Ավելորդ ջղաձգումներ պետք չեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է եռյակի վերջին հանրահավաքին:

արծվիկ– Պարոն Մինասյան, Արմեն Ռուստամյանը խորհրդարանական վերջին ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ Դաշնակցությունը ցանկանում է, որ եռյակը հաջողի ու չհիասթափեցնի ժողովրդին, այս գործընթացն ու վերջին հանրահավաքը ի՞նչ են ցույց տալիս, հաջողո՞ւմ է եռյակը:

– Մենք հարգանքով ենք մոտենում հանրության այն հատվածին, որ նաեւ մասնակցելով միտինգներին, պահանջում է փոփոխություններ: Սա մեր հանրության լեգիտիմ ակնկալիքն է: Ինչ վերաբերում է եռյակի գործողություններին, այդ թվում նաեւ այդ ակնկալիքները իրականացնելու տեսակետից, ինձ համար մի քանի հարցեր բաց են մնում: Առաջինը, այնուամենայնիվ, չի հնչում՝ որո՞նք են պահանջների այն ամբողջությունը, որոնք ներկայացվում են իշխանություններին եւ որոնք համապատասխանում են հանրության ակնկալիքներին: Երկրորդ, հանրահավաքը ցույց է տալիս, որ իսկապես քաղաքացիները փոփոխությունների պահանջ են առաջադրում, որոնք բխում են երկրում ձեւավորված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից, արդարադատությունից, ապագայի նկատմամբ անվստահությունից: Դա պարզ էր շատ ավելի վաղուց, դրա մասին խոսել են գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները, քաղաքական ուժերը, եւ պարզ է, որ հավաքվել, նորից խոսել այդ պրոբլեմների մասին, արդյունավետ չէ, եթե չունես կոնկրետ գործողությունների կամ ծրագրանպատակային քայլերի հաջորդականություն: Իսկ այդպիսի հաջորդականությունը այսօրվա ներքաղաքական կյանքում սերտորեն առնչվում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հետ, որը, սակայն, եռյակը մերժում է: Ուստի, այդ տեսակետից, այդպես էլ պարզ չէ, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության շրջանակներում ինչի՞ն են դեմ մեր հարգելի գործընկերները: Այդ տեսակետից շատ լավ կլինի, որ ձեւակերպվեն այն կոնկրետ դրույթները, որոնք ընդունելի չեն իրենց կողմից սահմանադրական այս փոփոխությունների փուլում: Բայց ընդհանրապես մերժել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, նշանակում է նաեւ մերժել փոփոխությունների անհրաժեշտությունը: Չէ՞ որ մեծ հաշվով, պարզ քաղաքացու համար էական նշանակություն չունի՝ անձը Ա-ն է, թե Բ-ն է: Եթե այդ անձը պետք է իշխանության գա նույն մեխանիզմներով, ինչով ձևավորվել է օրվա իշխանությունը, նրա համար տարբերություն չկա՝ կոռուպցիայով զբաղվում է Ա՞-ն, թե Բ-ն: Միեւնույն է, այդ կոռուպցիայի զոհը նույն քաղաքացին է: Հաջորդ դիտարկումս այն է, որ ամբիոնից մերժել, թշնամական վերաբերմունք արտահայտել այն քաղաքական ուժերի, միավորների եւ անձանց նկատմամբ, ովքեր չեն կիսում թե՛ մեթոդների, թե՛ գաղափարական առումով առաջարկվող մոտեցումները, մերժելի է: Մեր անցած պատմությունը ցույց է տվել, որ այդ մոտեցումն ավարտվում է արյունահեղությամբ, սա բերում է ծայրահեղ դրսեւորումների, եւ այո, նույն մարգինալացման, որի մասին խոսվեց հարթակից: Մարգինալացման բնութագրումը հենց այդ կեցվածքն է, այլ ոչ թե նրանց մոտեցումները, ովքեր համակարծիք չեն քաղաքական այն գործընթացների տրամաբանության եւ ծրագրերի հետ, որ հայտարարվում է:

– Այսինքն, ըստ ձեզ, այս գործելաոճը շարունակելու դեպքում իրականում եռյակի ուժե՞րը կարող են մարգինալ դառնալ:

– Ակնհայտ է, որ դա դրան կարող է հանգեցնել, որովհետեւ երբ դու պահանջում ես փոփոխություն եւ այդ փոփոխությանը դեմ լինողներին կամ դրանց չհավատացողներին համարում ես թշնամիներ, անվանարկում ես, զուգահեռաբար կեղծելով իրականությունն ու փաստերը, 24 տարի առաջվա իրողությունը, քո նպատակներին հասնելու համար ներկայացնում ես որպես բացարձակ ճշմարտություն, իսկ քո մոտեցումները չկիսողների համար սահմանում ես բաժանարար գիծ, հայտվում ես մարգինալ՝ ծայրահեղ դիրքում: Ավելին, կառուցելով բարիկադներ՝ հայտարարում ես, որ մյուս կողմում գտնվողները կամ պետք է կապիտուլյացիայի ենթարկվեն, հանձնվեն քեզ կամ քաղաքականապես ոչնչանան, դա հենց մարգինալիստական մոտեցումն է:

– Վերջին հանրահավաքում կրկին սոցիալ-տնտեսական պահանջներից խոսվեց, բայց երբ ամփոփում էին քառյակի 12 պահանջները, ՀՅԴ-ն ներկա չէր, նախ, ինչո՞ւ առանց ձեզ ամփոփեցին, եւ ինչու են հիմա կրկին բարձրացնում այդ հարցերը:

– 12 կետերը ձեւակերպելու գործում ՀՅԴ-ն ունեցել է էական դերակատարություն: Իրականում ոչ թե խաղի կանոնը խախտել ենք մենք, այլ եռյակի մեր գործընկերները: Պայմանավորվածության համաձայն, 12 կետերի կատարումը պետք է գնահատվեր քառյակի ֆորմատով: Մեզ շրջանցել են եւ տվել են իրենց գնահատականը: Սրա մասին ճիշտ է, որ խոսեն եռյակի մեջ գտնվող քաղաքական ուժերը ներկայացնող այն անձինք, ովքեր կանխամտածված կատարել են դա: Աստված իրենց հետ: Ինչ վերաբերում է Դաշնակցության՝ հարթակում չլինելուն, սա էլ երկրորդ դրվագն է, երբ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը տեսնելով հանդերձ, մենք ասում էինք, որ օրակարգում մի՛ դրեք այդպիսի հարց, որովհետեւ եթե կա տարակերպ մոտեցում, ապա հանրահավաքը չի կարող կոնֆերանսի հրապարակի վերածվել: Այնտեղ հնչող տեսակետները պետք է կիսեն հարթակում կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հակառակ դեպքում, ոչ միայն տեղի կունենա տեսակետների բաժանում, այլ նաեւ դա կփոխանցվի հանրությանը եւ հանրությունը կապրի լրացուցիչ հիասթափություն: Սրա ականատեսը, ի դեպ, մենք եղանք նույն վերջին հանրահավաքի ժամանակ, երբ արտաքին քաղաքականության մասին հնչեցին տրամագծորեն տարբերվող տեսակետներ՝ մի կողմից ցույց տալով, որ եռյակի միջեւ չկա միասնական մոտեցում, մյուս կողմից այդ անորոշությունը փոխանցվեց հանրությանը: Երկու դեպքն էլ վնասակար է հանրության վստահությունը ամրապնդելու առումով: Սա նշանակում է, որ մեր գործընկերների անազնիվ պահվածքը մեր նկատմամբ շարունակվում է նաեւ եռյակում: Ավելին ասեմ, վերջին հանրահավաքի ժամանակ, եթե դուք ուշադիր հետեւեցիք, առաջնորդների խոսքերում գրեթե բացակայում էր սահմանադրական փոփոխություններ չանելու կտրուկ պահանջը: Եթե դա չհայտարարեցին, որովհետեւ այլեւս չեն համարում առաջնահերթ հարց, նշանակում է, Հայաստանի ներքաղաքական օրակարգում ավելի կարեւոր հարց կա, քան համակարգային փոփոխությունները, իսկ սա մեզ համար մերժելի է, որովհետեւ այլ կարեւոր հարց չի կարող լինել: Չի կարելի անընդհատ բողոքել վատ վիճակից, ինչ մասին բոլորն են խոսում, բայց լուծումներ չառաջարկել, կամ լուծումները տեսնել միայն անձանց փոփոխության մեջ: Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, բայց գնում են այդ ուղղությամբ:

– Արմեն Ռուստամյանը բաց ասաց, որ եռյակը համագործակցում է իշխանությունների հետ, ինչի՞ շուրջ են նրանք բանակցում:

– Իրենք հայտարարում են՝ ինչի շուրջ են բանակցում: Հայտարարում են, որ բանակցում են իրենց պահանջների իրացման շուրջ: Ինչպես նշեցի, ինձ համար պարզ չեն այդ պահանջները, որովհետեւ չեն ձեւակերպվել: Իրենք հայտարարում են, որ սպասում են իշխանության արձագանքին, որպեսզի մտնեն բանակցությունների մեջ: Ի՞նչ բովանդակություն կունենա, պատասխանը իրենք պետք է տան, սկսած նրանից՝ համակարգային փոփոխություններ ասելով ի՞նչ են հասկանում, ավարտած կոնկրետ անձանցով կամ պաշտոնատար անձանց փոխարինելու մեխանիզմներով: Միայն հայտարարել, որ մենք բանակցում ենք, օրինակ, իշխանափոխության ժամկետների շուրջ, հավատացեք, լուրջ մոտեցում չէ: Դու, նախ պետք է առնվազն արձանագրես կամ ունենաս այն հիմքերը, որ ասես՝ իշխանությունը արդեն գնում է, պատրաստել է ճամպրուկները, հիմա մենք ասում ենք՝ երբ հեռանա, որ անցնցում լինի: Բայց այդպես չէ, չէ՞: Ասենք, այդ ի՞նչ եք արել, որ իշխանությունը այսօր պիտի ճամպրուկը վերցնի ու սուսուփուս հեռանա: Կամ եթե իրենք պատկերացնում են անձի փոփոխությամբ իշխանափոխության հնարավորությունը՝ ընտրությունների միջոցով, ապա այդ ակնկալիքն առնվազն 2017 թվականին պետք է իրականանա: Ժամկետից շուտ պահանջել իշխանափոխություն, գոնե պետք է մարդ մի քիչ Սահմանադրությանը ծանոթացած լինի:

– Ծառուկյանը հայտարարեց սեղմ ժամկետներում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ պարտադրելու եւ այնուհետեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Դա իրատեսակա՞ն է:

– Եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրություն են ուզում, դրա համար պետք է հիմքեր լինեն: Գործող Սահմանադրությամբ տրված են դրա սպառիչ հիմքերը: Ազգային ժողովը չի կարող լուծարվել ինքնուրույն կամ որեւէ երկրորդ, երրորդ անձի միջոցով, եթե չկան այդ հիմքերը: Ինձ մոտ հաճախ տպավորություն է, որ նման պահանջներ ներկայացնողներից շատերը պարզապես չեն տիրապետում Սահմանադրությանը: ԱԺ մեծամասնությունը չպետք է գա աշխատանքի, առնվազն 3 ամիս ԱԺ-ն պետք է անգործունակ լինի, որպեսզի լուծարման հիմք տա: Կամ՝ 3 ամիս կառավարության անհետաձգելի ճանաչված նախագիծը չպետք է քննարկվի խորհրդարանում, որպեսզի կարողանան ԱԺ արտահերթ ընտրությունների խնդիր դնեն: Սրանք մեխանիզմներ են, որոնք եթե չես պահում, անգամ մեծ ցանկության դեպքում երկրի նախագահը, անկախ նրանից՝ ով է նա, չի կարող ներկա Սահմանադրությամբ մի հրամանագրով արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացնել:

– Դուք ասացիք, որ վերջին հանրահավաքում քիչ էր շեշտադրումը հանրաքվեի վրա, բայց, ըստ էության, հայտարարվեց, որ առաջին հանրահավաքից հետո իրենք հաղթանակ ունեցան, քանի որ Սերժ Սարգսյանի խոսնակը հայտարարեց, որ փետրվար-մարտ ամիսներին միայն Սարգսյանը տեսակետ կհայտնի:

– Եթե իրենք դա համարում են հաղթանակ, իրենց խնդիրն է, պարզապես պետք է առնվազն բարի լինել, ծանոթանալ Սերժ Սարգսյանի հրամանագրի հետ, որով ամբողջությամբ սխեման նկարագրված է: Ավելորդ ջղաձգումներ այստեղ պետք չեն: Նրանք, ովքեր համարում են հաղթանակ, թող համարեն, բայց այդ հաղթանակի դրսեւորումը ո՞րն է, ես չեմ տեսնում: Մինչեւ փետրվար-մարտ ամիսները տեղի են ունենալու քաղաքական քննարկումներ: Եթե դու ի սկզբանե հրաժարվում ես ծանոթանալ այդ փաստաթղթին, հայեցակարգի հետաձգումը համարում ես հաղթանակ, հարց է առաջանում՝ այդ ժամկետի ընթացքում ի՞նչ ես անելու: Ամեն օր նստենք, ասենք՝ հաղթանակ էր, հաղթանակ էր, մինչեւ փետրվար-մարտ ամիսներին բերեն մի փաստաթուղթ, որին դուք այդպես էլ չծանոթացաք, այն ժամանակ ի՞նչ եք ասելու, ասելու եք, հավանություն է տրվել մի փաստաթղթի, որտեղ ձեր տեսակետները հաշվի չեն առնվել, որոնք դուք այդպես էլ չներկայացրեցիք, թե հայտարարելու եք, որ հաղթանակը իշխանությունը մսխե՞ց: Ես ուզում եմ, որ մի քիչ քաղաքական մտածողություն ձեւավորվի. կա մի հատված, որ անկեղծորեն ուզում է, որ երկրում դրական փոփոխություն լինի, կա նաեւ մի հատված, որը նեղ կուսակցական ակնոցներով է նայում, ներկուսակցական շահերով է առաջնորդվում եւ հաճախ աղավաղում է ողջ պայքարի իմաստը եւ զրկում է նաեւ քաղաքական ուժերին՝ քաղաքացիական պայքարի արդյունքում ձեւավորված պահանջը վերածելու քաղաքական պահանջի: Առանց պահանջներ ձեւակերպելու աշխարհի ոչ մի երկրում անգամ գունավոր հեղափոխություններ տեղի չեն ունեցել:

– Ի վերջո, ձեր տպավորությամբ, ո՞րն է իրենց ուզածը:

– Ես անկեղծորեն դժվարանում եմ ասել, իսկապես հաջողություն եմ մաղթում իրենց, թող որեւէ մեկի մոտ չլինի այն կարծիքը, որ քանի որ մենք այդ հարթակում չենք կամ հանրահավաքին չենք մասնակցում, ուրեմն ուզում ենք, որ ձախողվի: Մեր երկրում, այո, փոփոխությունները անհրաժեշտություն են, հրամայական են, իշխանափոխության բանաձեւը պետք է լինի ընտրությունների միջոցով նոր իշխանության ձեւավորումը եւ դրա համար անհրաժեշտ բոլոր կառույցների ստեղծումը: Այս հանրահավաքները, եթե շարժում է դառնալու, ամենեւին նպատակ չպետք է դնի իր առաջ այս կամ այն անձին իշխանության բերելու: Կարեւոր չէ այդ անձի անունը, մտավոր ունակությունը, կարողությունը: Առաջին հերթին մեր քաղաքացիները պետք է մտածեն՝ ինչպիսի՞ փոփոխություններ պահանջեն, որպեսզի այդ փոփոխություններից հետո ով էլ գա իշխանության, ավելի չվատացնի վիճակը, այլ լավացնի:

– Իրենք, փաստորեն, նաեւ դուք եք ասում, X անձին ցանկանում են փոխարինել Y անձո՞վ՝ Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանո՞վ:

– Նրանք այդ մասին արդեն բացահայտ են ասում:

Լուսինե Բարսեղյան

armtimes.com

Տպել Տպել