Վրաստանում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ

Fotor0715130346Վրաստանում կայացել են շրջանային ժողովների նախագահների ընտրությունները: Ախալքալաք քաղաքի կառույցի ղեկավար է վերընտրվել Համլետ Մովսիսյանը:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

Նրա խոսքով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համընդհանուր երկրորդ փուլ չի եղել: «Ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել է այն վայրերում, որտեղ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները չեն հաղթահարել 50%-ի շեմը:

Ախալքալաքում ընտրական տեղամասերից մեկում ընտրությունների արդյունքները վիճելի էին, այսինքն՝ խախտումներ են արձանագրվել, այդ պատճառով կրկնակի ընտրություններ անցկացվեցին: Ախալքալաքի քաղաքապետին նշանակում է շրջանային խորհուրդը կամ շրջանային վարչությունը: Իսկ առաջին փուլում շրջանային վարչության նախագահ էր ընտրվել իշխանության ներկայացուցիչ Էդուարդ Աղասերյանը»,- նշեց Արտակ Գաբրիելյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվել Թբիլիսի, Բաթումի, Ռուսթավի, Փոթի, Մցխեթա, Պզուրգեթի, Թելավի քաղաքներում: «Թբիլիսիում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարմանիան: Մյուս վայրերում նույնպես հիմնականում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները»,- ընդգծեց Արտակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները կայացել են հունիսի 15-ին: Իսկ որոշ քաղաքներում ընտրությունների երկրորդ փուլը կայացավ հուլիսի 12-ին:

news.am

Տպել Տպել