Այսօր քառյակի նիստից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների պատճառով ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի ձևաչափով համատեղ հանրահավաքից, արդյոք սահմանադրական փոփոխությունների հարցը այդքան կարևոր էր, քան հանրահավաքի հարցը, պատասխանեց. «Նախ ՀՅԴ-ի համար միշտ են կարևորվել սահմանադրական բարեփոխումները, ոչ թե ինքնանպատակ բարեփոխումներ, այլ կողմ ենք և հավատավոր պաշտպանում ենք այն գաղափարը, որ երկիրը պետք է անցնի ավելի հավասարակշռված համակարգի, կոլեգիալ կառավարման:
Մենք ունենք սահմանադրական բարեփոխումների մեր փաթեթը, մենք պատրաստ էինք քառյակով համաձայնեցնել այդ փաթեթը, բայց դա տեղի չունեցավ»:
Արմեն Ռուստամյանը ակնհայտ համարեց, որ հանրահավաքը չի կարող շրջանցել կարևոր այն հարցը, ինչպիսին սահմանադրական բարեփոխումների հարցն է: «Մենք չենք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղելի հանրահավաք անել»,- բացատրեց նա` հավելելով, որ այդ դեպքում դժվար կլինի ժողովրդին հստակ ուղերձ հաղորդելը, որովհետև հանրահավաքը պետք է կոնկրետ նպատակ ու ուղերձներ ունենա:
Նա վերահաստատեց այն մոտեցումը, որ քառյակը քառյակ է այնքանով, որքանով կարողանում են քաղաքական ուժերը համաձայնության գալ որևէ հարցի շուրջ, իսկ նման հարցերը շատ են, դրանք են 12 կետերի ամփոփումը: «Հույս ունեմ, որ հանրահավաքի ժամանակ քառյակի անունից կամփոփվեն այդ 12 կետերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա նաև նշեց, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը պետք է ներկայացվի հոկտեմբերի 15-ին, և ՀՅԴ-ի համար հստակություն կառաջանար հոկտեմբերի 15-ից հետո, երբ պարզ կդառնար, թե արդյո՞ք իշխանությունը ընդունում է ՀՅԴ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, թե՝ ոչ: ՀՅԴ-ն առաջարկել է քառյակի գործընկերներին համատեղ հանրահավաքի հարցը որոշել հոկտեմբերի 15-ից հետո, երբ ՀՅԴ-ի համար էլ պարզ կդառնար` իշխանությունը ընդունե՞լ է ՀՅԴ-ի հայեցակարգը, թե՝ ոչ: «Եվ հոկտեմբերի 15-ից հետո, չէր բացառվում, որ իշխանությունները չընդունեին մեր փաթեթը, այդ պարագայում մենք դեմ կլինեինք սահմանադրական փոփոխություններին, և տարաձայնությունը քառյակում կվերանար: Բայց եթե իշխանությունը կողմ լիներ ՀՅԴ առաջարկած փոփոխություններին, այդ ժամանակ քառյակի գործընկերների հետ կհայտնվեինք տարբեր դաշտերում, որովհետև ՀՅԴ-ն պետք է պաշտպաներ սահմանադրական փոփոխությունները»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Պատասխանելով այն հարցին` արդյոք՞ ՀՅԴ-ն մտադիր է իշխանությունների հետ կոալիցիա կազմել, ասաց. «Մեր խնդիրը, կոալիցիայի հետ կապված, մենք հստակ հայտարարել ենք, դրանք 7 կետերն են, եթե այդ կետերի հետ լիարժեք ընդունելի համաձայնություն չլինի, մենք կոալիցիայի մաս կազմելու խնդիր չենք դրել և չենք դնելու»:
Նա շեշտեց, որ, սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, կառավարման համակարգի փոփոխությունը 7 կետերից մեկն է եղել: Բազմաթիվ հարցերում ՀՅԴ-ն լուրջ տարաձայնություններ ունի իշխանությունների հետ, և բնականաբար, անկախ ամեն ինչից, քանի դեռ շատ հարցեր չեն լուծվել, ՀՅԴ-ն մնում է ընդդիմադիր դաշտում:
Հարցին` հնարավոր՞ է, որ սահմանադրական փոփոխությունների հարցը պատճառ դառնա, որ ՀՅԴ-ն թողնի քառյակի ֆորմատը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ երեք ուժերի իրավունքն է շարունակել պայքարը հանրաքվեի և այն նախագծի դեմ, որը կարող է ընդունելի լինել ՀՅԴ-ի համար, և ՀՅԴ-ն հարգանքով է մոտենալու այդ փաստին: «Իրենք իրավունք ունեն քարոզելու ժողովրդին իրենց տեսակետը, մենք էլ իրավունք ունենք քարոզելու մեր տեսակետը:Թող հանրաքվեն որոշի` ում տեսակետն էր ճիշտ: Անկախ որևէ բանից, եթե հանրաքվեում հաստատվի նոր համակարգ, մենք ունենալու ենք նոր Հայաստան նոր համակարգում: Այն ժամանակ տեսակետները բոլորովին կփոխվեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ քառյակի ուժերն ունեն բազմաթիվ հարցեր, որոնք կարող են համատեղ իրականացնել խորհրդարանում: Երեք ուժերը կարող են զբաղվել ընդդեմ սահմանադրական փոփոխությունների քարոզչությամբ, բայց քառյակը կշարունակի, օրինակ, «Նաիրիտ»-ի հարցով պահանջել համատեղ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում և այլն:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ մոտ ժամանակներս Դաշնակցությունը իշխանություններին կներկայացնի սահմանադրական փոփոխությունների փաթեթը: «Մենք ներկայացնելու ենք մեր պահանջները ու ակնկալելու ենք դրա հետ կապված արձագանք: Հետո կորոշենք մեր հետագա քաղաքական մարտավարությունը, բայց դա կլինի հոկտեմբերի 15-ից հետո: Դրա համար էինք ասում` եկեք, սպասենք մինչև հոկտեմբերի 15-ը, բայց իրենք որոշեցին հանրահավաքը հոկտեմբերի 10-ին անել»,- ասաց պատգամավորը:







