Ադրբեջանը սրում է կոնֆլիկտային իրավիճակը

Աղվան Վարդանյանը հաղորդում է Բաքվից.

axvanԵԱՀԿ ԽՎ 23-րդ տարեկան նստաշրջանում, որ տեղի է ունենում Բաքվում, այսօր մեկնարկել են ԵԱՀԿ 3 հիմնական կոմիտեների նիստերը, որոնք անցկացվում են լիագումար նիստերին զուգահեռ:

Այդ հիմնական կոմիտեներն են՝ քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտե (այստեղ Հայաստանը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ այս նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը), տնտեսության, շրջակա միջավայրի եւ տեխնոլոգիաների հարցերով կոմիտե (Ստեփան Մարգարյան՝ ԲՀԿ) եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտե (Աղվան Վարդանյան՝ ՀՅԴ):

Ժղովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեի այսօրվա նիստում սերբ պատգամավոր Գորդանա Կոմիչը ներկայացրել է իր պատրաստած զեկույցը ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վերաբերյալ: Այնուհետև սկսվել են քննարկումները, որոնց ժամանակ առաջինը ելույթ է ունեցել ադրբեջանի ներկայացուցիչը:աղվան-300x168

Ինչպես Բաքվից Yerkir.am-ին փոխանցել է Աղվան Վարդանյանը, Ադրբեջանի ներկայացուցիչը, շրջանցելով օրակարգի բուն հարցերը, նորից անդրադարձել է Ադրբեջանի հին «երգերին»` հայկական «ագրեսիայի», «միլիոն փախստականների», 20 տոկոս «օկուպացված» տարածքների մասին:

Աղվան Վարդանյանը, սակայն, իր ելույթը կառուցել է հիմնական զեկույցի 3 կարևոր հարցերի վրա:

Առաջինը՝ որ զեկույցի մեջ հղում է կատարվում Հելսինկյան եզրափակիչ ակտին, սակայն այդ եզրափակիչ ակտի հիմնարար դրույթներից մեկը` իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ներառված չէ զեկույցում: «Մենք առաջարկեցինք, որ զեկուցողն այս հիմնարար սկզբունքը նույնպես ներառի զեկույցի մեջ»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Հայ պատգամավորի երկրորդ շեշտադրումը վերաբերել է միգրանտների խնդիրներին եւ միգրանտների հանդեպ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների և խտրականության վերաբերմունքին: «Մենք այստեղ հստակ ասացինք, որ խտրական վերաբերմունքի ու ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները շատ ավելի լայն հասկացութուն են եւ միայն միգրանտներին չեն վերաբերվում ու պետք է ավելի լայն սպեկտրով սրան նայել, որովհետեւ մեր տարածաշրջանում մենք ունենք նաև նման իրավիճակ` խոսքը Ռամիլ Սաֆարովի դեպքի մասին է եւ շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ-ն այս խնդիրներին շատ ավելի ընդգրկուն նայի եւ դատապարտի»,- փոխանցել է Աղվան Վարդանյանը:

Վերջինիս ելոիյթում երրորդ շեշտադրումը վերաբերել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների հանդեպ հալածանքներին, զեղծարարություններին, ինչը շատ տարածված է Ադրբեջանում: «Մենք շեշտը դրեցինք Ադրբեջանում այդ իրավունքների ոտնահարման վրա և հայտարարեցինք, որ պետք է ե’ւ ԵԱՀԿ-ն, ե’ւ Եվրախորհուրդը կարողանան ակտիվ աշխատել տարածաշրջանում, իսկ դա նշանակում է՝ ազատ կարողանան գալ տարածաշրջան, մինչդեռ Ադրբեջանը շատ հաճախ պերսոնա նոն գրատա է հայտարարում այն անձանց, ովքեր ազատ այցելում են Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Աղվան Վարդանյանը:

Ի դեպ, այսօր ԵԱՀԿ ԽՎ ֆրանսիացի փոխնախագահ Ալան Ներին առավոտյան զեկուցել էր, որ ֆրանսիացի պատգամավորներից մեկին Ադրբեջանի վիզա չեն տվել, պատճառաբանելով, որ պատգամավորը սեփական նախաձեռնությամբ եղել է Ղարաբաղում, իսկ դա Ադրբեջանի կողմից ընդունելի չէ:

Երեւույթին անդրադարձել է նաեւ Աղվան Վարդանյանը` շեշտելով նման դեպքերի անթույլատրելիությունն ու առաջարկել, որ զեկույցի ու բանաձեւերի մեջ ընդգրկվի դրույթ, որը կբացառի նման վերաբերմունքը պատգամավորների հանդեպ:

Աղվան Վարդանյանը, չանդրադառնալով ադրբեջանցի զեկուցաբերի բոլոր մեղադրանքներին, վեհաժողովի մասնակիցներին այնուամենայնիվ հիշեցրել է. «Եթե միջազգային հանրությունն առաջարկում է, իսկ Հայաստանը համաձայն է դրան, որ դիպուկահարները հետ քաշվեն շփման գծից, որպեսզի ամեն օր զոհեր չլինեն, ապա Ադրբեջանը համառորեն հրաժարվում է միջազգային հանրության այդ պահանջը կատարելուց և ավելի է սրում կոնֆլիկտային իրավիճակը»:

Տպել Տպել