Իշխանության հետ կոալիցիա կազմելը բացառվում է

Fotor0929100251«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» բացառում է գործող իշխանության հետ կրկին կոալիցիա կազմելը, չնայած որ կոալիցիայից դուրս գալու պատճառ հանդիսացող հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու հնարավորության մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Իշխանության հետ կոալիցիա կազմելը պարզապես բացառվում է, ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրների հետ կապված մեր գործունեությանը, ապա համագործակցության կենտրոնում սահմանադրական փոփոխություններն են, եթե կանցնի մեր պատկերացրած պահանջը, մենք կաջակցենք այդ սահմանադրական փոփոխություններին ինչն առաջին քայլն է համակարգային ամբողջական իշխանափոխության»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը։

-Պարո՛ն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, արդյո՞ք տեղին ու ժամանակին էր արված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու քայլը։

-Բնականաբար հայտարարությունը դրական եմ գնահատում, նաև այն շեշտադրությունները, որ տրվեցին: Մենք միշտ կողմ ենք եղել արձանագրությունների չեղարկմանը, հիմա առավել ևս սկզբունքը կիրառելի է։ Մեր համոզմամբ՝ արձանագրությունները օր առաջ օրակարգից հանելը Հայաստանին հնարավորություն կտա շատ ավելի ամրացնելու իր դիրքերը թե՛ միջազգային քաղաքականության, թե՛ նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացներում:

– Չե՞ք կարծում ձևակերպումները մի փոքր կտրուկ էին, մասնավորապես՝ շատ քննարկվեց «գրողի ծոցը վավերացնեն» արտահայտությունը։

-Դուք դա Դաշնակցությա՞նն եք հարցնում. կարծում եմ ոչ միայն գրողի ծոցը, այլ ավելի վատ ծոցեր պետք է ուղարկվեին այդ արձանագրությունները:

– Պարո՛ն Մինասյան, հիմա, երբ ՀՀ նախագահը «գրողի ծոցն» ուղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, ինչի պատճառով «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը 2010թ-ին դուրս եկավ կոալիցիայից , հնարավո՞ր է, որ քննարկեք կրկին կոալիցիա վերադառնալու հարցը, մանավանդ որ այլ հարցերում նույնպես համաձայնություն կա՝ խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է:

– Կոալիցիա կազմելը պարզապես բացառվում է, ինչ վերաբերում է կոնկրետ խնդիրների հետ կապված մեր գործունեությանը, ապա համագործակցության կենտրոնում սահմանադրական փոփոխություններն են, եթե կանցնի մեր պատկերացրած պահանջը, մենք կաջակցենք այդ սահմանադրական փոփոխություններին ինչն առաջին քայլն է համակարգային ամբողջական իշխանափոխության։ Բացի այդ, միշտ այն թյուր կարծիքն է ձևավորվել, որ միայն այդ հարցի պատճառով է Դաշնակցությունը դուրս եկել կոալիցիայից, իհարկե ո՛չ: Սա պարզապես այն վերջին կաթիլն էր, որը մեր կոալիցիայից դուրս գալու պատճառ դարձավ, այնպես որ կոալիցիա կազմելը պարզապես բացառվում է։ Բազմաթիվ հարցերում մենք ունեցել ենք տարակարծություններ, տարաձայնություններ, որոնք ամփոփված են Դաշնակցության հայտնի 7 կետերի մեջ:

Երկրորդ՝ որ դեպքում է ձևավորվում կոալիցիա: Կոալիցիա արհեստականորեն չպետք է ձևավորվի: Երբ չկա մեծամասնություն պառլամենտում, կոալիցիա են ձևավորում, որպեսզի ապահովի այդ մեծամասնությունը: Ակնհայտ է, որ այս դեպքը այդ ձևը չէ, և հետևաբար, խոսել կոալիցիայի մասին այն ձևով, ինչ ձևով մենք նախկինում ունեցել ենք, ոչ միայն տեղին չէ ու տրամաբանական չէ, այլ նաև որևէ իրական հիմք չունի:

Երրորդ պատճառը, եթե խոսում ենք ընդհանրապես համագործակցության հնարավորությունների մասին, մենք հստակ ասել ենք՝ մեր այսօրվա օրակարգային կարևոր հարցերից մեկը սահմանադրական բարեփոխումներ են։ Մենք աջակցելու ենք այն փաթեթին, որը, մեր պատկերացմամբ, կապահովի Հայաստանի զարգացումը, քաղաքական կյանքի առողջացումը, որովհետև այսօր մեր քաղաքական կյանքը պարզապես հիվանդ է, և եթե մենք ժամանակին չմիջամտենք, կստացվի, որ հիվանդությունը դառնում է անբուժելի, իսկ անբուժելի հիվանդություն նշանակում է ցանկացած իշխանության անընդհատ վերարտադրության մեխանիզմի գործունեություն։ Հետևաբար սահմանադրական բարեփոխումների մեր հիմնական մեխը քաղաքական համակարգի առողջացումն է, արմատական փոփոխություններն են և ամբողջական իշխանափոխության իրականացումը։ Ի դեպ, այս բառակապակցությունը, որը շրջանառվում է բոլորի կողմից և որը առաջին անգամ շրջանառության մեջ ենք դրել մենք, պատկերացնում են դրա իրականացումը շատ պարզ ու հասկանալի ձևով՝ ամբողջ համակարգերը՝ սկսած պետական իշխանության կազմավորումից մինչև տեղական իշխանության կազմավորում, պետք է փոփոխության ենթարկվեն, հիմքում ունենալով ընտրական համակարգը: Եթե ընտրական համակարգը չփոփոխվեց, եթե ընտրական համակարգում մնացին այսօրվա արատավոր դրսևորումները, որևէ մեկը պատասխանատվություն չկրեց ոչ արդար ընտրությունների անցկացման համար, մենք չենք կարող ունենալ արդյունավետ պետական կառավարում, հետևաբար անձի հետագա պաշտոնավարումը այլևս կդառնա մեխանիկական գործոն։ Ուստի երկրորդ կարևոր փուլը համակարգային փոփոխությունների առաջին և ամբողջ կազմավորման սկզբունքի փոփոխությունն է, երկրորդ ընտրությունների միջոցով՝ անձանց հեռացումը իշխանությունից:

Սա է մեր պատկերացրած համակարգային իշխանափոխությունը: Մենք ցանկացած դեպքում, երբ ասում ենք առաջինը անձն է, ոչ թե համակարգն է, ստացվում է հայտնի ասացվածքը՝ «Եզները դնում ենք սայլից հետև»:

tert.am

Տպել Տպել