Դաշնակցության հացի մեջ աղ չկա

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ» օրաթերթին

armen -Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանը հանձնարարեց եւս մեկ անգամ անդրադառնալ քառյակի 12 պահանջներին, բայց եռյակն ասում է՝ որեւէ մեկը պաշտոնապես չի դիմել մեզ նման առաջարկությամբ, մեծամասնությունն էլ հակադարձում է, թե՝ հո ամեն մեկին առանձին հրավիրատոմս չե՞նք ուղարկելու։ Ինչպե՞ս տեղից շարժել դեռ չսկսված՝ փակուղի մտած այս գործընթացը։

-Դրանք տեխնիկական հարցեր են՝ դետալներ, որոնք ինձ բացարձակապես չեն հետաքրքրում։ Եթե ցանկություն կա, ձեւ կգտնվի։ Մենք հստակ ասել ենք՝ 12 կետերի վերաբերյալ կառավարության պատասխանները մեզ չեն բավարարում։

Նախ, պետք էր կետ առ կետ քննարկել եւ ընդունել քառյակի առաջ քաշած հարցերի կարեւորությունը, ոչ թե ասել՝ եթե լավ կարդայիք, կտեսնեիք, որ դրանց մեծամասնությունը ներառված է մեր ծրագրերում, մի մասը արդեն իսկ իրականացվում է եւ այլն։

Այս հայտարարությունները բացարձակապես համարժեք չեն ստեղծված իրավիճակին. եթե քաղաքական ուժերը բարձրացնում են խնդիրներ, որոնց ուղղությամբ քայլեր ձեռնարկելը ե՛ւ վստահություն կառաջացներ կառավարության նկատմամբ, ե՛ւ հավատ կներշնչեր, որ երկրում գործընթացները ճիշտ ուղղությամբ են ընթանալու, այդ խնդիրներն անտեսելը, կարծում եմ, սխալ էր կառավարության կողմից։

Նախագահը ինչ-որ տեղ, կարծում եմ, այդ մոտեցումն է փորձում սրբագրել՝ ասելով, որ ամեն կետին պետք է հստակ, մանրակրկիտ պատասխան տալ, եւ դա լավ նշան է՝ լավ է ուշ, քան երբեք, ինչպես ասում են։ Նշանակում է՝ առիթ կա գնալու ավելի խորքային քննարկումների, իսկապես նախանշելու այդ ճանապարհային քարտեզը, որի մասին այդքան խոսվում է, եւ համաձայնեցված քայլեր ձեռնարկելու այդ 12 կետերի իրականացման ուղղությամբ։

Մենք ողջունում ենք այդ մոտեցումը եւ ճանապարհային քարտեզի վերաբերյալ էլ ունենք որոշակի պատկերացումներ, որոնց մի մասը, իհարկե, ուղղակի կապված է հենց սահմանադրական փոփոխությունների հետ՝ կարող է իրականացվել հենց սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Օրինակ, անկախ ընտրական համակարգի ձեւավորման, ընդհանրապես ընտրակարգի փոփոխության խնդիրը, ընդդիմությանը վերահսկողական հնարավորություններ տալու հարցը եւ այլն։

Այսինքն՝ մենք մեր ծրագրերից չենք հրաժարվել եւ շարունակելու ենք հետամուտ լինել այդ խնդիրներին, անկախ նրանից, թե եռյակը ինչ մոտեցում կորդեգրի։

-Եռյակը անկեղծության տեստ է առաջարկում իշխանություններին՝ ի դեմս 10-րդ կետի, որով առաջարկվում է վերանայել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի։ Այդ նախապայմանը Դաշնակցության համար ընդունելի՞ է։

-Գիտեք ինչ, քաղաքական պայքարն ունի իր «կանոնները». բնականաբար իշխանությունները փորձելու են մանեւրել, ընդդիմությունը, սա հասկանալով՝ պետք է փորձի սահմանափակել այդ դաշտը, եւ սա քաղաքական փորձառություն, հմտություն է պահանջում։ Մենք պատրանքներ չունենք, թե իշխանությունները մի օրում պետք է փոխվեն եւ սկսեն անել այն, ինչ մինչեւ հիմա չեն արել։ Միշտ ճնշումներն են ստիպում իշխանություններին՝ գնալու ինչ-որ զիջումների, եւ քաղաքական պրոցեսն այդ տրամաբանությամբ զարգանալով է հասել այս հանգրվանին։

Նույն քառյակը, ըստ էության, ձեւավորվեց հենց այն պատճառով, որ իշխանությունները շատ կոշտ պահվածք էին որդեգրել փոքրամասնության կողմից արծարծվող հարցերի նկատմամբ, եւ դա ստիպեց ոչ իշխանական ուժերին մոբիլիզացնել ուժերը: Եթե եռյակը շարունակի շարժվել նույն տրամաբանությամբ, կարծում եմ, արդյունքները չեն ուշանա։

