«Մենք մեր գործընկերոջը չենք հանձնելու»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու` գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ:

Հարգելի խորհրդարան

Ես գործի իրավական մանրամասների մեջ չեմ մտնի: Դահլիճում իրավաբաններ կան` նրանք այդ կանեն: Ցավում եմ, որ պարոն Դավիթ Հարությունյանն է բացակա:

Բայց ընդհանուր բնույթի երկու խոսք: Ազգային անվտանգությունն այս գործը սկսեց փողերի լվացման մեղադրանքով: Փողերը Հայաստանի բարեկամ պարոն Հանցմանինն են: Եթե փողերի լվացում էր, ուրեմն Հանցմանը պետք է լիներ լվացողը: Հիմա այդ մեղադրանքը չկա: Կա փողերի յուրացում և օրինականացում:

Ու՞մ փողն է յուրացրել պարոն Օսկանյանը: Հանցմանն ասում է` իմ փողերը չի յուրացրել, ես ծայրեծայր գործընթացից տեղյակ եմ, ամեն բան արվել է իմ համաձայնությամբ և հանձնարարությամբ: Գլխավոր դատախազի միջնորդությունն ասում է` յուրացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի փողերը: Հիմնադրամի հոգաբարձունների խորհուրդը, գործադիր տնօրենը ասում են` մեր փողերը ոչ ոք չի յուրացրել: «Սիվիլիթասի» ամբողջ անձնակազմը այս պահին, կարծեմ, բողոքի ցույցի է Ազգային Ժողովի դարպասների դիմաց: Յուրացում չկա. այստեղ պարոն Օսկանյանի բացատրությունից հետո աչքի պես պարզ է սա: Յուրացում չկա, բնականաբար չկա նաև օրինականացում: Բայց Գլխավոր դատախազը Ազգային ժողովում է: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը ստիպում է անդրադառնալ պարոն Օսկանյանի անձին ու գործունեությանը:

Մարդը սփյուռքահայ է, վերադարձել է Հայրենիք և, իբրև պրոֆեսիոնալ, տասը տարի ղեկավարել է Հայաստանի արտգործնախարարությունը: Պաշտոնանկությունից հետո, ինչպես շատ պետական գործիչներ են անում քաղաքակիրթ աշխարհում, իր հեղինակությունն ու կապերը օգտագործելով, ստեղծել է Հիմնադրամ, որ մեր երկրի ու տարածաշրջանի վերաբերյալ քաղաքական, տնտեսական, հասարակագիտական, մշակութաբանական հետազոտություններ է իրականացնում: Նաև ստեղծել է իշխանության ազդեցությունից դուրս օրաթերթ և ինտերնետային հեռուստատեսություն: Նպատակը երկրի ու հասարկության առաջ ծառացած հարցերը արծարծելն է, լուծումներ առաջարկելը:

Կարծես` վատ բան չի արել: Եթե միայն նկատի չունենաք, որ ԶԼՄ-ների բացահայտ ու գաղտնի մոնոպոլացման մեր ժամանակում ցանկացած ինքնուրույնության և անկախության փորձ ոմանք անթույլատրելի են համարում: Էլ ի՞նչ է արել պարոն Օսկանյանը: Մտել է քաղաքականություն և նախընտրական շրջանում արմատական դիրքերից քննադատել է քաղաքական մենաշնորհի բացարձակացումը, կառավարության սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականությունը: Բնականաբար, այս համատեքստում, Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու փորձը անհնար է չորակել իբրև քաղաքական հետապնդում: Միջնորդության` «հանրորեն վտանգավոր արարք», «հանցավոր ճանապարհով ձեռք բերված» արտահայտություններին չեմ էլ անդրադառնում:

«Բարգավաճ Հայաստանն» իր գնահատականը տվել է` սա համարելով նաև կուսակցության դեմ ուղղված քայլ: Բայց ինձ այլ բան է հետաքրքրում. ի՞նչ է անելու խորհրդարանը, ինչպե՞ս է այս գործը ազդելու մեր պետականության ընթացքի վրա, ի՞նչ ազդակներ է փոխանցվելու Հայաստանի քաղաքացիներին:

