Փառատոն Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում

FotorCreatedԱրգենտինայի մայրաքաղաքում ավարտվել է Հայաստանին նվիրված փառատոնը, որին մասնակցել է ավելի քան 5.000 մարդ:

Ինչպես հաղորդում է PrensaArmenia.com-ը, փառատոնի ժամանակ հայ համայնքի անդամները մասնակիցներին հյուրասիրել են հայկական ավանդական կերակրատեսակներով, քաղցրավենիքով եւ գինիով: Մեկ օր տեւած փառատոնի ընթացքում մասնակիցները լսել են հայկական ավանդական եւ ժամանակակից երաժշտություն, երգեր: Ներկայացվել են ազգագրական պարեր եւ բեմադրություններ` պատմելով հայ ժողովրդի եւ նրա դարավոր պատմության, գաղութների գործունեության ու Հայոց ցեղասպանության ցավալի դրվագների մասին:

Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչ Ուգո Կույումջյանը փառատոնի բացման խոսքում շեշտել է, որ մշակութային միջոցառումների շնորհիվ փորձում են աշխարհին ծանոթացնել Հայաստանին: «Ուղիղ հարյուր տարի առաջ թուրքական պետությունը միլիոն ու կես հայ նահատակների հետ ցանկանում էր ոչնչացնել նաև հայկական մշակույթն ու արվեստը: Սակայն հայկական մշակույթը չկորավ եւ այն հարյուր տարի անց էլ աշխարհին հիացնում է իր կատարելությամբ»,- ասել է Կույումջյանը:

Փառատոնն անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

Տպել Տպել