ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության ձգձգումը միայն ադրբեջանական գործոնով չի պայմանավորված

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ արտաքին քաղաքականության հարցում հարկավոր է Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնել։

Fotor0715211541Պետք է հասկանալ, որ Հայաստանի ապագան «զարգանալ առանց զիջումների» կոնցեպցիայի մեջ է։ Աշխարհի որևէ երկրում չկա զիջմամբ հաջողության հասնելու որևէ բանաձև։ Եթե զիջում, ապա բացառապես հանդուրժողականության համար, որ կարելի է սերմանել, այլ բան զիջելու հնարավորություն չկա»,-ասաց պատգամավորը՝ ի պատասխան Tert.am-ի հարցի, թե Նախագահ Սարգսյանի հայտարարությունից կարելի՞ է եզրակացնել, որ ԵՏՄ անդամակցության հարցի ձգձգումը կապ ունի ԼՂ հարցի հետ, և դա պատասխան էր Ռուսաստանին, որ Հայաստանը ինչ-որ միության անդամակցելու համար զիջումների չի գնա։

Հիշեցնենք, որ Լատինական Ամերիկա կատարած պետական այցի շրջանակներում արգենտինական «La Nation» և Clarim» պարբերականներին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել էր, թե հայ ժողովրդին մտահոգում է ՌԴ կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին։

«Ի սկզբանե բոլորին պետք է պարզ լինի, այդ թվում՝ թե՛ Ռուսաստանին, թե՛ Ղազախստանին, թե՛ Բելառուսին, առավել ևս՝ Ադրբեջանին, որ ՀՀ որևէ իշխանություն երբեք չի ասի, որ հանուն ինտեգրացիայի մենք պատրաստ ենք զիջումների գնալ»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության ձգձգման հարցում ադրբեջանական գործոնը կապ ունի, սակայն, ըստ նրա, հարցը միայն դա չէ։ «Ես կարծում եմ, որ թե՛ Ղազախստանը, թե՛ Ռուսաստանը, և թե՛ Բելառուսը միատեսակ պատկերացում չունեն Հայաստանի ինտեգրացման և տնտեսության վերաբերյալ։ Եվ եթե դրան գումարենք, որ, այնուամենայնիվ, ադրբեջանական լոբբին աշխատում է, ապա ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հարցեր ու խնդիրներ են բարձրացվելու, որոնք շուտափույթ լուծման ակնկալիք չեն կարող ունենալ»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե հաշվի առնելով տնտեսական գործոնը, հնարավո՞ր է՝ Հայաստանն իր տնտեսությամբ բեռ է այդ երկրների համար և դրա համար չեն ողջունում Հայաստանի անդամակցությանը, Մինասյանը հակադարձեց. «Ես չեմ ասում, որ բեռ է, ուղղակի ամեն մի երկիր, իր շահը գիտակցելով և, ինչու չէ, նաև ադրբեջանական լոբբիի որոշակի ազդեցությունները դրդում են, որ Հայաստանի նկատմամբ որոշակի վերապահումային մոտեցում լինի, սա բնական է։ Այլ խնդիր է, որ մենք մեր շահերը պետք է փորձենք իսկապես առաջ մղել։ Եթե դրա արդյունքում, օրինակ, հայկական ապրանքատեսակները պետք է ստանան որոշակի արտոնություններ այդ տարածաշրջանում, և դա որևէ առանձին երկիր կարող է դիտել իր համար որպես Հայաստանի կտրվածքով բեռ, ապա դա իրենց խնդիրն է։ Եթե քաղաքական հարցով է, ապա դա նորից իրենց խնդիրն է և չպետք է մեզ համար դառնա սահմանափակող վարքագիծ կամ էլ զիջենք ինչ-որ բան, որպեսզի ստանանք ինչ-որ բան, այս դեպքը չի աշխատում»։

Իսկ թե ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ինչո՞ւ միայն հիմա անհրաժեշտություն առաջացավ ասել, որ մենք մտահոգված ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքից, Արծվիկ Մինասյանը նախ ընդգծեց, թե չի կարծում, որ այդ հարցի բարձրացումը կապված է ԵՏՄ կամ ՄՄ անդամակցության շրջանակներում հնարավոր խոչընդոտների հետ։

«Ավելի շատ իսկապես Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի, կեցվածքի հետ է կապված, ինչը արդյունք է նաև նրա, որ զենքերի գնումը Ռուսաստանից է։ ՌԴ պաշտոնատար առանձին անձինք հայտարարում են, թե զենքի վաճառքը բիզնես է, հիմա բիզնեսը վերածվել է այլևս սպառնալիքի, և չխոսել դրա մասին, չբարձրաձայնել, ու նաև չհրավիրել համապատասխան ուշադրություն ու չձեռնարկել քայլեր` սխալ կլիներ»,-ասաց նա։

Հարցին, թե Սերժ Սարգսյանի արձագանքն ուշացած չէ՞, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց, թե քանի որ ինքը չի տիրապետում բոլոր այն գործիքակազմին, թե երկրի ղեկավարությունն ինչ քայլեր է իրականացնում, դժվարանում է պատասխանել. «Բայց այն, որ «ուշ, բայց ոչ ուշացած»-ի ռեժիմով պետք է աշխատել, այս դեպքում միանշանակ է։ Այսինքն՝ մենք հնարավորինս պետք է թե՛ միջազգային հանրության, թե՛ հատկապես Ռուսաստանի ուշադրությունը հրավիրենք այդ փաստի վրա, որ, այո՛, ադրբեջանական զենքի գնումները, զինուժի հարստացումը, սա նաև արդյունք է, պատճառ է ռազմատենչ կեցվածքի: Հետևաբար, ամեն ինչ պետք է անել` ագրեսիայի դեմն առնել»։

tert.am

Տպել Տպել