Թուրքիայի քաղաքականությունը փոխվել է ձեւի մեջ, ոչ՝ բովանդակության

Թուրքիայի արտգործնախարարի հոդվածն` ուղղված հայ ժողովրդին, իրականում արդեն մի քանի տարի ի վեր Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած, բայց Ցեղասպանության հարցում արդեն մի քիչ տարբեր մոտեցում ցուցաբերող մտավորականների կողմից արտահայտվող միտք է, այսօր, հուլիսի 4-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Այսինքն, պարզաբանել է բանախոսը, որ ինչ-որ բան կատարվել է, որ ինչ-որ վատ բան է արել այդ ժամանակ պետությունը, բայց հայկական կողմն էլ պետք է ընդունի, որ թուրքերի համար էլ են վատ տարիներ եղել, եւ պետք է, իրենց բառերով` այդ «համատեղ ցավը» կամ «հասարակական ցավը» կիսվի եւ, Դավութօղլուի բառերով` արդար հիշողություն լինի:kiro1

Դա, շեշետել է Կիրո Մանոյանը, իրականում պատմության խեղաթյուրում է, որովհետեւ այնպես չէ, որ հայերն են մեղավոր Օսմանյան կայսրության վերջին տարիներին թուրքերին ու իսլամներին պատահած խնդիրների, ողբերգությունների համար, իսկ հայության նկատմամբ գործադրված Ցեղասպանությունը հենց Թուրքիայի իշխանությունների գործն է. «Եվ ուրեմն չի կարելի հավասարության նշան դնել, բայց այդ մտավորականները փորձում էին այդ հավասարության նշանը դնել: Պարզ է, որ այդ մոտեցումը միայն մի շարք մտավորականների մոտեցում չէր, որովհետեւ այն դրսեւորվել է նաեւ Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ի ուղերձում, ու դրանից հետո` Դավութօղլուի մեկ հոդվածներում»:

Բանախոսը նշել է, թե այդպիսով, ինչ առաջարկում է Դավութօղլուն իր հոդվածում, դա, իրականում, պատմության խեղաթյուրում է, քանի որ Թուրքիայի արտգործնախարարն ասում է, թե պետք չէ, որ հիշողությունը սկսվի 1915-ից կամ դրա անմիջական նախօրեից’ մինչ այդ մենք միասին շատ լավ էինք ապրում եւ այլն: Ավելին’ Դավութօղլուն, ավելի շուտ, մեղադրում է փոոքրամասնություններին, որ նրանք որոշ ազգայնական մոտեցումներ են ունեցել ու ոչ մի տեղ չի ասում, որ դրանք Թուրքիայի իշխանությունների մոտեցման` պանթուրանականության, պանթյուրքիզմ իրական հակազդեցությունը եղավ:

Եվ Դավութօղլուն ակնկալիք ունի, ինչպես նշել է Կիրո Մանոյանը, որ թե Սփյուռքը եւ թե Հայաստանը ինչ-որ տեղ դրական կարձագանքեն, ու շարունակում է անտեսել Հայաստանի պաշտոնական արձագանքը, որ մայիսի 27-ին հնչեց նախագահի կողմից, Թուրքիայի արտգործնախարարը շեշտում է, որ իրենց նպատակներից մեկը, եթե ոչ գլխավորը, Արցախի հարցի կարգավորումն է` մինչեւ չլուծվի Արցախի հարցը, չեն կարգավորվի նաեւ հայ-թուրքական հարաբերությունները:

Բայց Էրդողանի հոդվածում առաջ քաշվող մոտեցումը` թվացյալ մեղմությունը, ոչ միայն որոշ մտավորականների կողմից առաջ քաշվող գիծ է, այլև դիվանագետների. «Երբ 2009 թվականին Հայաստան-Թուրքիա արձանագրությունները նախաստորագրվել էին արդեն, 2009 թվականի հուլիսին Թուրքիայում գումարվեց թուրք դեսպանների մեծ ժողով: Այդ ժողովին արծարծվել են նաեւ Հայաստանի ու հայության հետ հարաբերությունների խնդիրները, և երկու մտածողություն է առաջ քաշվել:

Մեկը այն դասականն է, որով ասվում է` պետք է անընդհատ ժխտենք, շատ կոշտ ձեւով, հակառակը` գրքեր հրատարակենք, ֆիլմեր նկարահանենք եւ այլն:

Մյուս մտածողությունը, որ ավելի շատ երիտասարդ դեսպանների մոտեցումն է եղել, ըստ որի պետք է ընդունել, որ ինչ-որ վատ բան է կատարվել, ոչ միայն հայերին այլեւ փոքրամասնություններին, ինչ-որ տեղ պետք է նաեւ ներողություն խնդրել եւ եթե ցանկացողներ կան վերադառնալու, իրենց պապերի կալվածքները ստանալու համար, պետք է հնարավորություն տալ, որ վերադառնան: Այս մոտեցումը 2009 թվականի հուլիսից, փաստորեն, զարգացել է Թուրքիայի իշխանությունների մոտ, եւ կարծես այդ երկրորդ մոտեցումն է, որ արդեն այսօր ավելի հիմք է ստանում Թուրքիայի իշխանությունների մոտ»,- ներկայացրել է Հայ-Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Կիրո Մանոյանը ընդգծել է սակայն, որ Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը չի փոխվել. Այիսնքն’ հիմա էլ ասում են’ պետք է ընդունել, որ ինչ-որ բաներ եղել են, բայց ոչ ցեղասպանություն… Բայց այդ ժխտողականությունը, նշել է Մանոյանը, ավելի նուրբ ձեւով, շատ ավելի բարդ մոտեցումով է դրսեւորովում: Եվ եթե ոչ հայ հասարակության, ապա գոնե օտար, հատկապես քաղաքական շրջանակների համար կարող է նույնիսկ հաճելի հնչեն նման մոտեցումները, ինչպիսին օրինակ Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձն էր, որը թեեւ աննախադեպ էր, բայց ոչինչ չէր ասում. «Եթե նաեւ Դավութօղլուի այս հոդվածը նկատի ունենաք, ապա պարզ է, որ նրանք 2015-ին’ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ փորձելու են, իբր նոր բան ասել, բայց իրականում նույն ժխտողական քաղաքականությունը կիրառել: Արդեն ասացի` թուրքական քաղաքական իշխող վերնախավի մոտ դա բավականին ամրապնդվել է: Թուրքիան փորձում է քիչ տարբեր քաղաքականություն վարել, բայց այդ տարբերությունը ձեւի մեջ է եւ ոչ բովանդակության»:

Ինչ վերաբերում է, Թուրքիայում օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին ու նախագահի հիմնական ֆավորիտ թեկնածուի’ գործող վարչապետի ընտրվելուց` Հայաստանի հետ հարաբերություններում ոչ մի փոփոխություն էլ չի կարելի ակնկալել, – ասել է Մանոյանը:

Այնուհետև Մանոյանը մանրամասնել է’ հատկապես ընտրությունների նախօրեին հաստատ ոչինչ չի լինի, իսկ 2015-ի նախօրեին, իր կարծիքը ներկայացրել է Մանոյանը, Թուրքիայի կողմից չի լինի Հայատանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով որեւէ լուրջ քայլ. «Բայց պետք չէ զարմանալ, որ կլինեն շատ ավելի ձեւական քայլեր’ ցույց տալու, թե իբր ինչ-որ գործընթաց կա, որ իբր Թուրքիան փորձում է ինչ-որ դրական քայլեր ցույց տալ հայության եւ Հայաստանի նկատմամաբ: Բայց դրանք ընդամենը շղարշներ են եւ ոչ մի լուրջ փոփոխություն էլ պետք չէ ակնկալել: Ընդհակառակը` մենք պետք է պատրաստ լինենք, թե նման անակնկալներին ինչպես հակադարձենք, որ աշխարհը ճիշտ հասկանա, թե Թուրքիան իրականում ինչ է անում»:

Լրագրողների այն հարցին`արդյոք Էրդողանը ապրիլի 24-ին չի՞ գա Երևան, ինչպես որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր հրավիրել Թուրքիայի նախագահին` Ցեղասպանության 100-ամյակին այցելել Ծիծեռնակաբերդ, Մանոյանը պատասխանեց` «Չեմ կարող վստահ ասել` ոչ, որովհետեւ Էրողանից կամ այս իշխանություններից անակնկալներ ակնկալելի են… բայց եթե նույնիսկ անգամ ընդունի ՀՀ նախագահի հրավերը` այցելել Ծիծեռնակաբերդ, ապա ոչ այն ձեւով, ինչպես Սերժ Սարգսյանն էր ցանկանում, որ ընդունի»:

Իր միտքը Մանոյանը պարզաբանել է այն պատմության օրինակով, երբ մինչեւ 90-ականների սկիզբը աշխատանք էր տարվում, որ Թուրքիայի ազգայնականների` «Գորշ գայլերի» ղեկավար Արփասլան Թուրքեշն այցելի Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ դնի, բայց նա այդ ծաղկեպսակը պետք է նվիրեր առաջին աշխարհամարտի բոլոր զոհերի հիշատակին: «Եթե Արփասլան Թուրքեշն այդ մոտեցումն ունեցել է, ես չէի զարմանա, որ Էրդողանն էլ նույն կերպ փորձի վարվել ու այցելի եւ ծաղկեպսակ դնի ոչ թե Ցեղասպանության զոհերի հիշատակի համար, այլ, այսպես ասած` «համատեղ ցավի», «հասարակաց ցավ», «արդար հիշողություն»` այս` իրականում շատ կեղծ եւ անարդար մոտեցումներով: Դրա համար չեմ կարող հաստատ ասել, որ չի գա, բայց որ Ցեղասպանություն չի ճանաչի, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, գրեթե համոզված եմ»,- շեշտել է Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին օտարերկրյա նախագահների և բարձրաստիճան հյուրերին Հայաստան հրավիրելու գործընթացներին, ապա այս առումով Մանոյանը նշել է, թե պետք չէ որ բոլորն իմանան, թե որ նախագահներն են հրավիրվել ու հրավիրվելու, որովհետեւ այդ դեպքում մեր հարեւան երկու երկրներում էլ դրա մասին կիմանան ու կսկսեն համապատասխան աշխատանքներ տանել այդ այցերը կանխելու ուղղությամբ:

Այնուամենայնիվ, Կիրո Մանոյանը նշել է, որ 100-ամյակի նախօրեին թե` Հայաստանի կողմից տարվող աշխատանքները, թե` Սփյուռքի մեր համայնքների եւ թե ընդհանուր մթնոլորտը, որ 100-ամյակի առիթով արդեն ստեղծվել է, (օրինակ երեք նախագահներ արդեն հայտարարել են, ու կոչ արել Թուրքիային` որ պետք է այն առերեսվի իր պատմությն հետ եւ այլն), հույս է տալիս կարծելու, որ մենք կունենանք բավականին պատկառելի թվով նախագահներ կամ վարչապետներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Անդրադառնալով շփման գծում իրավիճակի սրացման եւ ադրբեջանական կողմից դիվերսիոն գործողությունների շարունակությանը, Կիրո Մանոյանն ասել է` ակնհայտ է, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսում հաղթված լինելու վախից:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը իրեն «լացկան երեխայի» պես է պահում, քանի որ դժգոհ է միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկություններից եւ անընդհատ փորձում է ցույց տալ, որ կարող է փոխել իրավիճակը. «Ադրբեջանը վստահ չէ, որ պատերազմի վերսկսման դեպքում հաղթանակի կտանի: Սակայն ադրբեջանական կողմի գործողությունները վտանգավոր են նրանով, որ կարող են վերաճել պատերազմի. որքա՞ն կարելի է խախտել հրադադարը եւ պատասխան չստանալ: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը օգտագործի Ադրբեջանին ճնշելու իր լծակները, հրադադրի խախտման նմանատիպ խախտումները թույլ չտալու նպատակով»:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արցախի միջեւ մաքսակետ դնելու խնդրին` այդ դեպքում Հայաստանը պետք է հրաժարվի ԵՏՄ-ին անդամակցելուց, շեշտել է Կիրո Մանոյանը. «Ադրբեջանը դժգոհ է առ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկներից` այն երեք հիմնարար սկզբունքներից, որոնց հիման վրա, ըստ միջնորդների, պետք է կարգավորվի հիմնահարցը, իսկ հատկապես ինքնորոշման իրավունքի մասին կետից Ադրբեջանն առավել քան դժգոհ է ու անընդհատ փորձում է փոխել կարգավորման շրջանակը’ այն ատյանը, որը պետք է զբաղվի հարցի կարգավորմամբ»:

Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին` բանախոսը նշել է, թե, դատելով դրանցից, հատկապես` Եվրախորհրդի ԽՎ-ում, հետո’ Բաքվում գումարված` ԵԱՀԿ-ի ԽՎ-ում ելույթների արդյունքից, ինքը կարծում է, որ դրանք ոչ թե Ադրբեջանի համար ինչ-որ դրական քայլեր կամ կետեր են, այլ, ընդհակառակը, պարտության նոր իրականություն. «Նախ` ԵԽԽՎ-ում ընդունված երկու կետերը, ես կասեի, իսկապես ձախողում էր նրանց համար, որովհետեւ ինքն արդեն այնպիսի հակաղզդեցություններ էր ցույց տվել, որ նախագահին վայել չէր, իսկ ԵԱՀԿ ԽՎ-ում որդեգրած որոշումները, վստահաբար, ադրբեջանական իշխանություններին դժգոհ են թողնելու, որովհետեւ այնտեղ եւս ՀՀ պատվիրակության առաջարկով որդեգրվեց ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւս` մի քանի բանաձեւերում, որտեղ նախապես չկար այդ հաստատումը: Հայաստանի պատվիրակությանը հաջողվեց այդ բանաձեւերում այս կետը ամրագրել, դա ադրբեջանական կողմի ձախողումն էր, քանի որ նախապես նրանք ուզել էին Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու կետերը’ ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ ուժի չկիրառման դրույթները, հանել եւ թողնել միայն տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության իրավունքը»:

Կրկին անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին` նա նշել է, թե ակնհայտ է, որ ԵՏՄ երեք հիմնադիր անդամներից մեկըէ Ռուսաստանը, ուզում է, որ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, իսկ մյուս երկուսը` Ղազախստանն ու Բելառուսը, անընդհատ հետաձգում են այդ անդամակցությունը: Որ Ռուսաստանն ուզում է, դա Կիրո Մանոյանի դիտարկմամբ, երեւում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտություններից, ըստ որոնց` Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ Հայաստանին տեսնել ԵՏՄ կազմում: Իսկ Բելառուսի ու Ղազախստանի պահվածքը Մանոյանը բացատրում է մի քանի հանգամանքներով Ադրբեջանի «խաթրով» գնալու, Ռուսաստանից ինչ-ինչ զիջումներ պոկելու հանգամանքներից ելնելով եւ ԵՏՄ անդամների միջեւ առկա անհամաձայնություններով: Ամեն դեպքում, ըստ Կիրո Մանոյանի, եթե Հայաստանի առջեւ խնդիր դրվի ԵՏՄ-ին անդամակցել` հրաժարվելով Արցախից, կամ անդամակցության պայմանագրում ամրագրվի որեւէ կետ, որը հետագայում կարող է հիմք հանդիսանալ Հայաստան-Արցախ միասնական տնտեսական տարածքը խախտելու եւ Հայաստանի ու Արցախի միջեւ մաքսակետ դնելու համար, ապա Հայաստանը, միանշանակ, պետք է հրաժարվի ԵՏՄ-ին անդամակցելուց:

Հարցին` ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը ձգձգվում է, ավելին, ՀՀ վարչապետը հայտարարում է թե տեղյակ չէ, թե ինչու նախագահների հանդիպում տեղի չի ունեցել, Կիրո Մանոյանը արձագանքել է. «Երբ դիմացիններն ասում են, որ Հայաստանը բանակցում է Մաքսային միությանն անդամակցելու համար, հիմա ասում են Եվրասիական տնտեսական միության համար, սա Հայաստանից կախված չէ: Դիմացինները խաղի կեսին գոլի տեղը փոխեցին և այդտեղ մեր իշխանությանը մեղադրելու տեղ չկա: Այլ բան կլիներ, եթե ասեին, թե ստորագրում են, բարեբախտաբար այդ իրավիճակը չկա»:

Ըստ Կիրո Մանոյանի` այս հարցում «գաղտնիքներ» չկան. «Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը, մյուս երկուսը, Ադրբեջանի խաթրին նայելով, ձգձգում են: Հիշեք Պուտինի ասածները, թե ակնկալում է, որ Հայաստանը կմիանա և այլն: Պարզ երևում է, որ մյուս երկուսը, որ իրենք էլ հարցեր ունեն միության կազմավորման հարցում, շատ խանդավառված չեն հատկապես Ադրբեջանի պատճառով, որ ՀՀ-ն միանա: Մենք պիտի ճիշտը վարվենք այն իմաստով, որ զոռով չես կարող մտնել մի տեղ, որտեղ չեն ուզում մեզ, բայց իրենք էլ չեն ասել, որ չեն ուզում: Պարզապես փորձում են ինչ-որ բան կորզել Ադրբեջանից և Ռուսաստանից, որ Հայաստանին հանգիստ ասեն` այո: Եթե իսկապես չուզեին , հստակ կասեին, որ չեն ուզում»:

Կիրո Մանոյանի կարծիքով`անդամակցության մանրամասները հստակ չեն նաև իշխանության համար. «Եթե մեր իշխանություններն ուզում են, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը վայելի նաև հասարակության կարևոր մասի աջակցությունը, ապա պետք է որ իրենք հստակ մասնակցություն ունենան: Բայց փաստ է, որ որոշ բաներ իրենց համար էլ հստակ չեն»:

Անդրադառնալով մերձավորարեւելյան զարգացումներին, Կիրո Մանոյանն ասել է` Մերձավոր Արևելքում, որտեղ երկրների մասնատման միտում կա, մեծ է հավանականությունը, որ Իրաքում Քրդստանի շրջանը, հավանաբար մինչեւ տարեվերջ, կհռչակի իր անկախությունը: Դա տարածաշրջանում, ըստ բանախոսի, կստեղծի բոլորովին նոր իրավիճակ: «Մենք երբեմն պատկերացնում ենք, թե շատ հեռու ենք այդ տարածաշրջանից, բայց իրականում այդպես չէ, իրականում մեկ երկիր է մեզ բաժանում Իրաքից կամ Իրաքի Քրդստանի շրջանից, եւ այդ երկիրն էլ մեր պատմական հայրենիքի գրավված տարածքներն են: Եվ այդ փոփոխությունն իսկապես մեծ կարեւորություն կարող է ունենալ մեզ համար: Այսինքն` անպայման անհրաժեշտ է, որ Հայաստանն այդ իրադարձություններին անտարբեր չլինի, եւ այսօր տակավին Իրաքի Քրդստանի հետ, բայց եթե հանկարծ հռչակվի Քրդստանի պետություն, ապա դրա հետ հարաբերությունները բավական արագ եւ մերձ կառուցի»:

Նա ավելացրել է, որ այդտեղ, սակայն, կա նաեւ այլ ուժերի, մասնավորապես’ Թուրքիայի ներգործությունը, եւ ամենեւին չի նշանակում, թե Հայաստանի հետ հարաբերությունները, Քրդստանի ցանկությամբ, կլինեն սերտ:

Ամեն դեպքում` Կիրո Մանոյանը համոզված է’ Հայաստանն անտարբեր չի կարող մնալ ու պետք է ուշի ուշով հետեւի այդ իրադարձություններին:

Ինչ վերաբերում է Իրաքում, Սիրիայում ու, առհասարակ, Մերձավոր Արեւելքում ծավալվող մյուս զարգացումներին, «Իրաքի եւ Շամի իսլամական պետություն» կազմակերպության ակտիվացմանը, դա, ըստ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուի, բավական մտահոգիչ է, եթե ոչ ընդհանուր Մերձավոր Արեւելքում, ապա գոնե Իրաքում ու Սիրիայում հայ համայնքների իրավիճակի ու կարգավիճակի կապակցությամբ. «Որովհետեւ այն, թե նման ուժերը, որոնք արդեն հռչակել են խալիֆայություն, ինչպես են վերաբերվելու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` նաեւ հայերին, պարզ չէ ու մտահոգությունների տեղիք է տալիս»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Ալիեւը խուսափում ընդունել Ֆրանսու Օլանդի առաջարկը` հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, Կիրո Մանոյանը պատասխանել է. «Խուսափում է քանի որ ասելիք չունի»:

Ըստ Կիրո Մանոյանի, չի կարող երկրի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ խոստանալ մի բան, սակայն իրականացնել հակառակը: Հենց սա է պատճառը, որ Ալիեւը խնդիրներ է առաջացնում եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կոնկրետ արված հայտարարության վերաբերյալ պահանջում կոնկրետություն. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոնկրետություն է պահանջում կոնկրետ եւ բացահայտ հնչած առաջարկից, քանի որ չգիտի, թե այս անգամ նախագահների հետ հանդիպման ժամանակ ինչ պետք է ասի»:

«Եթե երկիրը չի կարողանում արտահայտել իր տեսակետը, եւ հանդիպման ժամանակ մեկ բան է խոստանում, սակայն իր տանը մեկ այլ որոշում ընդունում, դա խոսում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության վախճանի մասին: Ալիեւը խուսափում էր հանդիպումներից, դրա համար էլ խեղաթյուրում է իրականությունը: Այս հարթության մեջ Ադրբեջանը վաղուց պարտություն է կրել», ասել է Կիրո Մանոյանը, ավելացնելով, որ վերջերս նման ցավոտ պարտություններ Ադրբեջանը հաճախ է կրում:

Քաղաքական գործիչը հիշեցրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթը` հավելելով, որ նման պահվածքը Ադրբեջանի համար ոչ թե դրական քայլ էր, այլ պարտություն:

Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահի Հարավային Ամերիկայի երեք երկրներ` Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, կատարելիք այցելությանը` Մանոյանը այն շատ դրական և կարևոր համարեց. «Այդ երկրները կարևոր դեր ունեն իրենց տարածաշրջանում, նաև լինելով հայության հետ մոտ հարաբերություններ ունեցող երկրներ, այսօր դարձել են թիրախ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Այցը տեղին է ոչ միայն հարաբերությունների խորացման, այլև մեր հարևան պետությունների կողմից հակահայկական քարոզչությունների կանխելու առումով»:

Տպել Տպել