Հայաստան գազը պետք է ներկրվի սահմանին ոչ թե դրամ-դոլար, այլ դրամ-ռուբլի բանաձևով

ռուբլ;ի դրամՀայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Tert.am-ի հետ զրույցում ՀՀ-ն մեկ շաբաթ առաջ փոթորկող դրամ-դոլար-գներ իրադարձություններին անդրադառնալով, նշեց, որ դրանից պետությունը մի շարք դասեր պետք է քաղի և առաջարկեց որոշ լուծումներ: Դրանցից մեկն այն է, որ 70 տոկոս դոլարիզացիա ունեցող ՀՀ տնտեսությունը մի շարք ապրանքների, այդ թվում ՝ գազի վճարումները կատարելիս դրամ-դոլար բանաձևից անցնի դրամ-ռուբլի բանաձևին, ինչը կկանխի նաև գազի գնի հնարավոր թանկացումը սահմանին:

-Պարո՛ն Մինասյան, Կենտրոնական բանկի օգտագործած գործիքը, որը ստիպում է բանկերին ունենալ նաև դրամային ռեզերվներ, ի՞նչ գործիք է, ինչու՞ չէր գտնվում, եթե դա այդքան հեշտ ձև էր, և արդյո՞ք հաղթահարված եք համարում դրամ-դոլարային ճգնաժամը:

-Նախ, նմանատիպ ճգնաժամերը շուկայական տնտեսություն ունեցող երկրներում, իսկ այն երկրները, որոնք անցումային փուլում են և նրանց ներքին դիմադրողականությունը թույլ է, միշտ նման ճգնաժամերը նրանցում տեղի ունենալու հավանականություն ունեն: Այն, ինչ տեղի ունեցավ մեր երկրում, ցույց է տալիս, որ մենք հիմնարար կերպով մեր տնտեսության վերանայման անհրաժեշտություն ունենք: Ոչ միայն ֆինանսական շուկայում պետական քաղաքականության, ինչպես որ Կենտրոնական բանկի, կառավարության ու հակամենաշնորհային մարմինների կոորդինացիան պետք է լինի, այլև պետք է լինեն նոր մոտեցումներ հասարակության հետ աշխատանքում: Բազմիցս եմ այն մասին ասել, որ, այո, Հայաստանում դոլար-դրամ, և, ընդհանրապես, դրամի արժեզրկման խնդիրը պայմանավորված է 2՝ ներքին և արտաքին գործոններով: Եթե ներքին գործոնը խարսխված է հիվանդ տնտեսության վրա, ապա արտաքին գործոնը կարող էր և առաջացրեց շոկային հզոր հարված՝ թե՛ Ռուսաստանի տնտեսությունից, թե՛ ԱՄՆ-ի կողմից վարվող դոլարի քաղաքականությամբ: Նաև ԵՄ դրամավարկային քաղաքականության համատեղ գործողությունների ազդեցությունն էր, ինչը նման ցնցում առաջացրեց: Բայց այս ամենը չէր կարող այդքան ցավագին լինել, եթե երկրի ներսում հասարակության պատրաստվածության որոշակի աստիճան լիներ: Մենք փաստացի ի՞նչ իրավիճակի առաջ կանգնեցինք: Մի կողմից խուճապային տրամադրությունը, մյուս կողմից՝ տնտեսվարող սուբյեկտների ակնհայտորեն ոչ հիմնավորված վարքագիծը, ինչի արդյունքում սպեկուլյատիվ պահանջարկը արտարժույթի նկատմամբ մի քանի անգամ գերազանցեց իրական պահանջարկը: Եվ եթե դրան գումարենք, որ մի շարք սուբյեկտներ, ինչպիսիք օլիգարխներն ու մենաշնորհատերերն են, փորձեցին հանդես գալ սեփական շահը առաջ մղելու մոտեցմամբ՝ անտեսելով ՀՀ օրենքը հայկական դրամի՝ որպես վճարամիջոց ընդունելու մասին,պատկերն ամբողջական է դառնում։ Եվ ավելի հստակ է դառնում, որ ձեռնարկվելիք գործողություններն այս պահին դրությամբ, ճիշտ է, հանդարտեցրել են շուկան, բայց չպետք է հանգստանալ և հիմնարար կերպով վերանայումներ իրականացնել նշված ուղղություններով: Ինչո՞ւ կարգավորվեց մեկ օրում: Նախ, սա չի կարելի լիարժեքորեն համարել մեկ օրվա խնդիր, քանի որ Կենտրոնական բանկը հետևողականորեն փորձում էր ինտերվենցիաներ անել, ազդել իրական փոխարժեքի ձևավորման ուղղությամբ: Բայց քանի որ հասարակության մեջ խուճապային տրամադրությունը չափազանց մեծ էր, մյուս կողմից էլ, նշվածս պատճառը, արդյունքը չէր երևում: Եվ նաև՝ որոշ քաղաքական ուժերի ոչ համարժեք պահվածքը, երբ փորձում էին խուճապային տրամադրությունն էլ ավելի սրել:

-Ի՞նչ նկատի ունեք, ո՞ւմ:

– Շատ պարզ բան. եթե ուշադիր հետևել եք քաղաքական առանձին գործիչների ու «մասնագետներ» հասկացության տակ հանդես եկողների հարցազրույցներին, նշվում էր այն, որ դրամը ոչինչ է, արժույթի ազգային համակարգը զրոյական վիճակում է, որ փլուզվելու և այլն: Սրանք բոլորը, միանշանակ, բացասական ազդեցություն թողեցին, և պետական կառավարման համակարգը դրան համարժեք չարձագանքեց: Սա բերեց նրան, որ բնակչության լայն հատվածի մոտ խուճապային տրամադրություններն էլ ավելի սաստկացան: Նրանց մոտ, ովքեր տեսնում էին, որ ինչ-որ բան է կատարվում ու փոխանակ մի պահ կանգնել-մտածելու, թե արդյո՞ք ճիշտ է հոսանքի ուղղությամբ գնալը, իրենք գնում էին: Հետևաբար, էդ տեսակետից ԿԲ և պետական մյուս մարմինների քայլերը հանրության հետ աշխատանքներում՝ մասնագիտական կազմի և քաղաքական ուժերի ներգրավման առումով, նոր դասեր է մեզ պարտադրում:

Բայց շատ ավելի վատ ազդեցություն թողեցին այն խաղացողները շուկայում, ովքեր ունենալով դոլարային պաշարներ՝ օրենքով պարտավոր էին վաճառել: Այսինքն՝ այն առևտրային բանկերը, որոնք կուտակել էին և հրաժարվում էին վաճառել: Երկրորդ, այն փոխանակման կետերը, որոնք անվայելուչ պահվածք դրսևորեցին՝ իրենց՝ օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու առումով: Եվ վերջապես նրանք, ովքեր մեծածախ առևտրով զբաղվող սուբյեկտներ են և, փաստորեն, հանդես եկան հակապետական դիրքերից՝ հայտարարելով, որ դրամով առևտուր չեն անում, ինչի ազդեցությունը տեղափոխվեց ավելի փոքր խանութների վրա:
Հետևաբար, ինչո՞ւ մեկ օր. երկրորդ ուղղությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի միջամտությամբ: Այո, Հանրապետության Նախագահի ուղղակի միջամտությունը, նաև ՝ կառավարության առանձին դեմքերի ուղղակի միջամտությունը՝ հատկապես մենաշնորհատերերի մասով, իր արդյունքը տվեց: Այսինքն՝ դրամը որպես վճարամիջոց, ուզեին, թե չուզեին, պիտի ընդունեին, և նաև գների թռիչքաձև բարձրացումը փորձեցին մեղմել:

Սա նշանակում է, որ մենք հիմա անելիք ունենք, և ևս մեկ անգամ հաստատվեց այն, որ չեն կարող, շուկայական հարաբերություններով տնտեսության մեջ, վարչահրամայական մեթոդով կարգավորվել շուկայական հարաբերությունները: Այսինքն, այնքանով, որքանով իշխանությանը հաջողվեց մեկ օրվա ընթացքում որոշակի կարգավորում մտցնել դաշտում, սա կրկնակի ու եռակի անգամ մեզնից պահանջում է, որ ամբողջությամբ պետք է երկրում վերանայվի տնտեսության պետական կարգավորման համակարգը:

