Բաց խոսենք, ո՞րն է ձեր նպատակը

Fotor0916165511Այսօր «Սահմանադրական բարեփոխումների մասին «Ժառանգության» նախաձեռնած խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց է ուղղել՝ ԲՀԿ-ին, «Ժառանգությանը» եւ ՀԱԿ-ին, որոնք գտնում են, որ այսօր ժամանակը չէ սահմանադրական փոփոխությունների. «Եթե դու համարում ես, որ այս իշխանություններն այնքան վատն են, որ որեւէ բան նրանց չպետք թույլ տալ, ուրեմն հայտարարեք նրանց թշնամի եւ վերաբերվում ես թշնամու պես՝ ոչնչացնում ես: Կա՞ այսօր նման մտադրություն, խոսենք: Պատրաս՞տ են այսօր այդ քաղաքական ուժերը: Ձեր նպատակը ո՞րն է այսօր, 2018 -ի ընտրությունները, թե՞ այլ բան կա: Բաց խոսենք: Մեր տարբերակով մենք սահմանափակում ենք իշխանության վերարտադրման հնարավորությունը, գնում ենք ավելի հասարակության կարծիքը հաշվի առնելու: Թող ժողովուրդը որոշի, հասարակությունը որոշի, հասարակության մեծ մասը… : Քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական ուժերը, կուսակցությունները: Պետք չէ թաքնվել հասարակության, ժողովրդի անվան տակ: Պետք է անել այնպես, որ երկիրը շնչի, դրա համար պետք չէ՞ ստեղծել մեր ամբողջական փաթեթը, դնել իշխանությունների առաջ: Կանենք դա՝ իշխանությունները չեն վերարտադրվի, չենք անի՝ այս վատ իշխանությունները լավ էլ կվերարտադրվեն»:

Ըստ Աղվան Վարդանյանի` իրենց տեսակետը տարիներ ի վեր հայտնի է եղել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված. «Այս համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը: Իրականում ունենք սուպերնախագահական համակարգ, որտեղ չափազանց կենտրոնացված է իշխանությունը, քաղաքական մեծամասնությունն ու նախագահը մի կուսակցության ներկայացուցիչներ են: Երբ նախագահը դառնում է ոչ մեծամասնությունից, դրա սցենարը ամբողջ աշխարհում հայտնի է: Պատկերացրեք, այսօր ՀՀ նախագահը լիներ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկ շաբաթ հետո երկիրը կլիներ բոլորովին այլ տեղ»:

Անդրադառնալով այն ուժերի փաստարկներին, որոնք դեմ են բարեփոխումներին Աղվան Վարդանյանն ասել է. «Այս իշխանությունները շատ վատն են, իրավունք չունեն բարեփոխումներ անելու՝ մեկ: Երկրորդ՝ այս իշխանությունները սա անում են՝ միայն վերարտադրվելու համար: Տասնամյակների փորձն ապացուցել է, որ այս կիսանախագահական համակարգն առավելագույնս հարմարեցված է՝ իշխանության վերարտադրման համար: Դրա օրինակները մենք ունենք: Վերջին խորհրդարանական ընտրություններում համամասնական 70 տոկոսից ավելի ձայները տարել են երկու քաղաքական ուժեր, որոնք օգտագործել են վարչական ռեսուրսը եւ ֆինանսական ուժը: Մեծամասնական ընտրակարգով 92.5 տոկոսը դարձյալ տեղերը տարել են այդ ուժերը: Ո՞վ է տալու այդ երաշխիքը, որ այս համակարգի պարագայում այս իշխանությունները չեն վերարտադրվելու, շատ ավելի հեշտ են վերարտադրվելու, եթե չփոխվի»:

Տպել Տպել