Սահմանադրական փոփոխությունները քառյակի համար փորձաքար կհանդիսանան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցազրույցը «Հայկական Ժամանակ» օրաթերթին

Fotor0901120744Ոչ իշխանական քառյակում տարաձայնություններին ավելացել է եւս մեկը: Դաշնակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» ցանկանում են կրկին Սահմանադրական դատարան դիմել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հարցով, իսկ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դեմ են դրան, թեեւ ՍԴ-ի դիմումը գրեթե պատրաստ է:

«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը աննպատակահարմար են համարում ՍԴ դիմելը, դրա մեջ իմաստ չեն տեսնում, այն համարում են ժամանակի անիմաստ վատնում, իսկ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն` ընդհակառակը: Քառյակում արդեն սեպարատ հանդիպումներ են սկսվել, եւ դժվար է ասել, թե դրանք ինչով կավարտվեն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով պատրաստում է ՍԴ-ի դիմումը, երեկ պատասխանել է մեր հարցերին:

– Պարոն Մինասյան, ո՞րն է լինելու ՍԴ այս նոր դիմումի հիմնական պահանջն ու շեշտադրումը:

– Ապրիլի 2-ի ՍԴ որոշմամբ դատարանն առաջադրել էր ոչ միայն կենսաթոշակային համակարգի բարեփոխումների անհրաժեշտություն, այլ, ըստ էության, տվել էր նաեւ ճանապարհային քարտեզ: Մեր խորին համոզմամբ, այդ քարտեզը իրացված չէ: ՍԴ ներկայացվելիք դիմումի առաջին խոշոր հատվածը լինելու է այն, որ բովանդակային առումով ընդունված օրենքները չեն ապահովում Կուտակայինի հարցով ՍԴ որոշմամբ ներկայացված իրավական որոշումները, որոնց մեջ սեփականության իրավունքի պաշտպանության հարցն է, քաղաքացու արժանապատիվ թոշակ ստանալու հարցը եւ այլն: Դիմումի երկրորդ հատվածը լինելու է ընթացակարգային խախտումների վերլուծություն: Մյուս հատվածը վերաբերում է օրենքների տեխնիկական մասին: Շփոթ կա օրենքի կարգավորման դաշտում եւ ստեղծված խառնաշփոթն իրավակիրառ պրակտիկայում բերելու է քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարումների: Մենք հույս ունենք, որ այս բողոքը եթե ոչ 100 տոկոսով, ապա էական մասով կբավարարվի, եւ մենք վերջում կկարողանանք կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին հաղորդել մարդկային տեսք:

-Բայց Ժառանգությունն ու ՀԱԿ-ը իմաստ չեն տեսնում կրկին ՍԴ դիմելու մեջ: Իմաստը, ըստ Ձեզ, ո՞րն է, եւ ինչպե՞ս եք վերաբերվում մյուս երկուսի դիրքորոշմանը:

-Անկեղծ, ինձ միշտ մտահոգել է, թե քաղաքական ուժերը ինչո՞ւ են որդեգրում մի քաղաքականություն, հետո ընթացքում հրաժարվում են դրանից: Մեզ համար սահմանադրական բողոքարկումն ունի մեկ կարեւոր նպատակ` երկրում պետք է հաստատվի սահմանադրական արդարադատություն: Իսկ դրա առաջին կարեւոր պայմանն է` ճանաչել եւ դիմել սահմանադրական մարմնին: Երկրորդ, ՍԴ-ն ապրիլի 2-ին կայացրել է, իմ գնահատմամբ, շատ լավ որոշում, եւ հարկավոր է հասնել նրան, որ այդ որոշումը կատարվի մինչեւ վերջ: Ինչ վերաբերում է անիմաստությանը կամ որոշակի իմաստ չտեսնելուն, ամեն քաղաքական ուժ եւ գործիչ ինքն է որոշում իր վարքագծի իմաստավորության աստիճանը, եւ գտնում եմ, որ եթե առաջիկայում դիմումի բովանդակությունը փոխանցվի նաեւ քառյակի մյուս ուժերին, շատերն իրենց վերաբերմունքը կփոխեն:

– Հնարավո՞ր է, ի վերջո, քառյակում համաձայնություն ձեռք չբերվի, ու վերջում ՍԴ չդիմեք:

– Մենք հակված չենք դրան, բայց ամեն ինչ քննարկումների ընթացքում կերեւա: Ես չեմ կարող հիմա վստահ կանխատեսել, թե ինչ տեղի կունենա քառյակի մեջ, բայց ինձ համար, որպես մասնագետի, ակնհայտ է՝ եթե մենք սահմանադրական բողոքարկում չբերենք, նշանակում է, կորցնում ենք սահմանադրական ճանապարհով փոփոխություններ իրականացնելու իրական հնարավորությունը:

– Այդուհանդերձ, չի բացառվում, որ քառյակում այլ որոշում կայացվի:

– ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, ըստ էության, համաձայնվել են սահմանադրական բողոքարկման ճանապարհով գնալուն: Սա նշանակում է, որ անկախ նրանից` «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը կմիանան մեզ, թե` ոչ, մենք անհրաժեշտ ստորագրությունների քանակությունը կունենանք: Բայց քանի որ մենք հարգում ենք մեր գործընկերներին, ուզում ենք, որ բովանդակային քննարկում տեղի ունենա նաեւ քառյակում:

– Ե՞րբ հստակ կլինի, թե երբ կքննարկեք եւ երբ կդիմեք ՍԴ:

– Կարծում եմ, առաջիկա օրերին, երբ ավարտվի դիմումի մշակման աշխատանքը, սեպտեմբերի ընթացքում թե՛ քառյակի քննարկմանը կներկայացվի եւ թե՛ վերջնական որոշումը կկայացվի:

– Պարոն Մինասյան, քառյակում սահմանադրական փոփոխությունների հարցում հակասություններ կան: Այս հարցում հակասություն կա, մինչ այդ էլ կային, հիմա առանձին-առանձին հանդիպումներ են տեղի ունենում: Չե՞ք կարծում, որ ինչ-որ շատ են շատանում այդ հակասությունները, ու հնարավո՞ր է` քառյակում լուրջ ճաքեր առաջանան:

– Հաճախ քառյակը շփոթում են կոալիցիայի հետ: Քառյակը կոնկրետ հարցերի շուրջ համագործակցության ձեւաչափ է: Որեւէ ձեւով այն չի կարող դիտարկվել որպես մի ամուր կամ կուռ երկաթբետոնե կառույց, որը քանդվում է կամ տարաձայնությունների պատճառով կարող է փլուզվել: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը մենք կարեւորել ենք եւ գտնում ենք, որ դա համակարգային իշխանափոխության առաջին ու հիմնական քայլն է, որը պետք է լինի սահմանադրական մակարդակում, իսկ այնուհետեւ նաեւ ընտրական համակարգի միջոցով կոնկրետ անձանց փոփոխության մասով: Այստեղ կա տարաձայնություն: Նրանք, ովքեր համարում են, որ դա ճիշտ ճանապարհ չէ, ունեն իրենց տեսակետը, բայց երբեք ընդունելի չեն գնահատականները, երբ փորձում են վիրավորել կամ համեմատել մեր թշնամիների հետ, սկսած առանձին խոշոր քաղաքական գործիչներից, վերջացրած առանձին վերլուծաբան քաղաքագետների կամ լրագրող-գրչակների մակարդակով, երբ փորձ է արվում տեսակետը պահպանողին կամ կրողին ներկայացնել որպես հաճախորդ կամ չգիտես ինչ: Բոլոր այն անձինք, ովքեր չեն պատկերացնում համակարգային փոփոխության իմաստն ու տրամաբանությունը, ովքեր անտեսում կամ նսեմացնում են Սահմանադրության դերը, նշանակում է՝ իրենք այդ սահմանադրական փոփոխություններում իրենց չեն տեսնում եւ երկրի վիճակի բարելավումը չեն տեսնում:

Լուսինե Բարսեղյան

armtimes.com

30/08/2014

Տպել Տպել