Թուրքիան` որպէս «իրաքեան ճգնաժամի» հրահրիչ

1- Նախագահ Ռոհանիի Անկարա այցելութեան գնահատականը՝ թուրքական լրատւամիջոցների կողմից, որպէս նաեւ Թուրքիայի պետական դիրքորոշման խօսափողներ, բնութագրելի է որպէս խիստ բացասական:derenik_melikyan

2- Թուրքական պետական մամուլն ու իշխանամէտ ԶԼՄ-ները իրենց այդ գնահատականի ապացոյց ու հիմք էին ծառայեցնում Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահի Աթաթուրքի դամբարան չայցելելը:

3- Նոյն մամուլի ճամբով նաեւ Թուրքիայի իշխանութիւնները իրենց տարակուսանքն են դրսեւորել Իրանի սիրիամէտ դիրքորոշման առթիւ, յատկապէս երբ Էրդողանի հետ մամլոյ համատեղ ասուլիսի ընթացքում թուրք լրագրողի նոյն դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ դոկտ. Ռոհանին յայտնել էր, թէ ինքը հասցրել է արդէն շնորհաւորել Բաշշար Ասադի վերընտրւելը…

4- Իրանի նախագահի Թեհրան վերադարձից ճիշտ մէկ օր անց (պատահաբա՞ր), իրաքեան Մուսուլ եւ Թեքրիթ քաղաքներ են ներխուժում պատմական «Ասորիքն ու Բաբելոնը ազատագրող» («Իրաքի եւ Լեւանտի Իսլ. պետութիւն») եւ մինչեւ ատամները սպառազինւած նորակոչ սելեֆի ծայրայեղականջոկատայինները՝ հիմնական նպատակ ունենալով տւեալ երկրներում շիա-ալաւիների իշխանազրկումը:

5- Յարձակման հէնց առաջին ժամերին գրաււում եւ առեւանգւում են Մուսուլի թուրքական հիւպատոսութիւնն ու մի քանի տասնեակ թուրք պաշտօնատարները: Այս խնդրում Թուրքիան արագ է արձագանգում, ընդհուպ մինչեւ ներխուժում՝ իրաքեան Քուրդստան…, որին էլ դրական է վերաբերւում նոյնինքն ՆԱՏՕ-ն, որի շտապ նիստն էր պահանջել Թուրքիան ու այսպէս՝ իրար յաջորդող արագ եւ արտաքինից կանխամտածւած սցենարներ թւացող իրադարձութիւններ:

6- Անպաշտօն, բայց հիմնաւորւած հաղորդումների համաձայն՝ սիրիական ճակատից դէպի իրաքեան ճակատ շրջւած տեռորիստ-սալաֆիների թիկունքում կանգնած են ուղղակիօրէն՝ Ս. Արաբիայի լայն հովանաւորութիւնն վայելող ու երեք տարուց ի վեր Թուրքիայում ապաստանած Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիղ- օլ- Հաշեմին եւ անուղղակիօրէն ինքը՝ Թուրքիան, որն այստեղ եւս աշխարհագրօրէն նեցուկ է հանդիսացել (ինչպէս սիրիական Քեսաբի ու Հալէպի դէպքում) տեռորիստ- ջոկատայինների (նաեւ) նաւթով հարուստ իրաքեան Մուսուլ ներխուժելու գործում:

Թուրքական հիւպատոսութեան գրաւման հարցը, այսպիսով, բնութագրելի է որպէս լոկ մի սցենար՝ ապագայում թուրքական ներխուժման առիթն արդարացնելու առումով:

7- Թուրքական տարածաշրջանային ձախորդ քաղաքականութեան 3-րդ փուլ-տարբերակ է ուրւագծւում ահաւասիկ՝ Արաբական գարունից ու Սիրիական ճգնաժամից դասեր չառնող նորօսմանական էրդողանների ու դաւութօղլուների համար…, որոնք էլ այժմ «Իրաքեան ճգնաժամ» հրահրելով՝ ողջ տարածաշրջանը նոր արհաւիրքների ու արիւնալի բախումների են ուղղորդում:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Տպել Տպել