Նախագահի ամենահաջողված ելույթն էր ՄԱԿ-ում

Fotor0925172551ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցությունը համարում է նրա «ամենահաջողված ելույթը՝ դիպուկ և ճիշտ շեշտադրումներով»:

Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի կողմից ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը, բավական խիստ արտահայտվեց Ղարաբաղի հարցը որպես նախապայման առաջ քաշելու՝ Անկարայի դիրքորոշման վերաբերյալ։ Նա մեջբերեց ժողովրդական խոսքը՝ «գրողի ծոցը վավերացնեք» և հայտարարեց, որ «այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ – թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»։

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վաղուց պետք է դա արվեր. – «Ես կարծում եմ, որ նախագահի ամենահաջողված ելույթն էր ՄԱԿ-ում՝ շեշտադրումները շատ դիպուկ և ճիշտ էին։ Հիմնական խնդիրները, որ այսօր իրականում Հայաստանի համար կարևոր են, այդ հարցերից չխուսափվեց, և ամենայն անկեղծությամբ ներկայացրեց այն բոլոր պրոբլեմները, որ գոյություն ունեն երկու հիմնական ուղղություններով՝ հայ – թուրքական հարաբերություններ, Ցեղասպանության խնդիր և Ղարաբաղի կարգավորում, և որ շատ ավելի կարևոր է, կարծում եմ, որ նաև խոսվեց այս արձանագրությունների ճակատագրի մասին»։

Նա ընդգծեց, որ վերջին քայլերը և հայտարարությունները, որ կատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «ուղղակի տեղ չի թողնում նորմալ հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ»։

«Հստակ նշվում է, որ նա չի հրաժարվում իր հիմնական նախապայմանից. այն է՝ հանձնել Արցախը Ադրբեջանին։ Դիպուկ է նաև այն որոշումը, որ մենք բացարձակապես էդպես չպետք է վառվենք այն ցանկությամբ, որ անպայման էդ արձանագրությունները պետք է վավերացվեն. թող չվավերացվեն, և պիտի Թուրքիան իմանա, որ եթե փակ պահի այդ սահմանները, դրանով Հայաստանին ծնկի չի կարող բերել», – ասաց Ռուստամյանը։

Հարցին, թե արդյոք հակասություն չկա Էրդողանին Հայաստան հրավիրելու և ՄԱԿ-ի ամբիոնից նման շեշտադրումներ հնչեցնելու միջև, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. – «Չէ, ես կարծում եմ, որ Հայաստանը ցույց է տալիս, որ ինքը հակված է հարաբերությունները կարգավորել, բայց կարգավորել առանց նախապայմանների, և, իրակե, նաև պետք է նշվի, որ դա մեծագույն զիջում է, որ Հայաստանը նախապայման չի դնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, և սա առավելագույն է, ինչ որ Հայաստանից կարելի է ակնկալել»։

azatutyun.am

Տպել Տպել