Դավութօղլուն խեղաթյուրել է պատմությունը

ԿիրոՄաՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտնի հոդվածին, որում վերջինս նշել է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև նոր և ավելի հաստատուն դարաշրջան կհաստատվի, եթե մտավորականներն ու քաղաքական գործիչները գործեն երկու կողմերի հոգեբանական արգելքները հաղթահարելու և «արդարացի հիշողություն» կառուցելու համար, ասաց, թե «այն հիմնավորումները, որ տալիս է արտգործնախարարն իր վերջին «գիտական հոդվածում», պատմության խեղաթյուրում են»:

«Փորձել խեղաթյուրել քաղաքականությունը՝ ինչ-որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նույն ժխտողական քաղաքականությունն է՝ ավելի նուրբ, ավելի բարդ մոտեցումով»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա գնահատմամբ՝ սա իրականում մի քաղաքականություն է, որ Թուրքիայի իշխանությունները տարիներ շարունակ առաջ են տանում: Ըստ Մանոյանի՝ այդ երկու եզրույթները՝ «արդարացի հիշողություն» և «ընդհանուր ցավ», որ օգտագործել է Դավութօղլուն, անցած տարիների ընթացքում օգտագործվել են մի շարք մտավորականների կողմից, ովքեր փորձում էին հանդես գալ որպես հայ ժողովրդի բարեկամ և մինչև հիմա իրենց կոչում են Հրանտ Դինքի ընկերներ, և իրենց մոտեցումների մեջ պետության բացահայտ ժխտողական քաղաքականությունից մի քիչ տարբեր մոտեցումներ էին դրսևորում, բայց միևնույն ժամանակ՝ ասում էին, որ անդրադարձ չլինի Բալկաններից թուրքերի կամ իսլամների տեղահանություններին և այլն:

«Սա, փաստորեն, ուղղորդված քաղաքականություն է եղել, եկել, հասել է մինչև ապրիլի 23-ը՝ վարչապետ Էրդողանի ուղերձին, որին հաջորդեց արտգործնախարարի հայտարարությունը: Կարծում եմ՝ այս բոլորին մեկ գնահատական պետք է տալ՝ սա իրականում ժխտողականությունը մի քիչ ավելի մեղմ ձևով առաջ տանելու քաղաքականություն է»,-նկատեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատուն:

Ինչ վերաբերում է Դավութօղլուի այն մտքին, թե «Հայերի համար 1915թ.-ը տեղահանության տարի էր, որի ընթացքում մեծ ողբերգություններ են տեղի ունեցել, 1915թ.-ին նախորդող և հաջորդող տարիները ողբերգություններով էին լի նաև Անատոլիայի թուրքերի համար, այդ ժամանակ թուրքերը գոյության պայքար էին մղում Չանաքքալեում, Բալկանյան պատերազում, և դա նրանց անկախության պատերազմն էր», Կիրո Մանոյանը նշեց. «Սա իրականում պատմության խեղաթյուրում է, որովհետև հնարավոր է՝ թուրքերն էլ Օսմանյան կայսրությունում առաջին աշխարհամարտի ժամանակ ապրել են ցավալի ժամանակներ, բայց դրա մեջ հայ ժողովուրդը ոչ մի պատասխանատվություն չունի»:

tert.am

Տպել Տպել