Պատերազմի վերսկսման մշտական վտանգը չի կարող մեզ ստիպել տնտեսության ոլորտում լուրջ քայլեր չկատարել

Ղարաբաղը ներդրողներ է փնտրում

արթուրՆոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցավ Արցախի զարգացմանը նվիրված ֆորում: Համայնքի հետաքրքրությունը գրավելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը ոչ մի նոր բան չի հնարել, այլ սկսել է բաց կերպով խոսել իր ծրագրերի մասին:

Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդես եկավ Արցախի ներդրումային հնարավորությունների եւ տնտեսական զարգացման հեռանկարների շուրջ զեկուցմամբ:

Նա նկարագրեց, թե ինչ բարդ իրավիճակում են հարկադրված լինում աշխատել Ղարաբաղի ղեկավարությունը եւ բնակչությունը: Սակայն պատերազմի վերսկսման մշտական վտանգն ի վիճակի չէ կանգնեցնելու տնտեսության աճը, ինչը հանդիսանում է Ղարաբաղի իրական անկախության առարկայական հիմքը:«»

Աղաբեկյանի ցուցադրած աղյուսակից տեսանելի էր, թե ինչպես է տարեցտարի կրճատվում Հայաստանի ֆինանսական օգնությունը, եւ ինչպես է աճում սեփական ֆինանսական ապահովությունը: Եվ, այնուամենայնիվ, նրա խոսքով, Արցախն ունի դեռ չգործարկված հնարավորություններ տնտեսության տարբեր ճյուղերում: «Ներդրումային առումով մենք ընդունել ենք օրենքներ, որոնք որ նոր ներդրումային միջավայր են ձեւավորում Արցախում, մասնավորապես շահութահարկի, ներդրումների չափի հետ կապված: Եւ ամենակարեւորը, որը ներդրումային առումով լավ միջավայր է Արցախը, դա իշխանության անմիջական դերակատարությունն է ի պաշտոնե: Գալով Արցախ՝ նույն օրը հնարավորություն ունեն հանդիպելու կամ նախարարին, կամ փոխվարչապետին, կամ վարչապետին, իսկ ավելի խիստ անհրաժեշտության դեպքում նաեւ նախագահին»,- ասաց ԼՂՀ փոխվարչապետը:

Տնտեսական ծրագրերի հետ մեկտեղ ԼՂՀ կառավարությունը մշակել եւ իրագործում է տնտեսությունում ֆինանսների ներգրավման նոր ձեւ` ազգային վիճակախաղի տեսքով, որի եկամուտն ուղղվում է տնտեսության զարգացմանը: 2014 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի կունենա Ազգային վիճակախաղի երկրորդ խաղարկությունը: Անցյալ տարվա վիճակախաղի միջոցներով Իշխանաձորում կառուցվել են տներ բազմանդամ ընտանիքների համար եւ բացվել նոր աշխատատեղեր: Այսպիսով, Արցախի տնտեսության ամրապնդմանը մասնակցելու հնարավորություն է բացվում ոչ միայն խոշոր ներդրողի, այլ նաեւ միջին դասի եւ ամեն ցանկացողի համար: Վիճակախաղի մեկ տոմսն արժե հինգ դոլար:

Ամփոփելով հանդիպումը՝ ֆորումի կազմակերպիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ իրենց խնդիրն է ընդլայնել շահագրգիռ անձանց շրջանակը, գտնել խիզախ ու հավատարիմ գործընկերներ, եւ դա ոչ միայն Արցախի, այլեւ ողջ հայության խնդիրն է: «Մենք ցանկանում էինք ֆորումի ձեւով կազմակերպել այս երկխոսությունը, որպեսզի Մոսկվայում անընդհատ գործող հարթակ ստեղծվի, որտեղ Արցախի ղեկավարությունը կկարողանա ներկայացնել իր ծրագրերը, որոնց շուրջ մենք կկարողանանք համախմբել ինչպես հայկական բիզնես համայնքը, այնպես էլ այդ ծրագրերում ներգրավել ռուսական խոշոր ընկերություններին»,- ասաց Նավոյանը։

«Ռուս-հայկական համագործակցությունն» առաջարկեց այս երկխոսության փորձի հիման վրա Մոսկվայում Արցախի ներդրումային ամենամյա մեծ ֆորում անցկացնել:

yerkirmedia.am

Տպել Տպել