Աւարտուեց Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Համաշխարհային փառատօնը

erit2014 թ. օգոստոսի 20-26-ին, Մալթայում տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) Համաշխարհային փառատօնը։

Փառատօնին մասնակցում էին աւելի քան 1000 հոգի աշխարհի 65 երկրներից։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը փառատօնին մասնակցում էր երկու ներկայացուցչով` Կարապետ Շադոյեան և Սարինէ Աբրահամեան։

Փառատօնի բացման հանդիսութեանը մասնակցում էին Մալթայի վարչապետ` Ժոզեֆ Մուսկատը (Աշխատաւորական կուսակցութիւն) և Եւրախորհդարանի պատգամաւորներ։ Ելոյթով հանդէս եկան Ը.Ե.Մ.Մ.-ի նախագահը և ընդհանուր քարտուղարը։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները մասնակցեցին փառատօնի շրջանակում կազմակերպուած քաղաքական բանավէճերի և աշխատանոցների` արդի քաղաքական խնդիրների վերաբերեալ, որտեղ ներկայացրին իրենց տեսակէտները։
Մասնաւորապէս ընդծելի է նրանց ելոյթը Սևծովեան տարածաշրջանի համագործակցութեան օրակարգով աշխատանոցում, որտեղ Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները ներկայացրին Հայաստանի ներկայիս ընկերային, տնտեսական և քաղաքական վիճակը, նշելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման ու դրա հետևանքների, Եւրասիական միութեանը` Հայաստանի անդամակցելու որոշման և, Եւրոպայի կողմից Հայաստանին չօժանդակելու հարցերը։
Իրենց ելոյթի յաջորդ բաժնում նրանք անդրադարձան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմանում վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած պատերազմական իրավիճակին, Ադրբեջանում գերեվարուած Կարէն Պետրոսեանի սպանութեանը, Ադրբեջանի իշխանութեան ռազմատենչ յայտարարութիւններին, որոնց ամենացայտուն նմուշներից են Ալիևի տուիտերեան գրառումները` պատերազմի սպառնալիքով։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները շեշտեցին, որ թէև Հայաստանը պատրաստ է պատերազմի, սակայն իրենք համոզուած են, որ պատերազմը լուծում չէ և, հակամարտութեան լուծման միակ ուղին խաղաղ բանակցութիւններն են։
Փառատօնի շրջանակում քաղաքական բանավէճերից ու աշխատանոցներից բացի կազմակերպուել էին մարզական մրցոյթներ, շրջագայութիւն դէպի Մալթայի տեսարժան վայրեր և ընդհանուր ծանօթութիւն երկրի հետ։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները կապեր ստեղծեցին տարբեր երկրների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ:

Փակման հանդիսութեան ժամանակ հանդէս եկան Ը.Ե.Մ.Մ.-ի նախագահ՝ Ֆելիպէ Խելդրեսը, ընդհանուր քարտուղար՝ Էուին Ինչիրը և, Մալթայի Ընկերվարական երիտասարդական կազմակերպութեան ատենապետ՝ Ալեքս Սալիբան: Նրանք իրենց շնորհակալութիւնը յայտնեցին բոլոր մասնակիցներին, որոնց շնորհիւ փառատօնն անցաւ յաջող և հաճելի: Միաժամանակ բոլորին յաջողութիւններ մաղթեցին և վստահեցրեցին, որ միասին` բոլորի համընդհանուր ջանքերով կարող ենք ունենալ աւելի արդար և ընկերվար աշխարհ:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը (Ը.Ե.Մ.Մ.) (International Union of Socialist Youth) Ընկերվար-Միջազգայնականին (Socialist International) ուղեկից միութիւն է։ Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական, աշխատաւորական եւ ուսանողական միութիւններ 100 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրաւ անդամ է։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
29 օգոստոս, 2014 թ.
Երևան

Տպել Տպել