Հունաստանի որոշումը` օրենքով պատժել Ցեղասպանությունը ժխտողներին, ողջունելի է

կիրո Հունաստանի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը ողջունելի է, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը. «Հատկապես այս մթնոլորտում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացքի մեջ է Փերինչեքի դեմ Շվեյցարիայի հակընդեմ հայցը, նման օրինագծի անցկացումը շատ հաճելի է, բայց պետք է հետևել այս ամիսներին ՄԻԵԴ-ում սպասվող իրադարձություններին, քանի որ այդ օրենքը, հիմնականում, նույն մոտեցումն ունի, ինչ Շվեյցարիայի օրենքը, որը ՄԻԵԴ-ն առայժ հայտարարել է խոսքի ազատության կաշկանդում: Այդ վճիռը բողոքարկվել է ու նախատեսվում է, որ կքննարկվի»:

Նրա խոսքով` կարևոր է, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունվող որոշումն ատելության տարածման դեմ արգելքները չհամարի խոսքի ազատության կաշկանդում:

«Շվեյցարիայի ու Հունաստանի օրենքները չեն վերաբերվում միայն Հայոց ցեղասպանության հարցին, քանի որ օրենքներում ասվում է, որ այն ոճիրները մարդկության դեմ, որոնք ընդունվել են դատարանների կողմից կամ, օրինակ, Հունաստանի խորհրդարանի կողմից, դրանց ժխտումը դատապարտելի է»,-նշել է բանախոսը:

Կիրո Մանոյանը նշյալ օրինագծի ընդունումը համարում է հայ համայնքի և հույն հասարակության որոշ շրջանակների գործունեության արդյունք` միևնույն ժամանակ շեշտելով, որ առկա են Հունաստանի և Ադրբեջանի սերտացող հարաբերություններ:

Ըստ Կիրո Մանոյանի, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Թուրքիա և նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանին փոխանցված հրավերը հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու մասին ակնարկ է պարունակում, թեև այդ մասին չի հրապարակվել, եւ դա է պատճառներից մեկը, որ նախարարի այցն իրենց համար ողջունելի չէր:

Նա հիշեցրել է, որ այսօր թեև այդ արձանագրությունները քաղաքականապես «մահացած են», սակայն իրավականորեն կան, ինչն անընդունելի է:

Ըստ նրա` արձանագրություններն իրավականորեն վերացնելու ամենահեշտ եղանակը դրանք հետ կանչելն է, առավել ևս, որ առջևում Ցեղասպանության 100-րդ տարելիցն է` 2015 թվականը:

Անդրադառնալով Սարգսյան-Ալիև վերջին հանդիպմանը և սպասվողին` Մանոյանը կարևորեց միջնորդ պետությունների դերը: «Այդ հանդիպումներից երևում է, որ միջնորդ պետությունները փորձում են ամեն ինչ անել, որ պատերազմի հավանականությունը նվազագույնի հասնի»,- ասել է նա:

Կիրո Մանոյանը գտնում է, որ Ադրբեջանը ԼՂՀ հակամարտության հարցում կա երկու նպատակ. «Առաջինը՝ բանակցությունները դուրս բերել ԵԱՀԿ շրջանակներից, որովհետև եթե Մինսկի խումբը ուղղակի բանակցությունների վրա թեկուզ դրական տեղաշարժ չի ապահովել, սակայն մի բան ապահովել է, այն է` որ միջնորդ պետությունները հասկացել են, որ Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելով»:

Ադրբեջանի երկրորդ նպատակը, ըստ Կիրո Մնոյանի, հարցը լուծել ոչ թե փաթեթային համաձայնությամբ, այլ հանգրվանային լուծմամբ: Սակայն բանախոսը գտնում է, որ չկա ոչ մի համաձայնություն, եթե բոլոր կետերի շուրջ չկա համաձայնություն:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Կիրո Մանոյանն ասել է, որ վերջին հանդիպումը ԱՄՆ-ի շահագրգռվածության արդյունք էր: Սակայն նա գտնում է, որ բանակցությունները առաջ չեն շարժվում, քանի որ Ադրբեջանն իր պահվածքը չի փոխում. «Միջնորդ երկրները ամեն ինչ փորձում են անել, որ պատերազմի հավանականությունը նվազեցվի»:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականությանը պաշտպանելու վերաբերյալ հայտարարությանը, Կիրո Մանոյանն ասել է. «Հայաստանի նախագահը ոչինչ չի ստորագրել, անդամ պետություններն են ստորագրել, և Հայաստանը չէր էլ կարող անդամ երկրների պետությունների հայտարարության տակ ստորագրել, որովհետև անդամ երկիր չէ»:

Կիրո Մանոյանը նշել է, թե նոր չէ, որ ՆԱՏՕ-ն խոսում է նախկին Խորհրդային Միության մի շարք երկրների տարածքային ամբողջականության մասին, նաեւ հավելել, որ նույն հայտարարությամբ կոչ է արվում, որ Կովկասում առկա հակամարտությունները կարգավորվեն այն սկզբունքների հիման վրա, որոնք նախանշված են:

Ըստ նրա՝ այդ հայտարարությունը ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանության հանձնառություն էր և ոչ թե այն մասին է, և որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն այդ սկզբունքի հիման վրա. «Անշուշտ լավ կլիներ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը ևս նշվեր, սակայն մյուս հակամարտությունների համար ազգերի ինքնորոշման սկզբունքը ճշտված չէ»:

Կիրո Մանոյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկած հանդիպումները քաղաքական ճնշում են կողմերի վրա՝ ղարաբաղյան հարցով բանակցությունները մեռյալ կետից շարժելու համար:

Կիրո Մանոյանը չի կարծում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպմանը համանախագահները կարգավորման նոր փաթեթ կներկայացնեն:

«Եթե դա այդպես լիներ, Ադրբեջանն ավելի ակտիվ քայլեր կձեռնարկեր: Բաքվի բոլոր ջանքերն ուղղված են նրան, որպեսզի բանակցությունները դուրս բերվեն ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափից, քանի որ այդ խմբի շնորհիվ միջնորդները հասկացան, որ հակամարտությունը չի կարող լուծվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելով», – նշել է Կիրո Մանոյանը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունները շարունակվելու դեպքում Ադրբեջանը կփորձի հասնել ավելի մեծ համաձայնության, այսինքն անել այնպես, որ կարգավորումը չլինի փաթեթային համաձայնագիր, ինչպես նախատեսված է մադրիդյան սկզբունքներով. «Ռուսաստանում եռակողմ հանդիպումից հետո հրադադարի խախտման դեպքերը նվազել են, եւ սա վկայում է, որ այդ հանդիպումները դերակատարում ունեն նաեւ այդ իմաստով»:

Տպել Տպել