Պետք է ավելի հստակ ներկայացվի «Նաիրիտի» բաժնետոմսերը «Որոտանին» փոխանցելու որոշման իմաստը

nairttert.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն ասաց, որ առանց մանրամասնությունների տիրապետելու, միայն ներկայացված նախագծի հիման վրա չի կարող ասել՝ կառավարության նիստի օրակարգում ներառված՝ պարտքի դիմաց «Որոտան» ՀԷԿ-ին «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը հանձնելու հարցը իր մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակու՞մ է, թե՝ ոչ:

-Պարո՛ն Մինասյան, այս հարցը չպե՞տք է ներառվեր Ազգային ժողովի «գազային» ժամանակավոր հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող հարցերի թվում:

-Միանշանակ, սա ենթակա է քննարկման այդ հանձնաժողովում, որովհետև խոսքը էներգետիկ համակարգի երկու խոշորագույն կառույցների մասին է, որոնք նաև գազի ոլորտում որոշակի ծառայություններ են մատուցել՝ այս համակարգում առկա ֆինանսական պարտավորությունների շղթայի փակման ուղղությամբ կատարվող գործողություններում: Հետևաբար՝ ընդհանուր համատեքստում միանշանակ քննարկման ենթակա է:

Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ փաստորեն «Նաիրիտ 2» գիտահետազոտական կազմակերպության բաժնետոմսերի փոխանցում է տեղի ունենում: Չնայած այն բանին, որ մի շարք պետական ընկերությունների մասին է խոսքը, բայց, այնուամենայնիվ, ուղղակիորեն շուրջ 47 տոկոս բաժնեմասն այլևս հանձնվում է Էներգետիկայի նախարարությանը: Բայց շատ ավելի կարևոր է, որ ուսումնասիրվի այս ընկերության բաժնեմասերի կառուցվածքը:

Երրորդ կարևոր խնդիրն այն է, որ «Նաիրիտ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության շուրջ 4 տոկոս բաժնեմասը, պատկանում է «Հայգազարդին»: Սա ևս շատ կարևոր է, և նշանակում է, որ հարցը պետք է դիտարկվի ամբողջական համակարգում՝ ոչ միայն «գազի» հանձնաժողովում: Հարցը ողջ էներգետիկ համակարգի և նաև խոշորագույն «Նաիրիտ» գործարանի ճակատագրի մասին է:

-Հետևաբար , դրա քննարկումը կարո՞ղ է դառնալ քառյակի, այսպես ասած, 13-րդ կետ և պահանջ:

-Տարբեր բաների մասին ենք խոսում: Նախ անհրաժեշտ է հասկանանք, թե այս որոշման և դրա իրագործման ընտրված ձևը որքանո՞վ է արդյունավետ: Սա ի՞նչ կարող է տալ մեր տնտեսությանը, մեր էներգետիկ համակարգին, մեր արդյունաբերությանը: Եթե զուտ ֆինանսական պարտավորությունների մարում է տեղի ունենում, որոնց հետևում չկան թաքնված խոշորագույն գործարքներ, այդ թվում նաև՝ վարկի անարդյունավետ օգտագործում, ապա կարծում եմ՝ սա առողջացմանը միտված գործողություն է: Իսկ եթե կան խնդիրներ, ու փորձ է արվում կոծկել կամ մաքրել դրանք, ապա սա միանշանակ նաև իրավապահ մարմինների քննության առարկա պետք է դառնա:

-Կա մեկնաբանություն, որ Կառավարությունը զրոյացնում է «Գազպրոմին» փոխանցված «Հայռուսգազարդի» տարիների ընթացքում կուտակած շուրջ 8.5 մլրդ-ի պարտքերը: Այդպե՞ս է:

-Չէ՛, դրանք տարբեր բաներ են , քանի որ նախագիծն իր մեջ բավականին քիչ ինֆորմացիա է պարունակում, դրա համար նման եզրահանգման գալը միանշանակ չէ: Հարկավոր է հասկանալ, թե, ի վերջո, «Հայգազարդը», որը ժամանակին ստեղծված էր Հայաստանի գազային 13 ընկերությունների միավորման հիման վրա, ի՞նչ նպատակի էր ծառայում, ինչպե՞ս են գոյացել այդ պարտավորությունները, որից հետո կարող ենք ընդհանուր եզրահանգման գալ:

-Շատ լավ, «Նաիրիտի» բաժնեմասը, «Որոտանը» տրված են ամերիկյան ընկերությանը, սակայն սրանք տարբեր բաներ են, և անգամ Վարդան Բոստանջյանից համեմատություն հնչեց, որ ասես զկեռն ու բանանը միավորեն իրար: Նման նախադեպ երբևէ եղե՞լ է:

– Նախ, «Որոտան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ֆորմալ առումով համարվում են պետական սեփականություն, ուրիշ բան, որ մենք ասում ենք, որ տեղի է ունեցել քողարկված մասնավորեցում: Բայց փաստացի այսօր «Որոտան» ընկերության բաժնետոմսերը ձևական առումով պատկանում են ՀՀ-ին և «Որոտանին» փոխանցվող ցանկացած գույք, համարվում է պետական ընկերությանը փոխանցվող գույք:

Երկրորդ՝ «Նաիրիտի» մասով խոսքն ընդամենը 4 տոկոս բաժնեմասի մասին է, իրական «Նաիրիտ» գործարանի, ոչ թե գիտահետազոտական մասի, որը լուրջ քննարկման առարկա պետք է դիտարկվի բացառապես «Նաիրիտի» վերագործարկման հարցի շրջանակներում: Միայն սա մանրամասն ուսումնասիրելուց հետո կարելի է ընդհանուր պատկերացում կազմել: Իսկ ինչ վերաբերում է զուտ ֆինանսական տեսակետից ակտիվների փոխանցումներին, պարզ է, որ դրանք բոլորը ակտիվներ են և ֆինանսների տեսակետից էդ բոլոր ակտիվներն ունեն որոշակի արժեք: Եվ համարվում են նույն դասի ակտիվներ:

-Պարո՛ն Մինասյան, իսկ չե՞ք կարծում, որ գործադիրը նման անսպասելի որոշում ամառվա կեսին չպետք է ընդուներ՝ երբ քաղաքական սեզոնի փակում է, ակտիվություն չկա, ԱԺ չկա։

-Կտրուկ չեմ վերաբերվի այդ հարցին, պարզապես, երբ ԱԺ-ում ներկայացվի այս հարցը, մինչև այս մասին որոշում կայացնելը առնվազն հրապարակվի այդ ողջ հայեցակարգը, այդ ժամանակ կկարողանանք գնահատական տալ:

-Այսինքն՝ սա նաև ԱԺ-ի կողմից պետք է հաստատվի՞:

– Ո՛չ, կառավարությունն իր լիազորությունների մեջ է, խոսքը դրա մասին չէ: Ես խոսում եմ այն մասին, որ այդ լիազորություններն իրականացնելիս՝ կառավարությունն անդրադառնում է մի ամբողջ էներգահամակարգի. թե՛ էներգետիկ, թե՛ արդյունաբերական: Եվ պառլամենտին ամբողջական տեղեկատվություն պետք է ներկայացվի:

-Հիշո՞ւմ եք, երբ ԱԺ արտահերթ նիստ էր, քառյակը բողոքում էր, որ կառավարությունն առանց հանրային քննարկման, հրատապ ռեժիմով քննարկում է ընդգրկուն և հանրային հնչեղության հարցեր: Եվ ըստ Ձեզ՝ այդ ընթացակարգերը պետք է պահպանվեի՞ն, մինչև գործադիրը նման որոշում կընդուներ:

-Իհարկե՛, հանրային քննարկումների ընթացակարգը պետք է պահպանվեր, բայց չեմ կարող ասել՝ պահպանվա՞ծ է, թե ՝ոչ, որովհետև պետք ուսումնասիրվեն ամբողջությամբ. հրապարակված եղե՞լ է նույն մշակող մարմնի ինտերնետային կայքում, և դա վերաբերում է բոլոր տիպի նորմատիվ ակտերին: Այս տեսակետից կարիք կա, որ սա հետագայում ուսումնասիրության առարկա դառնա, բայց նման կտրուկ գնահատական տալ հիմա չէի ուզենա, որովհետև նաև պետք է արձանագրել, որ խոսքը անհատական իրավական, այլ ոչ նորմատիվ իրավական ակտի մասին է:

-Այնուամենայնիվ, ամփոփելով այս ամենը,Դուք կոռուպցիոն ռիսկեր տեսնո՞ւմ եք:

-Որպեսզի որևէ հնարավոր բացասական ռիսկ բացառենք, անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունն ավելի մանրամասն և ավելի հստակ տեղեկացնի այս որոշման իմաստը, տրամաբանությունը, որպեսզի որևէ հարց չառաջանա: Այս տեսքով հասարակության մոտ այն կարող է նաև կոռուպցիոն ռիսկերի կասկածների տեղիք տալ: Բայց միանշանակ չեմ պնդում, որ այս պահին, այստեղ կա կոռուպցիոն ռիսկ:

-Իսկ նման որոշման շարժառիթի մասին ենթադրություն ունե՞ք:

-Ես հենց այդ եմ ասում, որ հիմնավորման մեջ նշվում է, որ տեղի են ունեցել համակարգի առողջացման ռազմավարության մշակման աշխատանքներ: Հիմա շատ կարևոր է, որ այդ ռազմավարությունը հրապարակվի, մանրամասնվի, որից հետո կարողանանք գնահատական տալ: Արդյոք դրանք անձնակա՞ն են, խմբայի՞ն են, կոռուպցիո՞ն են, թե՞ նպատակ ունեն էներգետիկ համակարգի առողջացման:

tert.am

Տպել Տպել