Արամ Մանուկյան – 135

ՈԳԵԿՈՉՈՒՄ - ՀԱՄԵՐԳ

Fotor010301858352014 թվականի հոկտեմբերի 29-ին, Արամ Մանուկյանի 135 ամյակի կապակցությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Ոգեկոչման միջոցառում եւ համերգ:

Միջոցառումը Տերունական աղոթքով բացեց Մայր Աթոռի միաբան Տեր Թորգոմ Վարդապետ Տոնիկյանը: Այնուհետեւ Ա. Մանուկյանին նվիրված զեկույցներով հանդես եկան Զորավար հիմնադրամի տնօրեն, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության Մամլո Դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանը:

Զեկույցներին հաջորդեց համերգային բաժինը, որի ժամանակ ելույթ ունեցան երգիչներ Սահակ Սահակյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Արսեն Համբարյանը, Ոստիկանության Մշակույթի տան երգի-պարի խմբերը, Կարին Ավանդական երգի-պարի խումբը եւ ուրիշներ:

Միջոցառումը կազմակերպել էր Զորավար հիմնադրամը:

Ստորեւ ներկայացնում ենք հոբելյանական երեկոյի ընթացքում հնչած զեկույցները:

Արտաշես Շահբազյան

Ապրել Արամի դասերով

Հարգելի բարեկամներ, ներկաներ.

հայոց բազմադարյա պատմության կերտած բազում մեծերի մեջ ամենամեծերից մեկն է Արամ Մանուկյանը: Քիչ չեն ազատագրական նոր պայքարի եւ հայոց պետականության վերականգնման բովում հերոսացածները, բայց նրանց բոլորի թվում առանձնահատուկ է Արամը, որպես նոր պետականության հիմնադրի կերպարը առավել չափով մարմնավորող գործիչ:
19-րդ դարի վերջին տասնամյակներին թափ առած ազգային ազատագրական պայքարի գործիչներն ու գաղափարախոսները, փայփայելով հայրենիքի ազատագրության տեսլականը, այդ ազատագրությունը տեսնում էին տասնամյակների մշուշոտ հեռուներում: Բայց արդեն 20-երրորդ դարասկզբին, ասպարեզ իջավ ազատագրական պայքարի նոր սերունդը, որի տենչանքը դարձավ Հայաստանը հիշողությունից իրականություն վերադարձնելու գաղափարը: Անկախ պետականության վերականգնման նպատակը այն միջոցն էր դիտվում, որը կարող էր երաշխավորել ազգի ֆիզիկական գոյությունը եւ հավերժությունը:
Այդ մտասեւեռումը ապրում էր Արամի մեջ ու դրսեւորվել է նրա ողջ գործունեության ընթացքում:
Նրա գործունեությունը սկսվել է շատ վաղ, դեռեւս աշակերտական տարիներից, երբ Շուշիի հայրենասեր ու ըմբոստ թեմականների շարքում, Սարգիս Հովհաննիսյան ապագա Արամ Մանուկյանը տարվել էր ազգային-հասարակական գործունեությամբ: Այդ շրջանից սկսած եւ իր ապրած հետագա ողջ կյանքի ընթացքում , որտեղ էլ որ գտնվել է, ինչ պատասխանատվություններ էլ որ ստանձնել է, Արամը եղել է իրադարձությունների կենտրոնում՝ նախաձեռնությունների կազմակերպիչն ու գործերի ղեկավարը:

Գործունեության առաջին իսկ օրերից դրսեւորել է առջեւից գնացող առաջնորդողի ձիրք, եւ պատասխանատվություն ստանձնողի համարձակություն:

Կարելի է մտովի անցնել Արամի ապրած փոթորկոտ կյանքի ճանապարհով եւ տեսնել, որ Շուշիից՝ Բաքու, Բավից՝ Կարս, Կարսից՝ Վան եւ վերջապես Երեւանով ավարտվող կարեւոր բոլոր հանգրվաններում, նրան շատ շուտով վստահվել են պատասխանատու աշխատանքներ եւ նրա մասնակցությամբ իրագործված ծրագրերը ունեցել են արդյունավետ ընթացք ու շոշափելի հաջողություններ: Օժտված լինելով ղեկավարի բնածին ունակություններով, երկու ոտքով կանգնած լինելով Դաշնակցության գաղափարա-քաղաքական հենքի վրա, Արամը փորձել է առանց խտրականության եւ հավակնոտության շուրջը համախմբել ազգի կարող ուժերին առանց քաղաքական խտրության՝ լինել շրջահայաց ու համբերատար, զերծ մնալ մանր կրքերից, դրսեւորել նրբանկատություն ու ճկունություն՝ համատեղված ներուժով կարեւորագույն խնդիրներին լուծում բերելու համար: Միաժամանակ Արամը երկաթյա կամքով ու վճռականությամբ օժտված առաջնորդ էր:

Առասպելական հավատ ու կամք պետք է ամփոփված լինի մեկ մարդու մեջ կարողանալու համար ամենօրյա զրկանքների, առողջական խնդիրների, վտանգների, եւ ահագնացող աղետի պայմաններում չնահանջել, չհուսահատվել, եւ շարունակել գործը, որին զինվորագրվել ես:

Վկայաբերենք մեկ օրինակ իր հուշերից: 1905-1907 թվականներին Վանում ծավալած գործունեության ընթացքում նա իր ընկերների հետ հարկադրված է եղել ամեն օր, իսկ երբեմն էլ օրը մի քանի անգամ փոխել կեցավայրը: Ցերեկները թաքնվել, իսկ գիշերները զբաղվել հեղափոխական գործունեությամբ: Քաղցած մնալ, եթե նոր թաքստոցի տերերը չեն կերակրի եւ կարողանալ փախչել, երբ հաճախ հոդացավը թույլ չի տվել ինքնուրույն շարժվել տեղից: Ճանաչված լինել, եւ իմանալ, որ թուրքական ուժերի հետապնդման թիրախում ես, բանտարկվել եւ համոզված լինել, որ մահվան հեռանկարի առջեւ ես:
Հայրենի պետականության վերականգնման ձգտումը Արամի մեջ էր եւ նա փորձեց իրագործել այդ նպատակը դեռեւս Վանում, երբ գործողության մեջ էր ցեղասպանության ծրագիրը:

