Համագործակցության ճանապարհին

Տոմսկի պետհամալսարան այցելեց «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը

yuraԱյցի ընթացքում նա դասախոսություն կարդաց ուսանողներին և հանդիպեց Տոմսկի պետհամալսարանի ռեկտորին: Էդուարդ Գալաժինսկու հետ հանդիպման ժամանակ Յուրի Նավոյանը պատմեց այն խնդիրների մասին, որոնք այսօր լուծում է «Ռուս-հայկական համագործակցությունը»:

– Մենք աշխատում ենք լայն ոլորտներով: Դա աջակցություն է ռուս-հայկական բոլոր քաղաքական, տնտեսական, մշակութային նախագծերի իրացմանը և կապերի հաստատմանը` այդ թվում և համալսարանների միջև, – ասաց Յուրի Նավոյանը:

Նրա կարծիքով, նման համագործակցություն կարելի է հաստատել նաև ԵՊՀ և Տոմսկի պետական համալսարանների միջև:

– Դա համապատասխանում է մեր խնդիրներին և շահերին, – ի պատասխան նշեց Էդուարդ Գալաժինսկին: – Այսօր մենք ակտիվորեն զարգացնում ենք համագործակցությունը մի շարք արտասահմանյան համալսարանների հետ: Մենք ֆինանսական հնարավորություններ ունենք մեզ մոտ հրավիրելու արտասահմանյան համալսարանների առաջատար գիտնականներին, ստեղծելու համատեղ լաբորատորիաներ և կարծում եմ, որ կարող ենք համագործակցել ԵՊՀ և Հայաստանի այլ համալսարանների հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին համագործակցության զարգացման կոնկրետ քայլերը: Այսպես, փետրվարին նախատեսվում է ԵՊՀ և Տոմսկի պետհամալսարանի համատեղ ձմեռային դպրոցը` միջազգային քաղաքականության հրատապ հարցերի վերաբերյալ: Այնտեղ կքննարկվեն ազգամիջյան և միջպետական համագործակցության հարցեր:

– Դպրոցը տեղի կունենա ԵՊՀ-ում, մեզանից այնտեղ հինգ մարդ կգնա, – պատմում է պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի ասպիրանտ Արեգ Գալստյանը: – Մենք կներկայացնենք մեր համալսարանը, դասախոսություններ կկարդանք և պարապմունքներ կանցկացնենք, ինչպես նաև ինքներս կծանոթանանք ԵՊՀ հետ, կքննարկենք համագործակցության կոնկրետ ուղղությունները:

Ինչպես նաև մարտին Տոմսկի պետհամալսարանում նախատեսվում է անցկացնել միջազգային գիտաժողով` նվիրված Հայերի Ցեղասպանության 100–րդ տարելիցին: Իսկ մայիսի վերջին, Տոմսկի պետհամալսարանի ծննդյան օրը կհրավիրվի ԵՊՀ ռեկտորը և հենց այդ ժամանակ էլ նախատեսվում է այդ երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրել:

– Մեզ համար նման համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ հայկական սփյուռքը աշխարհում ամենաազդեցիկներից մեկն է, – ասում է միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արտյոմ Ռիկունը: – Նրա ներկայացուցիչները աշխատում են նաև արտասահմանյան համալսարանների կառավարման կառույցներում, այնպես որ նման համագործակցության շնորհիվ մեր արտասահմանյան կապերը ավելի կընդլայնվեն:

Ավելացնենք, որ Տոմսկի պետական համալսարանը հիմնադրվել է 1878 թ., այսօր ունի 23 ֆակուլտետ և ավելի քան 19 հազար ուսանող: Այն ունի ազգային-հետազոտական համալսարանի կարգավիճակ և մտնում է Ռուսաստանի TOP-15 համալսարանների մեջ:

Տպել Տպել