Կատուն կմլավի, շունն էլ կհաչի

Աղվան Վարդանյանը` ՀՅԴ-ին տրվող պիտակավորումների մասին

Fotor091916475Այսօր, սեպտեմբերի 19-ին, «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում, խոսելով ներքին քաղաքական զարգացումների, մասնավորապես` առաջիկա հանրահավաքին չմասնակցելու` Դաշնակցության որոշման մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախ նշեց, որ այս օրերին ակնհայտ է, որ մեծ է հետաքրքրությունը ՀՅԴ քայլերի նկատմամբ, և կա մեկնաբանությունների կարիք:

Նրա խոսքով` քառյակի վերջին նիստում քննարկումներն ու եզրակացություններն անցել են փոխըմբռնման ու հանգիստ մթնոլորտում:

Ըստ Աղվան Վարդանյանի` քառյակի նիստում արձանագրվեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցով կա առանցքային խնդիր, բայց որոշվել է, որ մյուս բոլոր հարցերում քառյակի համագործակցությունը շարունակվելու է, և առավելագույնս պետք է կոռեկտ լինել միմյանց նկատմամբ, ընդ որում` այդ գործելաոճը պահպանվում է:

Սակայն, ըստ պատգամավորի, այլ բան է, որ որոշ լրատվամիջոցներում հերթական փորձն է արվում` Դաշնակցությանը պիտակավորելու, ամենավերջին ցեխարձակումները անելու»: «Այդ ամենը նորություն չէ, և մենք գիտակցում ենք, որ կլինեն նաև այդ կարգի արձագանքներ: Բայց մենք վստահ ենք մեր որոշումներում, հակառակ դեպքում, եթե տրվեինք տարբեր արձագանքներին, ապա կլինեինք մեկ այլ բան, բայց` ոչ պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժ: Շեքսպիրն ասում է` «կատուն կմլավի, շունն էլ կհաչի»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ հանրահավաքն ունի իր հստակ նպատակը, և դա խորհրդաժողով ու ֆորում չէ, որ այդտեղ հնչեն տարբեր կարծիքներ, այսինքն` հնարավոր չէր հանրահավաքի ժամանակ շրջանցել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների հարցը: «Մենք առաջարկել ենք հայեցակարգն ընդունելուց հետո որոշել հանրահավաքի օրը, բայց մեր գործընկերներն իրենց ներսում, կարծես, արդեն որոշում ունեին, և այդ հարցի հետ կապված` փոխըմբռնմամբ հնարավոր չեղավ միասնական որոշում ունենալ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք փորձում են հակադրություն ստեղծել ՀՅԴ ղեկավար մարմինների ու շարքերի միջև, պատգամավորը նշեց, որ հակադրություն, բնականաբար, չկա, իսկ հրապարակումները զուրկ են հիմքերից: «Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե, իրենց հավաստի աղբյուրների համաձայն, օրերս Դավիթ Լոքյանը նշանակվելու է գյուղատնտեսության նախարար: Բնականաբար, նման բան չկար, և այդ լրատվամիջոցները վատ չզգացին այդ հրապարակումների համար»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն է, որն իր Գերագույն ժողովներն անում է երկու տարին մեկ պարբերականությամբ` իր հստակ բանաձևումներով:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշմանը, նշեց, որ ներկայիս համակարգը մեր երկրին որևէ լավ տեղ չի հասցրել, որ ներկայիս համակարգում գործող հարաբերությունները մի կուսակցության կառավարում են նշանակում, անձակենտրոն իշխանություն, և երբ մեկ կուսակցությունը տիրապետում է բոլոր լծակներին, սկսում է նույնանալ պետության հետ, այդժամ նման համակարգից սպասելիքներ հնարավոր չէ ունենալ:

Պատգամավորի համոզմամբ` անհրաժեշտ է համակարգը քանդել և այնպիսի համակարգ ստեղծել, որտեղ կլինեն հավասարակշռման և զսպման մեխանիզմներ, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը կդառնան մեկ միասնական համակարգի մաս, և կբացառվի իշխանության անընդհատ վերարտադրման մեխանիզմը: 23 տարվա փորձը ցույց է տալիս, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն, ուստի պահել այդ համակարգը, ըստ Վարդանյանի, նշանակում է նպաստել իշխանության վերարտադրմանը:

Խոսելով քառյակի մյուս գործընկերների փաստարկների մասին, մասնավորապես, որ իշխանությունները մի քանի ամիս առաջ դեմ էին խորհրդարանական փոփոխություններին, իսկ հիմա փոխել են դիրքորոշումը, Աղվան Վարդանյանը նշեց. «Նախ` ես այսօր էլ վստահ չեմ, որ իշխանությունները իսկապես կողմ են խորհրդարանական համակարգին, դա միայն առաջիկայում կերևա, և հետո քաղաքական գործի մեջ պետք է տրամաբանություն լինի: 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» իրենց ծրագրային դրույթներում գրում էին, որ անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: «Ժառանգությունը» ընդգծում էր խորհրդարանական համակարգի անհրաժեշտությունը, իսկ ԲՀԿ-ն 2012թ. աշնանը հայտարարեց, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին և խորհրդարանական կառավարման համակարգին: Ի՞նչ եք կարծում` մենք այդ ժամանակ պետք է ասեինք` վայ, ինչպե՞ս է, որ դուք հանգեցիք մեր կարծիքին, ուրեմն` մի վատ բան եք մտածում… Հակառակը` շատ լավ է, երբ մեկ այլ քաղաքական ուժ իր դիրքորոշումներով մոտենում է մեր դիրքորոշմանը: Կրկնում եմ` ես վստահ չեմ, որ իշխանություններն իսկապես գնալու են խորհրդարանական համակարգին: Այնուամենայնիվ, եթե իշխանությունները հայտարարում են, որ քննարկելի է խնդիրը, մենք պետք է ասենք` վայ, ղալաթ եք անում, դուք իրավունք չունեք նման բան ասելո՞ւ»:

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Դաշնակցության առաջարկությունը շատ ավելի տրամաբանական էր և ամբողջական: Ըստ այդմ` Դաշնակցությունն առաջարկել էր այն ուժերին, որոնք կողմնակից են համակարգային փոփոխությանը` ԲՀԿ-ին ու «Ժառանգությանը», իսկ ՀԱԿ-ը կտրուկ դեմ է, անել հետևյալ քայլը` համատեղ մշակել առաջարկությունների այն փաթեթը, որը կստիպեր ապակենտրոնացնել իշխանությունը, փոխել ընտրական համակարգը, սահմանափակել իշխանությունների` վերարտադրվելու ցանկությունը: «Ասել իշխանություններին` մենք կհամաձայնենք սահմանադրական բարեփոխումներին, եթե այս, այս դրույթները ներառվեն ու ընդունվեն: Այդ պարագայում շատ ուժեղ կլիներ մեր բոլորի դիրքորոշումը, և շատ ավելի դժվար կլիներ իշխանությանը հրաժարվելը այդ կետերը իրագործելուց: Ցավոք, այդ համաձայնությունը մենք չկարողացանք ունենալ»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ քառյակը շարունակելու է գործել այն հարցերում, որտեղ համաձայնություն կլինի:

Աղվան Վարդանյանը ներկայացրեց իր անձնական մտորումների ու վերլուծությունների հիման վրա ձևավորված տեսակետները առաջիկա հանրահավաքի և հետագա ընթացքի մասին: «Ես չեմ բացառում, որ հենց քառյակին և մեր պետականության հետագա ընթացքին ամենամեծ վնասը կարող է տալ այն, որ առաջիկա աշնանային զարգացումներում կամ հանրահավաքում մեր գործընկերները որոշեն հիմնական հարց-պահանջ դարձնել սահմանադրական փոփոխություններից հրաժարվելը»,- իր մտահոգությունը հայտնեց նա:

Պատգամավորի խոսքով` հնչում են տեսակետներ` ամբողջական իշխանափոխության հետ կապված, բայց թե դա ի՞նչ է նշանակում, դժվարանում է ասել. «Փողոցում էսկալացիա մինչև վե՞րջ, մոտավորապես նույն պատկերը, ինչ ունեինք 2008-ի՞ն»:

Աղվան Վարդանյանը վստահ չէ, որ քառյակի գործընկեր ուժերն այդ ճանապարհի կողմնակիցներն են, որովհետև ԲՀԿ-ն հայտարարում է, որ իրենք խաղաղ զարգացումների կողմնակից են: Կառավարության հրաժարակա՞ն… Աղվան Վարդանյանը դարձյալ վստահ չէ, որովհետև այդ փուլը, կարծես, անցած է, և նրանք այդ քայլին նույնպես չեն գնա: «Ես շատ կցավեմ ու կափսոսամ, եթե այս իրավիճակում նրանք որոշեն, որ հաղթանակ ցույց տալու համար իշխանությունից, որպես հիմնական պահանջ, ձևակերպեն սահմանադրական փոփոխություններից հրաժարումը: Չեմ բացառում, որ նաև իշխանությունը, իր նպատակներն ունենալով, կարող է ընդառաջ գնալ այդ պահանջին ու ասել` լավ, չեք ուզում, մենք այդ փոփոխությունները չենք անի և նույն ընտրական համակարգով ու նույն ուժային ֆինանսական լծակներով կգնանք հաջորդ ընտրություններին»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` մինչև հիմա քառյակի բոլոր ուժերը փոխադարձ համաձայնությամբ են աշխատել, և չի եղել երբեք «մեծ ու փոքր»-ի խնդիր, եղել է իրավահավասար ուժերի փոխհարաբերություն, բայց վերջին շրջանում լրատվամիջոցներում գրում են, թե քառյակը քառյակ չէ, կամ քառյակում կա մեկ ուժ, մնացածը նրա կցորդներն են: Պատգամավորի համոզմամբ` նման մոտեցումները չեն կարող հեռանկար ունենալ: «Դաշնակցության հետ եթե փորձ արվի խոսել ոչ հավասար դիրքերից, ապա տուժողները մենք չենք լինելու»,- ասաց նա:

Տպել Տպել