1915թվականի մայիսի 7-ին ստանձնելով Վան Վասպուրականի ժամանակավոր նահանգապետի պաշտոնը Արամը ձեռնամուխ եղավ պետական կառույցների ձեւավորմանը, ժողովրդի խարխլված կյանքի կազմակերպմանը:

Նիկոլայ երկրորդին հղված հեռագրում նա Վանը անվանում է Հայաստանի մայրաքաղաք եւ խնդրում է ցարին, իրենց ընդունել ռուսական հովանու ներքո, որպես ինքնավար Հայաստան:

Դժբախտաբար օտարի ձեռքով բերված ազատությունը երկար չէր կարող գոյատեւել եւ երկրորդ անգամ նա անկախ Հայաստանի ստեղծումը պիտի նախաձեռներ Երեւանում՝ եւ արդեն սեփական ուժերին ապավինելով:

1917 թվականի դեկտեմբերի 18-ին հանդես գալով Երեւանի Հայոց Ազգային խորհրդի նիստում նա ասում է. < Ամեն ոք իր մասին է մտածում. Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար:Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք էլ է լինում, դա լոկ խոսք է՝ զուրկ իրական հիմքից եւ անկեղծությունից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում, շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու եւ թե երկրի ներսը կարգ հաստատելու համար>:

Պատահական չէ, որ Հայոց ազգային կենտրոնական խորհուրդը 17 թվականի դեկտեմբերին հենց Արամին գործուղեց Երեւան: Ռուսաստանում բոլշեւիկյան հեղափոխությունից հետո եւ ռուսական զորքերի կողմից թուրքական ճակատը լքելու պայմաններում Անդրկովկասում պետական իշխանությունը փաստացի փլուզվել էր: Արեւելահայությունը եւս հայտնվել էր տագնապի ու հուսալքության մեջ, լկտիացել էր ներքին թշնամին, իրական էր թուրքական զորքերի Կովկաս առաջխաղացման վտանգը:

Այս անձեւ քաոսի պայմաններում, ինչպես գրում է ժամանակի գործիչներից Արշալույս Աստվածատրյանը <Ազգային խորհուրդը 1917թվին հեռատեսություն ունեցավ եւ Երեւան ուղարկեց շատ պատասխանատու գործով Արամին՝ աչքի առաջ ունենալով նրա գործ կազմակերպելու եւ այն վարելու բացառիկ կարողությունները՝ բացառիկ ծանր պայմաններում>:

Արժեւորելով 1918թվականի մայիսյան հաղթանակները, անհրաժեշտ է փաստել, որ այդ ամենի իրագործումը անհնարին էր լինելու, եթե Արամի գլխավորությամբ չհաջողվեր նախապես ստեղծել զինվորական միավորումներ, ամեն տեսակի օգնություններ հասցնել ճակատ, խաղաղեցնել երկրի ներսում ընդհարումներ եւ խափանարարություն ձեռնարկող թուրք-թաթարական խաժամուժին, չնախաձեռնվեր պետական կառույցների ձեւավորումը, լուծում չտրվեր ժողովրդի բազում կարիքներին եւ թերեւս ամենակարեւորը՝ իր անչափելի եռանդով վճռականությամբ, եւ հավատի ու լավատեսության ուժով Արամը չվարակեր եւ պայքարի մղեր, բարոյալքված, հուսահատության մատնված զանգվածներին:

Հերոսամարտերի նախօրյակին նույնիսկ զինվորական ու քաղաքացիական ղեկավարներ չէին հավատում, թե Երեւանից ոչ հեռու, կարելի է բացճակատ դուրս գալ թուրքական կանոնավոր զորամիավորումների դեմ:

Մայիսի 19-ին երեկոյան, Ազգային խորհրդի նիստում հարց բարձրացվեց Երեւանը հանձնելու եւ դեպի նոր Բայազետի լեռները քաշվելու մասին>, բայց Արամի անքննելի վճիռն էր.< Ոչ մի նահանջ, ոչ մի գծի վրա: Նահանջ Երեւանից՝ կնշանակե խաչ քաշել մեր ամբողջ գործունեության եւ մեր ապագա քաղաքական մուրազներուն վրա, բոլորդ պիտի մնաք եւ մեռնիք: Երեւանը չենք դատարկի, եւ պետք է կռվենք, դիմադրենք թշնամուն մինչեւ վերջին մեր կաթիլ արյունը, մինչեւ վերջին գնդակը>:
Արամը կարողացավ կամք պարտադրել բոլոր հոռետեսներին եւ մղել պայքարի:

Օրվա հայտնի գործիչներից Սարգիս Օհանջանյանը այդ օրերին ասել է. <Արամն է, որ լուսավորում է բոլորիս ճամփան, եւ քանի նա կա, կասկած չունեմ, որ հաջողելու ենք եւ լույս աշխարհ ենք դուրս գալու այս խոր Վիրապից>:
Հայաստանի անկախացումից հետո ստանձնելով ներքին գործոց նախարարարի պաշտոնը, իր հատկությունների շնորհիվ Արամը դարձյալ փաստացի դառնում է գլխավոր դերակատար, որը ոչ միայն երկրի ներքին անվտանգության խնդիրներով էր զբաղվում, այլ ըստ էության զբաղվում էր ամեն տեսակի գործերով: Հենց նրա նախարար եղած ժամանակ էր, որ հիմնականում լուծվեց Հայաստանի անվտանգ ապագայի հարցը՝ երկիրը մաքրագործվեց թշնամական հինգերրորդ շարասյունից ու հայացավ:

Սիրելի բարեկամներ չցանկանալով շեղվել այսօրվա միջոցառման կարեւոր խորհրդից ցանկանում եմ ավելացնել հետեւյալը.
Այսօր էլ Հայաստանի համար կատարյալ անդորր չէ: Ադրբեջանի հետ պատերազմը սառեցվել է, բայց չի ավարտվել: Աշխարհը եւ մասնավորապես մեզ հարեւան տարածաշրջանը արյունալի բախումների մեջ է եւ հայտնի չէ , թե երբ ավարտ կունենա շահերի նոր բախումն ու ինչպիսի վերաձեւումների կենթարկվի աշխարհի քարտեզը: Մենք մեր մաշկի վրա զգացինք, որ հարյուր տարի անց էլ, ոչ թուրքերն են փոխվել, ոչ մյուսները: Եւ այս իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար մեզ համար ավելին քան կարեւոր են Արամի դասերը: Ուղենշային կարգախոս է Արամ Մանուկյանի կենսունակ միտքը. <Մենակ ենք եւ պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին>: Համագործակցություններն ու դաշինքները անհրաժեշտ են եւ բնական ժամանակակից աշխարհում: Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ պատմական պահերին, մենք ենք լինելու մեր միակ պաշտպանը:
Արամ Մանուկյանի կյանքը վաղուց պատմությունէ դարձել, բայց նրա դասերը մեզ անհրաժեշտ են դեռ շատ երկար ժամանակ: Արամ Մանուկյան խորհրդանիշը պետք է դառնա մեր իրականության մասը, ապրի մեր մտքերի հոգիների եւ գործերի մեջ:

Տիգրան Պետրոսյանց
«Զորավար» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն

ԽՈՍՔ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Տիկնայք և պարոնայք,
Պարոնայք սպաներ և կուրսանտներ՝
Հայրենակիցներ.

Արամ Մանուկյանը դարձել է կամ դառնում է 135 տարեկան: Մինչև հիմա ստույգ հայտնի էր նրա ծննդյան տարին 1879 թվականը:

Մինչ մեր օրերը ընդունված էր ասել, որ նա ծնվել է Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում:

Սակայն պատմաբան Արմեն Ասրյանն ապացուցում է, որ Արամ Մանուկյանը ծնվել է 1879 թվականի մարտի 19–ին Շուշի քաղաքում:

Անվերապահ է, որ Արամ Մանուկյանի ծնողները Սյունիքի Դավիթ Բեկ գյուղից են: Գյուղում պահպանվել է նրանց միհարկանի տունը և տնից ոչ հեռու գտվող հայրական դարբնոցը:

Դավիթ Բեկ գյուղում կամ Շուշի քաղաքում Արամ Մանուկյանի ծնվելու հանգամանքը որևէ բանով չէր փոխելու այն կյանքը, որ ապրեց Արամ Մանուկյանը: Ի վերջո, նա հայոց պատմության կարևորագույն դեմքերից մեկն է և հավասարապես կարող է լինել թե այսօր վիճելի բնակավայրերի` Դավիթ Բեկ գյուղի կամ Շուշի քաղաքի ծնունդ, թե երևանցի, որտեղ ավարտել է թեմական դպրոցը, ապա` վերակերտել hայոց պետականությունը, թե կարսեցի, որտեղ կայացել է որպես հեղափոխական ու գաղափարական գործիչ, թե վանեցի, որտեղ դարձել է լուսավորչական, քաղաքական, զինվորական առաջնորդ և պետական գործիչ:

Արամ Մանուկյանը, ինչպես բոլոր մարդիկ, մեկ կյանք ուներ, բայց նա այդ մեկ կյանքը նվիրաբերեց Հայոց պետականությանը և անկախ ապրած ժամանակում կուսակցական պատկանելությանը` հավերժության ժամանակում դարձել է ազգի մեծագույն զավակ:
Արամ Մանուկյանը (իսկական անուն–ազգանունը` Սարգիս Հովհաննիսյան) Վանունց ցեղից է` Ավանեսյան–Հովհաննիսյաներից: Արամ Մանուկյանի հորը «ղոնդաղ սաս» մականունն էին տվել, նա հրացանի փայտե կոթ սարքող էր և գյուղում դարբնոց ուներ:

Նախնական կրթություն ստացել է Շուշի քաղաքի ծխական դպրոցներից մեկում: Այդ դպրոցից հեռացվելուց հետո ընդունվել է Երևանի թեմական դպրոցը, որն ավարտել է 1903 թվականին:

Վաղ հասակից անդամակցելով Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը` նա ամբողջ կյանքում անմնացորդ նվիրվել է այդ կուսակցության դավանած գաղափարների կենսագործմանը: Եվ կուսակցության շարքերում շարքային անդամից աճել ու դարձել է մի ամբողջ ազգի քաղաքական, պետական, ռազմական առաջնորդ: «Մեր կուսակցության մեջ ոչ ոք Արամի աստղը չունի»,-գրել է Սարգիս Օհանջանյանը:

20-րդ դարի սկզբին ռուսաց քաղաքականությունը հայոց եկեղեցու և ոչ միայն եկեղեցու հանդեպ, կոշտացել է: Այս շրջանում իրենց գործունեությամբ ասպարեզ են մտել մի շարք հայրենանվեր գործիչներ: Եվ նրանց թվում Արամը:
Արամը առաջիններից էր, որ խոսեց ռուսաց կառավարության դեմ կռվի անհրաժեշտության մասին: Այդ ուղղությամբ Արամի գործունեությունը չսահմանափակվեց միայն Բաքվով: Նա անցել է Գանձակ, ապա` Թիֆլիս, Գյումրի, Կարս: Ամեն տեղ քաղաքական ըմբոստությունների ոգին Արամն էր: Կարսում Արամը մի կողմից զբաղվել է տեղական կուսակցական-կազմակերպչական գործերով, մյուս կողմից` զինական խմբերի պատրաստությամբ` Արևմտյան Հայաստան ճանապարհելու համար: Խմբերի մեծ մասը ջարդվել է սահմանի վրա, որը խիստ ազդել է Արամի վրա և նա, հակառակ Կարսի կենտրոնական կոմիտեի համաձայնության, անցել է Արևմտյան Հայաստան և հաստատվել Վանում:

Այստեղ Արամը կայացել է որպես գաղափարական, կազմակերպական գործիչ, առաջնորդ, դարձել տեղի ամենաճանաչված գործիչներից մեկը, եթե ոչ ամենաճանաչվածը:

Արամը և իր ընկերները Վասպուրականում եռանդուն գործունեություն են ծավալել բնակչության շրջանում: Արամի երկար տարիների գործունեությունը մեծ նպաստ է բերել հայրենասիրական տարամադրությունների սերմանմանը Վասպուրականում: Ձևավորվել է նոր պայքարող սերունդ և պատահական չէր, որ Վան-Վասպուրականը Արևմտյան Հայաստանի այն քիչ վայրերից էր, որ մինչև վերջ պայքարի օրինակ ցույց տվեց: Հերոսական դրվագներով էր հագեցած Վանի 1915 թվականի ամբողջ ապրիլ ամսվա ինքնապաշտպանությունը: 1915 թվականի ապրիլի 5-ին կազմվել է «Վանի ինքնապաշտպանության զինվորական մարմին»-ը։ Վերջինիս կազմում սկզբնապես մտել են Արմենակ Եկարյանը (արմենական, ռազմական ղեկավար), Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և Բուլղարացի Գրիգորը (երկուսն էլ դաշնակցական)։ Հետո Զինվորական մարմնի կազմում ընդգրկվել են նկարիչ Փանոս Թերլեմեզյանը (անկուսակցական) և Արամ Մանուկյանը (դաշնակցական)։ Թուրքական բազմաքանակ զինվորական միավորումներն ու դրանց միացած տեղական քրդական հրոսակները մեկ ամիս պաշարել ու գրոհել են քաղաք ի վրա, բայց որևէ էական հաջողության չեն հասել:

Քաղաքի պաշարմանը մասնակցած Ռ. դը Նոգալեսը բարձր գնահատական է տվել Արամ Մանուկյանին, որպես Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկի։ Գ.Սբորդոնին Արամ Մանուկյանին համարել է Վանի հայության դիմադրության ոգին:

Վանի հերոսամարտի ամբողջ ծանրությունը Արամի վրա էր: Նա Իշխանի և Վռամյանի կորստից հետո մնում էր միակ ապավենն ու ընտրյալ առաջնորդը Վասպուրականի պայքարող հայության համար:

1915 թվակականի մայիսի 5–ին, ռուսական զորքերի կողմից Վանի գրավումից հետո, Արամը նշանակվել է Վանի նահանգապետ, նրան շնորհվել է ռուսական պետության գեներալի աստիճան:

Նա մի քանի օրվա ընթացքում կարողացել է քաոսի ու ավերածության մեջ ստեղծագործական աշխատանքի լծել բոլորին:
Շուրջ 70–օրյա նահանգապետության օրերին Արամը հաստատել է, որ ինքը բնածին պետական գործիչ ու ղեկավար է: Իսկ ինչպես էին դիմում Վանի նահանգապետին` «Վանի նահանգի վսեմ կառավարիչ», «Վսեմ նահանգապետ Վանի», «Վսեմ նահանգապետ», «Վսեմապատիվ պարոն Արամ», «Տեր նահանգապետ», «Նորին Գերազանցություն նահանգապետ Վանի»… Սրանք դիմելաձևեր են, որ հատուկ ասվում են երկրի ղեկավարին: Փաստորեն նահանգի բոլոր կառույցները և օտարերկրյա ներկայացուցիչները Արամ Մանուկյանի անձի պարագայում դիտարկում էին պետության ղեկավարի:

Այստեղ` Վանում, Արամ Մանուկյանը փորձարկեց անկախ Հայաստանի կառավարման մոդելը: Նահանգում ձևավորեցին հորիզոնական և ուղղահայաց կառավարման օրգաններ և դրանք ղեկավարվում էին միապետի կարգով:
Արամը ռուսական զորքերի նահանջից հետո հայության գաղթի կազմակերպիչն էր, որի շնորհիվ Վասպուրականի բնակչության մեծագույն մասը փրկվեց թուրքական յաթաղանից:

Վանի հերոսամարտի ընթացքն ու արդյունքը հայտնի է: Կարող ենք փաստել, որ այն Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած մյուս ինքնապաշտպանական կռիվներից տարբերվում էր իր կազմակերպվածությամբ, ժողովրդի համախմբվածությամբ և տվեց իր արդյունքը:

1916-1917 թվականներին աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային Բյուրոյում:

1917 թվականին որպես Հայոց Ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ Արամ Մանուկյանը ժամանել է Երևան:
Երևանի Ազգային խորհուրդում իր առաջին իսկ զեկույցում Արամ Մանուկյանը խոսել է սեփական ուժերին ապավինելու անհրաժեշտության մասին և առաջարկել վերակազմել Ազգային խորհուրդը, ընտրել փոքրակազմ ու դյուրաշարժ մարմին: Առաջարկը միաձայն ընդունվել է և ընտրվել է Հատուկ կոմիտե, որին տրվել է գործելու կատարյալ ազատություն:
Այս պահից սկսյալ Արամ Մանուկյանը կազմել է Արարատյան երկրամասի կառավարություն Վանի նահանգի օրինակով, ուղղահայաց ու հորիզոնական կառավարման համակարգ` գյուղապետ, գավառապետ, քաղաքապետ, վարչություն–նախարարություններ, ոստիկանական և հարկային մարմիններ: Փաստորեն 1918 թվականի մայիսի 28–ի անկախության հռչակումից առաջ Արամ Մանուկյանը Հայաստանում արդեն կայացրել էր պետություն` դառնալով այդ պետության ղեկավարն ու զինվորական պատասխանատուն:

«Արամի կիրքը կարելի է համեմատել դինամիտի հետ, որ յուրաքանչյուր փոքրիկ շփմամբ կարող է պայթել և դղրդացնել ամբողջ շրջապատը և համեմատել էլեկտրական կոճակի հետ, որ թեթևապես սեղմվելով կարող է լուսավորել անվերջ տարածություններ»,-գրել է Օնիկ Մխիթարյանը:

Արամը հասկանում էր, որ վաղ թե ուշ պետք է բախում լիներ թուրքերի հետ: Նա իրատեսորեն հույսը չէր դնում արտաքին օգնության վրա, այլ եռանդուն քայլերով ժողովրդին պատրաստում էր դիմագրվելու ապագա փորձությունները:

Էրզրումի անկման լուրն ստանալուց հետո Երևանի ազգաբնակչությունն ու զինվորականությունը մի բազմամարդ ժողովում որոշեցին Արամին հայտարարել դիկտատոր, փաստացի` միապետ: Մարտ ամսվա առաջին օրերից նա դարձավ Երևանի բովանդակ իշխանության մարմնացումը: Ձեռք-ձեռքի տված Դրոյի, զորավարներ Նազարբեկյանի, Սիլիկյանի, նահանգական կոմիսար Ս.Թորոսյանի, քաղաքական կուսակցությունների և կառավարական ու հասարակական մարմինների հետ` նա ցուցաբերեց արտակարգ եռանդ և ամենատագնապալի վայրկյանին ձեռնհասությամբ վարեց Արարատյան դաշտի հայ ժողովրդի ճակատագիրը:

Հաջողվեց բացել ռազմավարական նշանակություն ունեցող գլխավոր ճանապարհները, մաքրել խռովությունների բույն ծառայող մահմեդական բնակավայրերը, կարգ ու կանոն հաստատել ենթակա շրջաններում: Նա միջոցներ ձեռք առավ դասալքության և ավազակության դեմ: Նրա տրամադրության տակ կար 16-18 հազար մարզված ու բավական կարգապահ բանակ, որ ձևավորվել էր Հայկական կորպուսի ուժերից: Ֆինանսական դրությունը կարգավորելու համար պարտադիր տուրք դրվեց ժողովրդի վրա:
«Երբեք, գուցե, հայ կյանքում իշխանությունն ու հասարակությունը այնպիսի համերաշխ միություն չէին կազմել, քան 1918 թվականի գարնան և ամառվա պատմական ամիսներին»,- գրել է Սիմոն Վրացյանը:

1918 թվականի այդ վճռական օրերին նա դրսևորեց կամքի անվերապահ ուժ: Ժողովուրդը հասկացել էր, որ այդ զոհողություններին նա գնում է հայրենիքի համար: Այդ հասկանալով` նա վճռական պահին կանգնեց Արամի կողքին և ամեն հարցում օժանդակեց նրան՝ ընդհանուր գործի հաջողության համար:

Արամը մարդկանց համախմբելու վարպետ էր` նրանց հետ լեզու գտնելու և գործի մղելու արվեստի մեջ: Արամի այդ գիծը փրկարար դեր կատարեց Երևանում` Հայաստանի Հանրապետության հիմնադրության նախօրեին:

Իսկ այդ նախօրեն բերեցին Գյումրի մտած, ապա Հայաստանի երեք ուղղություններով Հայաստանը նվաճելու մղված թուրքական ամենամարտունակ Դարդանելյան հինգ դիվիզիաները: Հայ ժողովուրդը` զինվոր, գյուղացի, քաղաքացի, մտավորական, կուսակցական, անկուսակցական դուրս եկան թշնամու դեմ: Սարդարապատում, Ապարանում, Ղարաքիլիսայում՝ երեք ճակատով պատերազմ մղող հայ ժողովուրդը հաղթեց և այդ հաղթանակի արդյունքում էլ վերակերտեց Հայաստանի անկախ պետականությունը` Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Եվ այդ հաղթանակի ոգին Արամ Մանուկյանն էր:

Երբ Երևանը վտանգի մեջ էր և սպասվում էր, որ այն կգրավվի, շատերը խոսում էին Արամին քաղաքից հեռացնելու մասին, որ փրկեն նրա կյանքը, բայց Արամը նրանց պատասխանեց, թե իր համար գերադասելի է թուրքերի ձեռքով կախաղան բարձրանալ Ազգային խորհրդի շենքի առջև, քան հեռանալ քաղաքից: Ապա ավելացրեց, որ քաղաքից հեռանալու մասին չէ, որ պետք է մտածել, այլ քաղաքը փրկելու մասին:

«Նա պատրաստված հռետոր չէր, բայց երբ խոսում էր, այլևս ոչ մի առարկություն չէր լսվում: Այդ խոսքի մեջ անկեղծության, հավատքի և տրամաբանության այնպիսի որակ և քանակ կար, որով նա կարող էր կատաղած ամբոխները զսպել և հուսալքված բազմությունները կատաղեցնել»,- ասվել է Արամի մասին:

Նա գիտեր մարդկանց ինչպես հրամայել, որ գնան մեռնելու:

«Նրա կազմակերպչական ուժն այնքան տիրական էր, որ ոչ ոք չէր կարող ընդդիմանալ: Երբ նա խնդրում էր, կարծես հրամայում էր»,- գրել է հուշագիրը:

Արամի հանդեպ սովորական տրամադրություններ ու միջակ համակրություններ չկային: Կամ նրան պաշտում էին, կամ ուզում էին սպանել նրան:

Արամը անխնա էր ավազակների, թալանչիների նկատմամբ, նույնիսկ Չոլախ Գևորգը, որ աչքի ընկնող դաշնակցական էր և կողոպուտով ու շահատակություններով էր զբաղվում հայ ժողովրդի համար բախտորոշ օրերին, չխուսափեց պատժից` նա գնդակահարվեց Արամի հրամանով: Երբ Գևորգի տղաներից մեկը հարց տվեց, թե օրը ցերեկով փողոցում կարե՞լի էր գնդակահարել, Արամը պատասխանեց, թե ով որ ներկա բացառիկ ծանր պայմաններում չի ենթարկվի իշխանությանը ու կհետևի Գևորգի օրինակին` նույնպես կգնդակահարվի:

