մասնակիցներ հայտնել են այն տեսակետը, որ արդեն եկել է պահը, երբ պետք է անցնենք հաջորդ հանգրվանին, իսկ այդ հանգրվանը հատուցման խնդիրն է, պահանջատիրության, հետևանքների վերացման խնդիրը՝ ինչպես որակում են տարբեր քաղաքական ուժեր: Կարծում եմ՝ կարգախոսի «պահանջում»-ը հենց դրան է վերաբերում, որ սա ոչ միայն հիշատակում է լինելու հարյուրամյակից հետո, այլև հայ ժողովուրդը իր իրավունքներն է պահանջելու:

– Այս քայլի հետևում ամենատարբեր ուժերի են տեսնում՝ ընդհուպ թուրքական: Արդյոք սա ինքնուրո՞ւյն քայլ էր, թե՞ ինչ-որ մեկի դրդմամբ էր կատարվել:

– Եթե արտաքին ուժի դրդման մասին է հարցը, ապա համոզված եմ, որ արտաքին ուժի դրդում չկա սրա մեջ: Ասում եմ՝ սա ավելի շուտ մարտահրավեր է, քան հրավեր: Սա միասին ֆուտբոլի խաղ նայելու հրավերքի նման է: Այսինքն՝ նախագահը հստակ ասում է՝ եթե ուզում են արխիվները բացել, որ իբր թե պատմությունն իմանան, դրա կարիքը չկա, թող գան այստեղ ապրիլի 24-ին, ավելին կիմանան: Արտաքին որևէ ուժի կողմից դրդում չեմ տեսնում: Սա զուտ նախագահի գաղափարն է:

-Ասում են՝ հրավերը հասցեատեր չունի:

-Հասցեատեր չունի այն առումով, որ ոչ ոք չի կարող իմանալ՝ եկող ապրիլի 24-ին Թուրքիայում ով է լինելու նախագահը, դրա համար էլ չէր կարող ավելի կոնկրետ հասցեատեր ունենալ: Սերժ Սարգսյանն ասել է՝ ով որ լինի Թուրքիայի նախագահը, նրան է ուղղված հրավերը:

-Այդ առումով ժամանակավրեպ չէ՞ այն:

-Կարծում եմ՝ սխալ է ժամանակավրեպ գնահատելը: Եթե եկող տարվա համար պիտի հրավերն ուղղվի, չի կարող ժամանակավրեպ լինել:

-Կարծում եք՝ Թուրքիայի կողմից արձագանք պիտի լինի՞ ու կլինի՞:

-Կարծում եմ՝ Թուրքիայի կողմից արձագանք կարող է չլինի, այսինքն՝ ոչ թե մերժեն, այլ ընդհանրապես չլինի արձագանք: Այսինքն՝ ինչպես որ սրանից առաջ եղել է, երբ իրենք 2005 թվականին առաջարկում էին պատմաբանների հանձնաժողով կազմել, իսկ Հայաստանի այն ժամանակվա նախագահը պատասխանեց, որ մեր երկու երկրների հարաբերություններն այնքան բարդ են, որ միայն պատմաբանների ուսերին դնելը ճիշտ չի լինի, պետք է որ մենք ստեղծենք միջկառավարական հանձնաժողով, ինչը ենթադրում է նաև ունենալ դիվանագիտական հարաբերություններ:

Թուրքիայում տարիներ շարունակ՝ մինչև 2008-ին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում հնչեցրած հրավերը, ամենաբարձրաստիճան թուրք ղեկավարները բացահայտ սուտ էին խոսում՝ ասելով, որ Հայաստանն իրենց՝ հանձնաժողով կազմելու դիմումին չի պատասխանել: Նրանք անտեսում էին այդ պատասխանը, որովհետև իրենց ակնկալած կամ ցանկացած պատասխանը չէր, դրա համար անտեսում էին: Հիմա էլ՝ ապրիլի 23-ին, Էրդողանի այդ ուղերձից հետո, նրանք տարբերակներով ասացին, որ սպասում են Հայաստանի և ընդհանրապես հայության արձագանքին։ Կարծում եմ՝ սրանից ավելի բարձրաստիճան ու պաշտոնական արձագանք չի կարող լինել: Բայց չեմ զարմանալու, եթե Թուրքիան անտեսի նաև այս պատասխանը:

-Թուրքիայի կողմից կիսաարձագանքի նման մի բան եղավ, որ Հայաստանն Էրդողանի ջանքերը չգնահատեց: Իսկ միջազգային հանրության կողմից այս հայտարարությունը որևէ գնահատական կստանա՞:

-Կարող են այդպես ասել. բնականաբար, բայց դա արձագանքի գնահատականը չէ: Իրենք ուրիշ բան են դեռևս ցանկանում կամ ակնկալում, բայց այդպիսի բան չի կարող լինել, որ ճիշտ իր ուզած արձագանքը ստանա: Իսկ միջազգային հանրությունը, կարծում եմ, կհասկանա՝ Հայաստանն ինչ ասաց, և կշարունակի իր ճնշումը Թուրքիայի վրա Հայաստանի և հայության նկատմամբ նրա թշնամական վերաբերմունքը փոխելու ուղղությամբ: Այսինքն՝ ոչ թե պարտադիր կմղեն, որ նախագահն անպայման գա Երևան, այլ ճնշումը կլինի, որ Հայաստանի և հայության նկատմամբ թշնամական վերաբերմունքը փոխեն:

Հայկանուշ Թորոսյան

1in.am

Տպել Տպել