Պետք է ամեն ինչ անել, որ արյուն և հիասթափություն չլինի

Fotor01024133852Այսօր, հոկտեմբերի 24-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով ոչ իշխանական 3 ուժերի հանրահավաքին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որ չկրկնվեն անցյալի սխալները, ու գործընթացի մեջ արյուն չլինի: Երկրորդ կարևոր խնդիրը` ըստ նրա, պետք է այնպես անել, որ ժողովուրդը չհիասթափվի: «Ես չէի ցանկանա հանրահավաքից առաջ հայտարարություններ անել, որոնք կանդրադառնան հանրահավաքի վրա: Ես չեմ ցանկանա, որ ձախողվի հանրային բնույթ կրող միջոցառումը, քանի որ հազարավոր մարդիկ լի հույսերով են գնում հանրահավաքին: Չէի ուզենա, որ իրենք այս իմ ասած հարցերի հետ կապված որևէ ձախողում արձանագրեին: Եթե լինի այս իմ ասած երկուսից որևէ մեկը, ապա բոլորս էլ խնդիր ենք ունենալու» ,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ, հիասթափություն ասելով, նկատի ունի նաև անցյալի դառը փորձը, երբ անընդհատ ասում էին` այ, էս ժամին եկեք, կտեսնեք` ինչ է լինելու, բայց ոչինչ էլ չէր լինում:

Պատգամավորը շեշտեց` ցանկանում է, որ եռյակն իսկապես չձախողի իր ծրագրերում: Ա.Ռուստամյանի կարծիքով` հաջողության կարելի է հասնել ոչ թե միայն «ընդդեմ»-ով, որը կարող է նույնիսկ հանգեցնել արյունահեղության, այլ նաև «հանուն»-ով: «Եթե ծրագիրը համակցված լինի այդ երկուսով, ապա հնարավոր է հաջողության հասնել: Ես համարում եմ, որ ամեն դաշտում էլ ողջամիտ մարդիկ կան, իշխանությունում էլ, մնում է միայն վստահելի ծրագիր և համոզիչ ընթացք ներկայացնել»,- ասաց նա:

Անցած հանրահավաքից հետո հարցեր են մնացել, և պատգամավորը հույս ունի, որ այսօրվա հանրահավաքը կսրբագրի դրանք, եթե` ոչ, ապա դրանք կարող են խորանալ: «Լավ սկիզբը կարևոր դեր ունի հետագայի համար: Գուցե իրենք որոշել են, որ մի քանի հանրահավաքն է սկիզբը: Բայց որ այդ հանրահավաքն ակնկալիքները չբավարարեց, սա ամենաադեկվատ գնահատականն է»,- հավելեց Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, և արդյո՞ք կա հիասթափություն, նա պատասխանեց. «Ես ասել եմ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո պահպանվել է անորոշությունը, որը կար ժողովրդի մոտ: Այս հանրահավաքի գերագույն խնդիրը պետք է լինի այդ անորոշությունը սրբագրելը»:

Տպել Տպել