Այս պարագայում առանձնացնել ինչ-որ հարցեր, պահանջներ ներկայացնել, թե առաջնահերթ կարգով սա պետք է լուծել, նա պետք է լուծել՝ այնքան էլ էական չեմ համարում։ Ի վերջո, ամեն մեկը կարող է ունենալ իր չափանիշները՝ որ դեպքում արժե վստահել իշխանություններին, որ դեպքում՝ ոչ։ Վստահ եմ, անգամ այդ պահանջը կատարելու դեպքում շատ քաղաքական ուժեր կարող են ասել, որ դա էլ իրենց չի բավարարում։

-Ասում եք՝ իշխանությունը միայն ճնշումների տակ է գնում զիջումների, բայց եթե եռյակը լավ թե վատ փորձում է շարունակել ճնշում գործադրել «ռեժիմի» նկատմամբ՝ սպառնալով իշխանափոխությամբ, Դաշնակցությունն իրեն, ըստ էության, դուրս է դրել այդ գործընթացից։

-Որեւէ քաղաքական օրակարգ չի ձեւակերպվել առանց Դաշնակցության ամենաանմիջական մասնակցության, իսկ իմիտացիաներ երկու կողմից էլ կարող են լինել։ Մենք իմիտացիաների կողմնակից երբեք չենք եղել, եւ նույն եռյակին հորդորել ենք զերծ պահել մեր ժողովրդին արյունահեղությունից եւ հիասթափությունից։

Այդ երկուսի արանքում մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի, եւ Դաշնակցությունը, ըստ էության, հենց դա էլ անում է։

-Կարծիք կա, թե եռյակի նախաձեռնած հանրահավաքային շարժումը մտել է փակուղի։ Համամի՞տ եք այդ տեսակետին։

-Ես ասել եմ իմ տեսակետը՝ հոկտեմբերի 10-ից հետո անորոշություններ մնացել էին, եւ չեմ կարծում, թե հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո այդ անորոշությունները փարատվել են։ Փառք Աստծո, արյունահեղություն չի եղել, բայց չեմ կարծում, թե հասարակությանը հուզող հարցերը հոկտեմբերի 24-ից հետո ստացել են իրենց պատասխանները։

Չեմ էլ համարում, թե սա ձախողում է, կամ եռյակի գործունեությունը փակուղի է մտել։ Բոլոր հարցերը միանգամից՝ մի անկթարթում, չեն լուծվում, եւ մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի երկարատեւ պայքարի։ Միաժամանակ, պետք է հասկանալ՝ այդ պայքարն իրակա՞ն է, ո՞ւր է տանում, առաջադրված խնդիրներին համապատասխան լուծումներ առաջարկվո՞ւմ են, թե՞ ոչ։ Սա՛ է խնդիրը։ Դրա համար էլ ասում ենք. Դաշնակցությունն ամբողջական իշխանափոխության կողմնակից է՝ անձերի փոփոխությունը Հայաստանում չի կարող բերել համակարգային փոփոխությունների։

-Եռյակն էլ է նույն բանը ասում։

-Քառյակում ի սկզբանե գոյություն ուներ երկու հակադիր մոտեցում. առաջինը ամբողջական իշխանափոխության գաղափարն էր, որի կրողը Դաշնակցությունն էր, եւ լավ է, որ շատ քաղաքական ուժեր հանգել են դրան։ Կարդացեք եռյակին սպասարկող մամուլը, եւ կհամոզվեք՝ ինչից ասես խոսում են՝ տիեզերական իշխանափոխությունից մինչեւ անհապաղ իշխանափոխություն, որը կարող է տեղի չունենալ։ Եվ սա, այո, բերելու է հիասթափության։

Մենք ասում ենք՝ մի գնացեք այդ ճանապարհով, եկեք իսկապես ստեղծենք իրավական հիմքեր, որ երկրում եթե մի բան փոխվելու է, ծառայի առաջին հերթին ժողովրդին, ոչ թե նրանց, ովքեր այդ փոփոխությունների արդյունքում գալիս են իշխանության։

-Միասնական շտաբներ ստեղծելու եռյակի (կամ ԲՀԿ-ի) նախաձեռնությունն իմիտացիա՞ եք համարում։

-Եթե հիշում եք, ժամանակին, երբ Դաշնակցությունը միացավ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժմանը, իմ ելույթներից մեկը հատուկ դրան էր նվիրված՝ որ շարժումը պետք է կազմակերպական ձեւ ստանա, հակառակ դեպքում կարող է ձախողվել։