Խորհրդարանում կա քաղաքական մեծամասնություն` Հանրապետական` պլուս-մինուս կամ բազմապատկած Օրինաց երկիր: Բնականաբար, որոշումն էլ, պատասխանատվությունն էլ նրանցն է: Բնականաբար այսօրվա շատ ելույթների մեջ կարմիր թել է լինելու` մենք վատ բան չենք անում, ընդամենը հնարավորություն ենք տալիս արդարադատություն իրականացնել, եթե պարզվի հիմքեր չկան, ավելի լավ և այլն, և այլն: Ձեզ մի խաբեք:

Ես պատրանքներ չունեմ, բայց երկու բառ կուզեի ասել: Արդյո՞ք, հանձնելով Օսկանյանին, մենք դժվար կայացող մեր պետականության հիմքերի մեջ նոր ական չենք դնում: Անկախ տարբեր ուժերի քաղաքական դիրքորոշումից` մարդը տասը տարի բարեխղճորեն կատարել է բարձրաստիճան պետական գործչի իր պարտականությունները և հարգանք ու հեղինակություն է վայելում միջազգային ասպարեզում: Իրավականորեն այսքան անհիմն մեղադրանքների պարագայում ի՞նչ արձագանք ու հակազդեցություն ենք ունենալու` նախորդը դեռ ամբողջովին չմարսած: Սրանով մենք քաղաքական հաշվեհարդարները պարբերաբար կրկնելու նախադեպեր չե՞նք ստեղծում: Աշխարհում տարօրինակ մի ավանդույթ կա` իշխանությունները, մեծամասնությունները երբեմն նաև փոխվում են: Սա նաև յուրաքանչյուր պատգամավորի անձնական պատասխանատվության, քաղաքացիական դիրքորոշման և խղճի հարց է: Կյանքը շարունակվելու է և տարիներ շարունակ ամեն մեկս առանձին մեր մեջ մտածելու ենք` ճի՞շտ ենք պահել մեզ Օսկանյանին հանձնելի, մեր պետության ամոթը չէ՞, որ պարկեշտ, վաստակ ունեցող մարդուն այս վիճակի մեջ ենք դրել: Ինչպես մի առիթով ասել է Հանրապետության նախագահը` կուսակցությունը ոհմակ չէ:

Եվ վերջին հարցը: Առջևում նախագահական ընտրություններն են: Այս քայլով մենք նվազեցնելու՞, թե՞ ավելացնելու ենք քաղաքական ու հասարակական լարվածությունը, հանդուրժողականությա՞ն, թե՞ անհանդուրժողականության մթնոլորտ ենք ստեղծելու, մեր քաղքացիների մոտ մեծացնելու՞, թե՞ վերացնելու ենք վստահության վերջին փշրանքները իշխանության և Հայաստանի ապագայի հանդեպ: Դաշնակցության խմբակցության համար այս հարցերի պատասխանը հստակ է: Մենք մեր գործընկերոջը չենք հանձնելու:

Վահան Հովհաննիսյան «Ինչի՞ եք հավաքվում, քննարկվում… կզանգեք, կասեն ոնց քվեարկեք»

«Կարծում եմ մենք չենք քվեարկի, բայց հարցն այն է, թե ինչի՞ եք հավաքվում, քննարկվում… կզանգեք, կասեն ոնց քվեարկեք։ Այդ ինչպե՞ս ձեր քննարկումների ընդերքում ծնվեց Վարդան Օսկանյանին պաշտպանվելու հնարավորություն տալու պայծառ միտքը։ իրավաբան չկա՞ ձեր մեջ, որ ասի, որ մարդը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, դա իրավապահներն են պարտավոր ապացուցել»,– ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա ընդգծել է, որ ինքն էլ հիմա զբաղվում է “Օգնիր եղբորդ” նախաձեռնող խմբի Սիրիա ուղարկվելիք օգնության կոորդինացմամբ։ Այդ օգնությունը, սակայն, մինչ օրս ուղարկված չէ, քանի որ հայկական ապահովվագրական ընկերություններն օգտվելով իրավիճակից վեց անգամ բարձրացրել են գինը։

«Այս մարդիկ աշխատում են, կազմակերպություն գրանցված չկա, նվիրաբերություններն ու բեռը կուտակվում է իմ հաշվի վրա, որովհետև ես չեմ կարում Հալեպի բլոկ պոստերն անցնեմ ու հարցեր լուծեմ այնտեղ՝ փոխանցումով։ Պարզ է չէ՞ որ ինչ–որ գումար կկանխիկացվի և այլն, այդ մարդիկ ինձ վստահել են։ Հիմա ես արդեն լուրջ մտահոգ եմ, մտածում եմ` ինչի՞ այս ամեն ինչի տակ մտա, վաղն էլ կմտնեն, դուք էլ կգնաք կքննարկեք ու կորոշեք ինձ հնարավորություն տալ ապացուցելու, որ ես մեղավոր չեմ»,– ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ ծայրահեղությունը հասավ նրան, որ որոշ մարդիկ Վարդան Օսկանյանի մեղադրեցին Ղարաբաղը ծախելու և այլնի մեջ. «Ու դա խոսում են մարդիկ, ում ժամանակ պատգամավորների ձերբակալելուց առաջ ծեծում էին։ Հիմա իհարկե առաջադիմել ենք, ուղղակի ձերբակալում են, առանց ծեծելու»։

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ Գալուստ Սահակյանի ասածը նման էր հետևյալ մեղմ ամբաստանյալությանը. «Վարդան, բա դու այդ տղա՞ն էիր, ինչու՞ սկսեցիր իշխանություններին քննադատել»։

«Այսինքն ի՞նչ, ուզու՞մ եք այդ ձևով ու այստեղ բացահայտե՞լ այս ամենի պատճառը»,– հարց է ուղղել Վահան Հովհաննիսյանը։

Նա խնդրել է անձեռնմխելիությունից զրկելը չարդարացնել արդարադատությանը ծառայելով։ Վահան Հովհաննիսյանը նաև հիշեցրել է, որ երբ իրենք են խոսում անձեռնմխելիությունը վերացնելու մասին, խոսում են այն ընդհանրապես հանելու մասին. «Շատ կուզեի, որ բոլոր պատգամավորները, ինչպես Վ. Օսկանյանը, մանրամասնորեն իրենց հնարավորությունների ու գումարների մասին պատմելու խիզախությունն ունենային։ Կարո՞ղ եք։ Չե՛ք կարող, որովհետև շատերին տեղում կկալանավորեն առանց անձեռնմխելիության»։

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ «Վարդան Օսկանյանին իր անմեղությունն ապացուցելու հնարավորություն տալ» նախադասությունը բացահայտում է ամեն ինչ և դա իրավական բոբիկություն է։

Նա տեղեկացրել է, որ ՀՅԴ–ն քվեարկությանը չի մասնակցելու։

«Ասեք նաև իմանանք, մենք հասարակական ու բարեգործական գործունեությամբ չզբաղվենք, որովհետև դուք կաք ու գալո՞ւ եք»,– իր ելույթը եզրափակել է Վահան Հովհաննիսյանը։

Արծվիկ Մինասյանը կոչ է արել գլխավոր դատախազին չխայտառակել Հայաստանին և ետ վերցել Օսկանյանի գործով իր դիմումը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի չհիմնավորված դիմումը` ԲՀԿ պատգամավոր և ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ապտակ է Հայաստանի ամբողջ պետական ապարատին: Այս մասին «Օսկանյանի գործով» խորհրդրանական քննարկման մասին հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա, այս պատմությունը նման է «Մենք ենք մեր սարերը» ֆիլմի մի դրվագի, որտեղ «Ռևազը պարոն Հանթսմանն է կամ «Սիվիլիթաս» հիմնադրամը, իսկ ոչխարները` փոխանցված դրամական միջոցները»:

Մինասյանն ընդգծել է, որ Օսկանյանը կարող էր սեփական հայեցողությամբ օրենքի և Հիմնադրամի կանոնադրության համաձայն տնօրինել այդ միջոցները, իսկ գլխավոր դատախազի դիմումը հստակ «քաղաքական ներկայացում է»:

Իր ելույթի ավարտին ՀՅԴ պատգամավորը կոչ է արել գլխավոր դատախազին ԱԺ-ից ետ վերցնել Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ իր դիմումը:

«Եկեք այս գործով խայտառակ չանենք Հայաստանին միջազգային ասպարեզում: Եթե այս գործը մտնի եվրոպական պրակտիկա, ապա կարող է Հայաստանի համար հերթական ապտակ հանդիսանալ և լրացուցիչ շահաբաժին այն երկրների համար, որոնք փորձում են Հայաստանի առջև զանազան նախապայմաններ դնել»,-հայտարարել է Մինասյանը:

Տպել Տպել