Ցանկացած դեպքում` վիճարկելու ենք

Եթե օրենքը ստորագրվի նախագահի կողմից էլ, իրականում հակասահմանադրական օրենք է սա, եւ մենք վիճարկելու ենք:

արծվիկԵթե անգամ պարտադիր սոցվճարների օրենքը վավերացնի երկրի նախագահը, միեւնույն է՝ այն համարվում է իրավական ուժ չունեցող ակտ, որի կիրառումը այսօրվա գործող օրենսդրությամբ առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Եթե օրենքը ստորագրվի նախագահի կողմից եւ պաշտոնական տեղեկագրում հրապարակվի, ձեւական առումով կհամարվի, որ օրենքը գործող է, բայց իրականում ինչպես մենք ասել ենք, հակասահմանադրական օրենք է սա, եւ մենք վիճարկելու ենք այս օրենքը»,- ասաց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը ասաց, որ դեռ քառյակը որոշում չունի, սակայն մի բան կարող է ասել, որ միասնական քննարկման արդյունքում որոշելու են ինչպես վիճարկել օրենքը:

«Մենք հստակ որակել ենք, որ դա հակասահմանադրական օրենք է, եւ մենք վիճարկելու ենք այդ օրենքը, թե ինչ ընթացակարգով եւ ինչ ենք անելու քննարկման շրջանակներում, դա կորոշվի:

Խնդիրն այն է, որ այսօրվա գործող օրենսդրության շրջանակներում իրավական ուժ չունեցող ակտի կիրառումն առաջացնում է քրեական պատասխանատվություն: Ինչը նշանակում է, որ իշխանությունն ինքն է առաջին հերթին պարտավոր շահագրգռված լինել, որ կիրառում չունենա, բայց ընթացքը այս պահին դժվար է գնահատել՝ նման ցանկություն կունենա՞ն, թե՞ ոչ»:

ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով 21-օրյա ժամկետ է նախատեսված, այդ ժամկետում է երկրի նախագահը ստորագրում օրենքները, սակայն Ա. Մինասյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ավելի արագ են գործելու:

«Հուլիսի մեկից եթե գործելու է, հասկանալի է, որ ավելի արագ են գործելու… թե ինչ ռազմավարություն կորդեգրեն այս ԱԺ խմբակցությունները, ցույց կտան քննարկումների արդյունքները»:

Պարտադիր սոցվճարները վերաբերում են ընդունված նախագծով բոլորին, ովքեր 1974 թ-ից հետո են ծնված:

«Պետական սեկտորում բոլորին, իսկ մասնավոր սեկտորում՝ նրանք, ովքեր չեն ցանկանում, գրավոր դիմում են, իսկ 1996 թ-ի հունվարի մեկից հետոյի ծնվածները թե մասնավոր, թե պետական սեկտորում պարտադիր ընդգրկվելու են համակարգ»:

Պատգամավորը այնուամենայնիվ հույս հայտնեց, որ ընդդիմադիր քառյակը կգտնի խնդրի հակասահմանադրական օրենքի շրջանցման հնարավոր տարբերակ:

Քրիստինա Մկրտչյան
galatv.am

Տպել Տպել