Երկրորդ՝ հանրահավաքի մասնակիցը պետք է իմանա՝ իր անելիքը ո՞րն է։ Հանրահավաքը միայն դասախոսություններ կարդալու եւ հայտարարություններ անելու համար չէ. հրապարակում կանգնած քաղաքացին պիտի հասկանա՝ ի՞նչ դեր, ի՞նչ մասնակցություն է վերապահված իրեն, իրենից ի՞նչ է կախված։ Այս հարցերի պատասխանները տալու կազմակերպական հնարքներից, ձեւերից մեկն էլ իսկապես հանրապետության տարածքով մեկ գրասենյակների ցանց ունենալն է։

Բայց ինչպե՞ս աշխատեցնել այդ ցանցը, որ ծառայի իր նպատակին՝ բավական լուրջ խնդիր է, որ կարող է արդյունավետ լուծում ստանալ մի դեպքում՝ եթե «ընդդեմին» գումարվի նաեւ «հանունը». միայն ընդդեմով առաջնորդվելը բերում է առճակատման, բերում է արյունահեղության։

-Հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը նորից միանա եռյակին։

-Դաշնակցությունը միանում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք բխում են իր հրապարակած 7 կետերից։ Այդ առումով, մենք խնդիր չունենք՝ միանալու այս կամ այն քաղաքական ուժին։ Մենք շարունակելու ենք աշխատել այդ 7 կետերի իրականացման ուղղությամբ, մինչեւ բոլոր կետերը կլուծվեն։ Եթե լուծվեն՝ բոլորի համար է լավ լինելու, եւ ունենալու ենք նոր որակի Հայաստան։ Իհարկե, շատերը հետո չեն հիշի, թե ինչպես էին այս ընթացքում հայհոյում Դաշնակցությանը, բայց կօգտվեն Դաշնակցության պայքարի պտուղներից, ինչպես հիմա են օգտվում։

Մեր հետեւողականության շնորհիվ է, որ Ազգային ժողովում ընդդիմության դերակատարությունը մեծացել է՝ Դոնքի բանաձեւով սահմանվել է, որ հանձնաժողովներում ղեկավար պաշտոնները բաշխվում են ոչ թե քվեարկությամբ, այլ ըստ քվոտաների։ Ո՞վ է հիմա հիշում այդ մասին. ո՛չ ոք։

Վաղն էլ նույնն է լինելու. եթե, Աստված տա, սահմանադրական փոփոխություններով իսկապես ամրագրվեն մեր պատկերացումները իշխանություններին հակակշռելու մեխանիզմների վերաբերյալ, այդ թվում՝ ընդդիմության վերահսկողական հնարավորությունների հետ կապված, ինչի մասին բարեփոխումների հայեցակարգում հստակ գրված է, մենք կունենանք նոր Հայաստան։ Ուղղակի մեր քարն է ծանր՝ ինչպես ասում են, Դաշնակցության հացի մեջ աղ չկա. կհայհոյեն, ինչ ասես կասեն, բայց հետո դրանից կօգտվեն, որովհետեւ դա բոլորի համար է։

-Յոթ կետերից մեկն էլ համամասնական ընտրակարգի անցնելն էր։ Հինգշաբթի տեղի ունեցած քննարկումները կասկած թողնո՞ւմ են, որ մեծամասնությունն «այո» չի ասելու այդ փոփոխություններին։

-Մեր քայլերը պայմանավորված չեն տվյալ պահի իշխանությունների լայնախոհությամբ կամ տրամադրություններով։ Եթե մենք համարում ենք, որ մի բան ճիշտ է, շարունակում ենք այդ ճիշտը պնդել, ընդհուպ մինչեւ ազատ, անկախ Հայաստանի տեսլականը։ Դա ճիշտ է, եւ մենք շարունակելու ենք հետամուտ լինել դրան, որովհետեւ այս տարածաշրջանում մեր ազգի անվտանգ, կայուն զարգացման հեռանկարն այդ է պահանջում, անկախ նրանից՝ իշխանությունը դա ընդունում է թե ոչ, կամ կողքից որ քաղաքական ուժն է աջակցում մեր պայքարին։
Դաշնակցությունը գաղափարական կուսակցություն է եւ այդ գաղափարներին կառչած է մնալու այնքան ժամանակ, քանի դրանք չեն իրականացվել։ Իսկ քանի չեն իրականացվել, մեր ժողովրդին լավ ապագա չի սպասվում։ Սա է իրականությունը, եւ կոնսոլիդացիան սրա՛ համար է պետք։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

armworld.am

Տպել Տպել