Համախոհության միջոցով իշխանությանը պարտադրել փոփոխություններ` ստանալով երաշխիքներ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրած` «Սահմանադրական փոփոխություններ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, վերահաստատեց, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին` դրա կենտրոնում տեսնելով կառավարման մոդելի փոփոխություն, և դա ոչ թե իրավիճակային մոտեցում է, այլ տարիների ընթացքում ձեւավորված` ՀՅԴ-ի համոզումը:

Այն բանախոսներին, ովքեր մատնանշում էին կառավարման խորհրդարանական համակարգի թերությունները, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ՀՀ անկախության 23 տարիների ընթացքում կառավարման կիսանախագահական մոդելի ժամանակ ձևավորվեցին բոլոր բացասական երևույթները: «Որևէ մեկը սին հույսեր չի փայփայում, որ, կառավարման մոդելը փոխելով, միանգամից բոլոր թերությունները կվերանան, բայց ակնհայտ է նաև, որ ներկա կառավարման ձևն իր հիմքում դրել է երկրում առկա բոլոր բացասական երևույթները ամրապնդելու սկզբունքը:

Ներկայիս կառավարման մոդելը իշխանության գերկենտրոնացում է պարտադրում, գերանձնավորված նախագահի ինստիտուտ, որը ստեղծել է մի վիճակ, երբ փաստացի իշխանության բոլոր ճյուղերը զրկված են ինքնուրույնության աստիճանից: Անգամ` եթե տեղի ունենա տարբեր ուժերի վերադասավորում, այն կրկին բերելու է ճգնաժամի»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ քաղաքական ուժերը չպետք է թույլ տան, որ երկիրը հայտնվի ճգնաժամի մեջ, որ նոր անցնեն սահմանադրական փոփոխությունների: Արծվիկ Մինասյանը անդրադարձավ նաև այսօրվա դատական համակարգի անկախ չլինելու փաստին, և որ սահմանադրական փոփոխությունների կարևոր հարցերից մեկն է անկախ և ինքուրույն դատական համակարգի ձևավորումը:

Ըստ պատգամավորի` ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման պատճառներից մեկն էլ այն է, որ այդ դրույթների մեծ մասը կրում է հռչակագրային բնույթ, և չկան մեխանիզմներ: Իրավունքի գերակայության մեխանիզմի մասին է խոսվում, բայց դրա մեխանիզմը չկա, չկա մասնակցային ժողովրդավարության մեխանիզմ: «Բազմաթիվ շարժումներ, որի ակնառու դրսևորումը «Դեմ եմ» շարժումն է, կարողացան որոշակի հաջողություններ արձանագրել: Բայց ինչո՞ւ զարգացում տեղի չունեցավ, ինչո՞ւ կենսաթոշակային բարեփոխման հարցը չդրվեց հանրաքվեի, որովհետև Սահմանադրությունը զրկել էր բոլոր այդ հնարավորություններից, որ քաղաքացիական նախաձեռնությունները հնարավորություն ունենան պահանջելու ու իրացնելեւ իրենց իրավունքները»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

«Ի՞նչն ենք ուզում փոխել և ինչպե՞ս»,- հարց ուղղեց նա` պատասխանելով, որ ամենաառաջինը ընտրական համակարգն է, անկախ ընտրական մարմնի գոյությունը, առանց որի չկան երաշխիքներ ազատ, արդար ընտրությունների հարցում, երկրորդը` ընդդիմության դերակատարության մեծացումն է: «Այո, անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, այո անհրաժեշտ է, որ մենք ձևավորենք, համախոհության հիման վրա, այն փոփոխությունների փաթեթը, որը պետք է այսօրվա իշխանության պայմաններում պարտադրենք ու ստանանք երաշխիքներ: Սա է պայքարի միակ ձևը, սա է երկիրն առաջ տանելու միակ հնարավորությունը, սա ասել ենք տարբեր ժամանակներում, սա ասում ենք հիմա, և պատմությունը ցույց է տվել, որ մենք ճիշտ ենք»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել