Էներգետիկ համակարգում պետք է կանխատեսելիություն լինի

աղվան1ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով` հանրային ծառայությույունները կարգավորող հանձնաժողովն իր գործառույթների սահմաններում ներկայացրել է ստեղծված իրավիճակը` կապված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետ:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներ է անցկացնում` պարզաբանումներ ներկայացնելով էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված: «Ակնհայտ է, որ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է և համակարգային:

Այստեղ կա սոցիալական հարց: Մեկ տարի առաջ է բարձրացել է էլեկտրաէներգիայի սակագինը, ի վերջո, յուրաքանչյուր նման բարձրացում ազդելու է ապրանքների ինքնարժեքի վրա, և այստեղ դրված է կառավարության պատասխանատվության հարցը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով` երկու հիմնական խնդիր կա, առաջինը, որ Հայաստանի սպառողների և տնտեսվարողների համար պետք է լինի որոշակի կանխատեսելիություն ապագայի հետ կապված, որովհետև բացառված չէ, որ վեց ամիս հետո, կամ մեկ տարի հետո նորից առաջ գա սակագնի բարձրացման խնդիրը: «Անկանխատեսելիությունը զրկում է մարդկանց` իրենց ֆինանսական ծրագրերը կազմելու, ինչպես նաև ներդրումներ անելու հնարավորությունից, և երկրորդը, սոցիալական խնդիրներն են: Ճեղքվածքը, որը նկարագրվում է կարող է փակվել նաև այլ աղբյուրներից»,- ասաց Աղվան Վարդանյանը` օրինակ բերելով, որ ՀԷՑ-ը և Երևան ՋԷԿ-ը վարկեր են վերցրել, որոնց արտոնյալ ժամկետները վերջանում են, և առաջ է եկել մայր գումարի տոկոսները փակելու խնդիրը: Դրանք, ըստ պատգամավորի, մեծ գումարներ են, և կառավարությունը կարող է գտնել միջոցներ այդ վարկերը վերաձևակերպելու և ազատելու համակարգը գոնե որոշակի ժամանակահատվածով:

Աղվան Վարդանյանի համոզմամբ` կա խնդիր` աուդիտի ենթարկելու ողջ էներգետիկ համակարգը, և պետության կողմից համակարգային մոտեցման դեպքում հնարավոր են նաև այլ լուծումներ, ամենակարևորը` կանխատեսելիություն պետք է լինի: «Հայաստանում էլեկտրաէներգիան էապես թանկացել է 1999թ, հետո 2009թ-ին, 2013-ին, և հիմա նորից թանկանում է և վտանգ կա, որ դա կարող է կրկնվող ցիկլ լինել»,- ասաց պատգամավորը:

Տպել Տպել