Իշխանությունը չկատարեց Սահմանադրական դատարանի որոշումը

Մինչ ՍԴ դիմելը` ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը կդիմեն քաղաքական մեծամասնությանը

ԱրծվիկԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով նոր կուտակային օրենքի մասին, նշեց, որ իշխանությունը ստիպում է, որ երկրորդ անգամ օրենքը բողոքարկվի ՍԴ-ում:

Նրա խոսքով` ցավալի է, բայց փաստ, որ իշխանությունը չանսաց ոչ միայն ընդդիմության հորդորներին, այլև նաև Սահմանադրական դատարանի որոշումը փաստացի չկատարեց:

Ըստ պատգամավորի` ՍԴ դիմելու դեպքում հույսը հիմնվում է այն համոզման վրա, որ, ի տարբերություն նախորդ օրենքի, այս անգամ ավելացել է ևս մեկ խոշոր խախտում` ընթացակարգերի կոպտագույն խախտումն է` օրենքների նախագծերի մշակման, ԱԺ ներկայացնելու և ԱԺ-ում քննարկումների և քվեարկությունների ողջ ընթացքը: «Այնպես է խախտվել, որ տպավորություն կա, որ ինչ-որ մեկը որոշել է, որ հետայսու պետք է այսպես լինի, և վերջ` անտեսելով և ոչնչացնելով Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր մարմինը, ոչնչացնելով հանրային կարծիքը: Այդ ընթացակարգային խախտումները գործի քննության ժամանակ հստակ հիմք են հանդիսանալու ՍԴ վերջնական որոշման համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ արդեն իսկ կան շատ նախադեպեր, երբ օրենքի ընդունման ընթացակարգերը չպահպանելը հիմք է հանդիսացել օրենքը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու համար:

Բացի դրանից, ըստ պատգամավորի, կան նաև բովանդակային շատ լուրջ խախտումներ: Այն, որ, ձևական առումով փոխելով պարտադիր կուտակային վճար հասկացությունը սոցիալական նպատակային վճար հասկացությամբ, բովանդակությունը չի փոխվել, դա փաստ է: ՍԴ որոշմամբ արձանագրված էր, որ պարտադիր վճարը պետք է գանձվի պետական բյուջե, որից հետո կառավարությունը պետք է որոշի դրա բաշխման ուղղությունները, և այդ բաշխումը պետք է գտնվի ԱԺ-ի վերահսկողության տակ, այդ կանոններն էլ պահպանված չեն:

Ընդհակառակը` թողել են օրենքի նույն նախկին մեխանիզմը: «Չեն էլ մտածել, որ եթե սա պետական բյուջեի մուտք պետք է համարվի, առնվազն 2014թ. պետական բյուջեի մասին օրենքում պետք է փոփոխություն լիներ, այսինքն` իրենց արածը ձևական է եղել, փորձելով շղարշ ստեղծել` իբր կատարվել է ՍԴ որոշումը: Էլ ավելի է վատացել վիճակը` կապված խտրականության դրսևորման, այլ ոլորտային առումով ևս: Ստեղծվել է մի իրավական, խուճուճ իրավիճակ, որի արդյունքում տուժում են, բնականաբար, քաղաքացին, պետությունը, վարկաբեկվում է ողջ պետական կառավարման համակարգը` սկսած ՍԴ-ից, վերջացրած ԱԺ-ով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով` եթե քաղաքացիական շարժումը հետևողականորեն կանգնի ու պաշտպանի իր իրավունքները և միանա քառյակի նախաձեռնությանը ՍԴ-ում, ապա ևս մեկ անգամ կարձանագրվի հաջողություն: Խոսքը օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկվելու միջնորդության մասին է այն անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն իրավաբանական ուժ չունեցող ակտը կիրառել քաղաքացիների նկատմամբ:

Մինչև ՍԴ դիմում ներկայացնելը` քառյակը ընթացակարգի պատշաճությունը պահելու համար ԱԺ ղեկավարությանը կդիմի` արձանագրելու բոլոր հնարավոր խախտումները, և ներկայացվելու է առաջարկ, որ քաղաքական մեծամասնությունը կամավոր կասեցնի օրենքի հակաօրինական ընթացքը, ուղղի այդ սխալը:

Տպել Տպել