Երբ Եղվարդ գյուղը հրաժարվեց հաց տալ զորքին, Արամի հրամանով գյուղը ռմբակոծվեց, որից հետո գյուղը կատարեց իր պարտավորությունները:

Հայրենիքի համար մինչև վերջ պայքարելու հաստատակամությունը երևում է հետևյալից:

1918 թվականի հուլիսի 23–ից, Հայաստանի Հնարապետության նոր կառավարությունում Արամ Մանուկյանը վարում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Արամ Մանուկյանի ներքին գործերի նախարար դառնալու մասին Սիմոն Վրացյանը գրել է. «Արամը միակ մարդն էր, որ այդ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրություն պահել երկրում և պետական շինարարություն սկսել»: Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց նախարարության լիազորություններն աննախադեպ էին: Իր հիմնական գործառույթն իրականացնելուց զատ, նախարարությանն էին ենթարկվում կապի եւ հեռահաղորդակցության ոլորտը, երկաթուղին, դպրոցական համակարգը, որոնք միայն հետագայում տարանջատվեցին ներքին գործերի մարմիններից: Հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր դեմքերից, հասարակական, պետական գործիչ Ռուբենը /Ռուբեն Կարապետի Տեր-Մինասյան, 1882-1951 թթ./ իր «Հայ յեղափոխականի մը յիշատակները» գրքում Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց նախարարության մասին խոսելիս մեջ է բերել Հայաստանի խորհրդարանում պատգամավոր Հայկ Ազատյանի արտասանած խոսքերը. «Քաջազնունին մի խրտուիլակ եւ մումիա է, իսկ միւս նախարարները` արբանեակներ Արամի շուրջը. փաստորեն ոչ թէ կառավարութեան, պարլամենտի /Ազգային Խորհուրդ/ իշխանութիւն կայ, այլ` Արամի եւ Դաշնակցութեան» /հատոր 7, էջ 313/:

Արամ Մանուկյանը նաև խորաթափանց դիվանագետ էր, օգտագործում էր ամեն հնարավորություն, որը բխում էր երկրի շահերից:

Երբ Խալիլ փաշան գալիս է Երևան, Հայաստան երկիրը ներկայացնող Արամ Մանուկյանը նրա հետ սրտառուչ հանդիպում է ունենում: Այդ մասին Արամն ասել է. «Այո՛, այս ժողովրդի փրկության համար համբուրեցինք մինչև իսկ Խալիլին»: Հենց այս նույն Խալիլ փաշայի միջոցով Կարսից մեծ քանակության փամփուշտ ստացավ երկիրը: Ճիշտ է, Խալիլն այդ արել էր սեփական կաշին փրկելու համար, բայց կարևոր էր, որ Արամն այդ պահը կարողացավ օգտագործել լուրջ ռազմական պաշար երկիր մտցնելու համար:

Մենք` հայերս, Հայկ Նահապետին հիշում ենք: Նա սպանել է Հայաստան մտած Բելին, բռնակալից փրկել իր ժողովրդին և հիմնել Հայոց պետականությունը: Նրանից 4400 տարի հետո նրա հետնորդներից մեկը` Արամ Մանուկյանը Հայաստանի հիշողություն դարձող տարածքի մի ածուի վրա վերակերտել է Հայոց պետականությունը: Հայաստան ստեղծելու և այն վերակերտելու գործընթացներում երկու անհատների` Հայկ Նահապետի և Արամ Մանուկյանի դերակատարությունն անհերքելի է և նրանց վերապահված է Հայոց պատմության մեջ միակ համեմատական համարժեքությունը:
Ես համոզված եմ և հավատացած, որ հիմա Արամ Մանուկյանի հոգին հրճվանքի մեջ է: Այս դահլիճում նստած են նրա ոգու կրող հայերը, նրա երազած հայոց երիտասարդությունը հանձինս Հայոց բանակի ապագա սպաների, հանձինս այս երկրի ուսանողության:

Այո, Արամ Մանուկյանի հոգին անմահ է: Եվ որպեսզի այն նաև հաջորդ հազարամյակներում լինի մեր կողքին ու հսկի մեր լինելությանը, եկեք միասին ՈԳԵԿՈՉԵՆՔ նրան, միասին կրկնենք` <Փառք Արամ Մանուկյանին կոչը>.– Փառք Արամ Մանուկյանին:

Բայց ցավով պիտի փաստեմ, որ Արամ Մանուկյանը ոչ միայն չի արժևորվում որպես Հայոց պետականության հիմնադիր և Հայոց Առաքելական եկեղեցու կողմից չի սրբացվում, այլ պատմագրության կողմից արժանի գնահատականի չի արժանանում: Պետք չէ մոռանալ, որ պատմությունն իրողությունների ու իրադարձությունների գործընթաց է, պետք է անաչառորեն լուսաբանվի, մեկնաբանվի, ազգի պատմության մեջ եզակի դերակատարություն ունեցող գործիչները պետք է գնահատվեն պատմության մեջ ունեցած դերով ու կատարած գործերով:

Բայց այս ելակետից բացառիկ անհարիր է Արամ Մանուկյան գործչին վերաբերող իրականությունը:
Արամ Մանուկյանի տան մասին: Երբ 1917 թվականի դեկտեմբերի կեսերին Արամը եկավ Երևան, նրան` Վանի նահանգապետին, Արևելյան Հայաստանի այդ պահի ղեկավարին ցնծությամբ դիմավորեցին: Երևանի պատվարժան քաղաքացիներից մեկը`Ֆադեյ Քալանթարյանը, նրան նվիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով այն ժամանակի Ցարսկայա փողոցում 1910 թվականին կառուցված երկհարկանի տունը: Այս փոքրիկ շինությունն այդ պահից դարձավ Հայոց պատմության մաս: Այդտեղ 1917 թվականի դեկտեմբերի կեսերից մինչև 1919 թվականի հունվարի 29-ը, մինչև իր մահը, ապրել է Արամ Մանուկյանը: Այդ տանն է նրա մահից չորս ամիս առաջ ծնվել նրա դուստրը` Սեդան: Արամ Մանուկյանի մահից հետո այդ տանն է ապրել նրա այրին` Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Եկատարինա Զալյան-Մանուկյանը: 1920 թվականից սկսյալ նաև Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանյանը` ընտանիքի հետ։ /Փակագծում ասենք, որ Ցարսկոյե փողոցը 1919 թվականին` Արամի մահվանից հետո, Հայաստանի կառավարության որոշմամբ անվանափոխվել է` դառնալով Արամի փողոց: 1921թվականից մինչև 1991 թվականը այն կրել է Սպանդարյան անունը, 1991թվականին փողոցը վերստին վերանվանվել է Արամի փողոց/:

2005 թվականին Երևանի քաղաքապետարանը Արամի, Բուզանդի, Կողբացու փողոցներով եզրափակված տարածքը օտարել է: Արամի տան հատվածը ևս մտել է օտարված հողի մեջ: Այդ տարածքը գնել է «Գլենդել Հիլզ»-ը:

Քաղաքապետարանը ներկայացնողները երբեմն հայտարարում են, որ Արամի տունը չի վաճառվել, այն տեղում է: Փառք Աստծո, որ «Գլենդել Հիլզ»-ը այն չի փաթեթավորել ու տարել: /Փակագծում ասեմ, որ մեր ոխերիմ թշնամուց ավելի վատ է վարվել. հանել է շենքի ծածկը, առաջին–երկրորդ հարկերի կտուրները և արդեն 10 տարի սպասում է, թե երբ այդ չորս պատը կավերվեն ու կդադարի չեղած տան մասին խոսակցությունը/: Այո, Արամի տունը իր տակ եղած հիմնահողով վաճառվել է: Բայց ոչ միայն շենքի տակ եղած հիմնահողը, այլ նաև այդ հողի վրա գտնվող չորս պատը: Իսկ այդ պատերը Հայոց հոգևոր պատմության մասունք են, քանի որ այդ պատերի ներսում եղած բնակարանում է ապրել և մահացել Արամ Մանուկյանը: Իրականում վաճառվել է ոչ թե Արամի 9 հասցեի սովորական հիմնահողը, այլ Հայաստան պետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը:

Հիմա եկեք պատկերացնենք, որ Փարիզի քաղաքապետը բիզնես կառույցներին վաճառի ֆրանսիական թագավորների Լուվրի պալատը, Լոնդոնի քաղաքապետը վաճառի Ուինստոն Չերչիլի տունը, Հավանայի քաղաքապետը վաճառի Ֆիդել Կաստրոյի տունը: Պատկերացրեցիք: Դժվար: Նման բան անհնար է պատկերացնելն անգամ:
Բայց վերադառնանք հայկական իրականություն:

Քաղաքապետարանի թե այն ժամանակի, թե ներկա պատասխանատուները կարող են հակադարձել, որ ինչ վատ բան կա. վաճառել են, որ վերականգնվող «Հին Երևան» ծրագրի շրջանակում Արամի 9 հասցեի ավերակի դիմապատը պահպանվի`վրան էլ ցուցանակ, որ այդ պատի հետևում ապրել է Հայաստանի նորօրյա պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը:
Այսպես կարելի է արդարացնել ցանկացած սրբապղծություն:

Մարդիկ մոռանում են, որ գործել ու գործում է մի բարոյական եզրույթ. չվաճառել ազգի մեծերի հիշատակը: Սա անհերքելի իրողություն է: Այս դեպքում գործ ունենք Երկիր, Պետություն ստեղծող մարդու հիշատակի հետ: Փաստորեն վաճառել են Երկրի բարոյական հիշողությունը:

Երկրի, մայրաքաղաքի պատասխանատուներն իրենցից առաջ ապրած Մեծերի հիշատակը հարգելով պիտի երիտասարդներին ազգային ինքնահարգանք ներարկեն: Քանի որ ասվածին հակառակ վերաբերմունքով, որպիսին է Արամ Մանուկյանի անձի, գործունեության, հիշատակի հանդեպ, անհնար է երիտասարդ սերունդ դաստիարակել:

Հարգելի պատասխանատուները պիտք է հիշեն, որ մոռացումը վաղը, մյուս օրը չոքելու է նաև իրենց դռանը: Իսկ կապվելով Արամ Մանուկյանի անձի հետ` իրենք հնարավոր է նաև հիշվելու հնարավորություն ստանան:

Արամ Մանուկյանի գերեզմանի և այժմյան գերեզմանին խաչքար կանգնեցնելու մասին: Հայ ժողովուրդը իր հերոսին` Արամ Մանուկյանին, հուղարկավորել է ներկայիս Կոմիտասի այգու Պանթեոնում և օրվա Ամենայն հայոց կաթողիկոսը աղոթքով հրամայել է, որ ազգի մեծ որդու գերեզմանն անշարժ մնա: Սակայն եկել են գենետիկ այլ արարածներ և նրա աճյունը նախ շարժել ու թաղել են Կոզեռնի գերեզմանոցում, ապա` այստեղից ավելի ուշ տեղափոխել ու հողին հանձնել Թոխմախի գերեզմանոցում՝ մեկ այլ ընտանիքի գերեզմանատարածքում և մտածել, որ այն այդպես կկորչի ու կմոռացվի:
Բայց: Այդպես չեղավ: Արամի գերեզմանատեղը չմոռացվեց:

Հայրենասեր հայերի մի խումբ` Վարագ Առաքելյան, Գարեգին Մխիթարյան, Արցախ Բունիաթյան, Ժորա Բարսեղյան, Մկրտիչ Սահրադյան՝ ուրիշներ 1979 թ–ին նախ ճշտել են թաղման տեղը, ապա որոշել Արամ Մանուկյանի գերեզմանին խաչքար կանգնեցնել: Խաչքարը նախկին քաղբանտարկյալ ու նվիրյալ Գուրգեն Արմաղանյանի տան բակում պատրաստել է քանդակագործ Գառնիկ Ամիրջանյանը: Բացարձակ գաղտնիության պայմաններում այն 1982 թվականի օգոստոսի 11–ին Սերգեյ Մարդանյանի մեքենայով հասցվել է Թոխմախի գերեզմանոց և ճանապարահատվածից գերեզմանոցի չորս բանվոր, ձեռքերի վրա, առանց որևէ տեխնիկայի օգտագործման, այն հասցրել են Արամ Մանուկյանի գերեզմանին ու տեղադրել, մի փոքր ավելի ուշ, Վարագ Առաքելյանի մի ծանոթի տված պատվանդանի վրա: Այս ամենն ասացի, որ պատկան մարմիններն Արամ Մանուկյանի աճյունը տեղափոխելու պարագային չանհանգստանան խաչքարի տեղափոխության դժվարությունների հարցով: Այն ինչպես ձեռքով հասցվել է գերեզմանոց, այդպես էլ ձեռքով կիջեցվի մինչև ճանապարհահատված: Իսկ ավելի ճիշտ կլինի, որ հավերժ մնա նույն տեղում` ապրող իշխանավորներին հիշեցնելու համար, թե ինչպիսի դեգերումների են դատապարտել մեծ հային իր հավերժության ճանապարհին:

Այս տարվա հուլիսի 1–ին Արամ Մանուկյանի հիշատակի միջոցառումների ծրագիր է ստանձնել «Զորավար» հիմնադրամը: Ամբողջ ծրագիրը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին, Երևանի քաղաքապետին, որոշ նախարարությունների: Մի շարք հարցերի առթիվ կան պատասխաններ, որոշ հարցերի պատասխաններից պատկան մարմինները խուսափում են:

Բայց հավաստիացնում ենք ձեզ, որ «Զորավար» հիմնադրամը շարունակելու է

1. Աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ վերականգնելու պատմական ճշմարտությունն ու Արամ Մանուկյանի մասունքները Կոմիտասի այգու Պանթեոն տեղափոխելու և վերահուղարկավորելու համար` կառավարության պահանջներին համապատասխան:
2. Աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ` Հայաստանի Հանրապետության «Արամ Մանուկյան» շքանշան հիմնելու համար:
3. Աշխատել Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարարության հետ` Արամ Մանուկյանին նվիրված նամականիշերի շարքի հրատարակության և շրջանառության մեջ դնելու համար:
4. Աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ` Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը «Գլենդել Հիլզին» կամ մեկ այլ անհատի վաճառելու գործարքը չեղարկելու ուղղությամբ, այն պետության հաշվեկշռում վերականգնելու, «Հին Երևան» մեռելածին ծրագրից հանելու, պետական միջոցներով վերականգնելու և «Արամ Մանուկյան» տուն–թանգարան հիմնելու համար: Այսօր այստեղ հայտարարում եմ, որ հակառակ պարագայում «Զորավար» հիմնադրամը կհայտարարի «Արամ Մանուկյանի տան փրկագնություն» համահայկական դրամահավաք` տունը նորօրյա տերերից վերագնելու համար:
5. ԱշխատելԵրևանի քաղաքապետարանի ավագանու հետ` Արամ Մանուկյանի արձանը Երևան քաղաքում տեղադրելու որոշում կայացնելու համար և քաղաքապետարանի հետ` Արամի 9 հասցեի Արամ Մանուկյանի տան կողքի միհարկանի տան տեղում այն տեղադրելու համար:
6. Աշխատել 2015 թվականի առաջին եռամսյակում կազմակերպել գիտական կոնֆերանս, Արամ Մանուկյանին նվիրված, և նյութերը հրապարակել:
7. Աշխատել 2015 թվականի մայիս ամսին Երևան քաղաքի ավագ դպրոցներում անցկացնելու «Իմ Արամ Մանուկյանը» շարադրությունը:

Ուզում եմ խոսքս ավարտելուց առաջ մեկ անգամ էլ հիշեցնել մեկ այլ մեծ հայի` Նիկոլ Աղբալյանի խոսքերը Արամ Մանուկյանի մասին, որ նա արտասանել է Արամ Մանուկյանի թաղման արարողության ժամանակ. «… Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ըսեք, արդյո՞ք աշխատեր եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞ր եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞ր եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը…»:

Եվ վերջում Արամ Մանուկյանի կնոջ, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ, բժշկուհի Եկատերինա Զալյան–Մանուկյանի մարգարեկան խոսքերը, որ մահվան մահճում 1951 թվականին ասել է աղջկան` Սեդա Մանուկյանին. «Ես չտեսա, բայց դու անպայման կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կգնահատեն քո հորը: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի մոռանա նրան»:

Այսօրը Արամ Մանուկյանի հիշատակության օր է: Այսօրը Արամ Մանուկյանի փառաբանության օր է: Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է մեր հոգում պահել Արամ Մանուկյանի անունն ու հիշատակը: Մենք պարտավոր ենք նրան պահել մեր սրտում, հոգում ու գիտակցության մեջ: Այսուհետ յուրաքանչյուրիս պարտքն է հետևողական լինել այսօրյա ու գալիք սերունդների դաստիարակության հարցում, սնել նրանց հայրենասիրության ոգով, դաստիարակել իսկական Արամ Մանուկյաններ:
Հայ ազգի համար Արամ Մանուկյանը հավերժությունն է: Եվ հավերժականի մեջ Արամ Մանուկյանը հայ ազգի հայրենասիրական, դաստիարակչական դիմագիծն է:

Կեցցե Արամ Մանուկյանին:

Կեցցե հայ ժողովրդին:

Կեցցե Հայոց պետականությանը:

Տպել Տպել