Ազատ շուկայի մուտքը այսօր գլխավոր խնդիրն է: Պատկերացրեք, եթե շուկան ազատ լիներ և ոչ թե մեկ կամ մի քանի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրողներ լինեին, վստահաբար, այս աժիոտաժը չէր լինի, և էդ մարդիկ էլ կհասկանային, որ վնաս են կրելու, եթե այդ պահվածքը շարունակեն՝ նաև չընդունելով ՀՀ արժույթը:

Եվ եթե դուք բարձրացնում եք գները, շատ բարի, բարձրացրեք, բայց դուք պարտավոր եք առնվազն հիմնավորել՝ ինչո՞ւ եք բարձրացնում, ձեր նախկինում ձեռք բերված ապրանքները, ինչո՞ւ եք հիմա այլ գնով վաճառվում, ինչո՞վ եք հիմնավորում, որ ապագայում նորից էդ բարձր կուրսով պետք է ձեռք բերեք: Սա նշանակում է բացասական տրամադրություն հաղորդել ոչ միայն հանրությանը, այլև սեփական գործողությունների հիմքում դնել դա:

Այն, ինչ տեղի ունեցավ, շատ լուրջ դաս է, մեր պետականության համար դաս է, ոչ թե պարզապես մի ցնցում էր՝ եղավ ու անցավ:

Իսկ տնտեսական լուծումները մի քանիսն են: Լուծում առաջին. մենք բոլորս տեսանք, հասկացանք, ընկալեցինք, որ ռուսական ռուբլուց էր գալիս ամենախոշոր շոկը: Սա նշանակում է, որ Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառության մի զգալի հատված մենք պետք է փոխարինենք դրամ-ռուբլիով՝ չմիջնորդավորենք դոլարով կամ եվրոյով: Օրինակ, գազի ներկրման հետ կապված, ակնհայտ է դառնում, որ մեր միջպետական համաձայնագրում պետք է ամրագրված լինի ռուբլի-դրամ, ոչ թե դոլար: Գուցե «Գազպրոմի» համար հիմա նախընտրելի է այդ բանը, բայց քանի որ հիմա արդեն «Գազպրոմը» զուտ առևտրային քաղաքականություն իրականացնողից վաղուց վերածվել է պետական քաղաքականություն վարող մարմնի, ապա պետք է գիտակցի, որ այդ քաղաքականությունը վնաս է նաև Ռուսաստանին, որովհետև նույն ռուբլու նկատմամբ անվստահությունը նաև սրանով է պայմանավորված:

Երկրորդ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը Հայաստանի տնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների դեպքում պետք է հասնենք նրան, որ ռուբլով կատարվի փոխանակում:

-Այսինքն՝ ՌԴ-Հայաստան առևտրաշրջանառության ո՞ր հատվածում եք առաջարկում վճարումները կատարել դրամ-ռուբլով, ոչ թե դրամ-դոլարով:

-Այսօր գազի ողջ ներմուծումը խարսխված է դոլարային բանաձևի վրա, այն ամբողջությամբ պետք է փոխարինվի ռուբլու բանաձևով, ինչը ազդեցություն չի ունենա նաև մեր երկրի ներսում: Տեսեք՝ նույն գազալցակայանների վճարումը կատարվում է դոլարային հաշվարկով: Սա նշանակում է, որ ուղիղ ազդեցությունը անմիջապես կրում է ՀՀ քաղաքացին: Իսկ եթե այստեղ կտրում ենք այդ կապը, նշանակում է, այդ բասական ալիքը արդեն չի գալիս Հայաստան: Եվ քանի որ x քանակությամբ արժույթ Ռուսաստանից գալիս է Հայաստան, սա կանխատեսելի է՝ մենք ունենք տրանսֆերտներ և ունենք ապրանքաշրջանառություն, և որքան ռուբլի, որ մտնում է Հայաստան, այդքանով դուրս գա, սրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա չեզոք կլինի: Առանձին դեպքերում անգամ կարող է դրական լինել: Բայց երբ մենք պայմանավորվում ենք երրորդ արժույթով՝ լինի դոլար, թե եվրո, ստացվում է, որ մենք համաշխարհային տնտեսության բեռը տեղափոխում ենք նաև մեր տնտեսություն, որի դեպքում ցնցումը շատ բարձր է լինում:

-Հիշո՞ւմ եք՝ «Գազպրոմ Արմենիան» հայտնեց, որ եթե դոլարը մի քիչ էլ բարձրանա, ստիպված կլինեն դիմել ՀԾԿՊՀ ՝ գնի վերանայման հարցով:

-Սրանով առնվազն կարճաժամկետ հատվածում կկանխվի գազի գնի բարձրացումը, երկարաժամկետ կամ միջինժամկետ հատվածում «Գազպրոմը», այնուամենայնիվ, պետք է առնվազն նույն ծավալով գինը բարձրացնի Ռուսաստանի համար, որպեսզի հիմնավորի, թե Հայաստանի համար ինչո՞ւ է գինը բարձրացնում: Ի վերջո, մենք այլևս գտնվում ենք նույն տնտեսական տարածքում: Եվ դա նշանակում է, որ «Գազպրոմը» չի կարող, պարզապես պայմանավորված դոլարի կուրսի փոփոխությամբ , մտնի և գին բարձրացնի: Սա ձեռք է տալիս մեր երկրին ու մեր պետությանը:

Ինչևէ, վերադառնանք դասերին՝ երրորդ կարևոր խնդիրը վերաբերում է մեր տնտեսության հիվանդ օրգանիզմին, դրա առողջությամբ զբաղվելուն: Ի վերջո, բոլորս պետք է հասկանանք, որ եթե երկրում ներդրումներ չկան, իսկ դրանք էլ ապահովված չեն համարժեք երաշխիքներով, հնարավոր չէ մշտապես գործել և գոյատևել տրանսֆերտների վրա, կամ՝ միջազգային վարկերի: Այսինքն՝ մեր երկրում պետք է ստեղծվի ներդրումների պաշտպանության կոմիտե, պետք է բացվի օտարերկրյա արժույթով ներդրումների հնարավորություն: Մի օրինակ բերեմ՝ բաժնետիրական ընկերություններն այսօր չեն կարող բաժնետոմսեր թողարկել արտարժույթով: Արդյունքում ստացվում է, որ օտարերկրյա ներդրողը, որն ուզում է օրինակ՝ դոլարով կամ եվրոյով բաժնետոմսի դիմաց վճարում կատարի՝ ներդրումային ծրագրով, ինքը դա պետք է փոխարինի դրամով, հետո նոր վճարի: Ռիսկը, փաստորեն, այդ դեպքում կրում է ինքը և կա՛մ պետք է ապահովագրի այն, այսինքն՝ ավելի շատ վճարում կատարի իր ներդրման համար, կա՛մ պետք է գտնվի այդ ռիսկային դաշտում: Երկու դեպքն էլ բերում են ներդրումների առումով բացասական որոշման կայացման: Մենք ունենք ոլորտներ, որոնք արհեստական սահմանափակել ենք: Եվ այդ նույն սահմանափակումների ներքո այսօր Հայաստանում դոլարիզացիան 70 տոկոս է, այսինքն՝ մեր տնտեսության 70 տոկոսը արտարժույթով է: Սա նշանակում է, որ մեր ազգային դրամը մենք ինքներս ենք թուլացրել: Այն, փաստորեն, խնայողության ֆունկցիա չի կատարում: Իսկ եթե փողը նման ֆունկցիա չի կատարում, շատ հեշտությամբ սկսում է դառնալ շրջանառության թույլ միջոցի ֆունկցիա կատարող:

Եվ վերջապես. ինքը որպես արժեչափի ֆունկցիա, որևէ ապրանքի իրական արժեքի գնահատման տեսակետից չպետք է միջնորդավորվի մի քանի արժույթներով, ինքը ուղղակիորեն դա պետք է անի: Սա նշանակում է Կենտրոնական բանկի անելիք: ԿԲ առումով ես տեսնում եմ մի քանի սկզբունքային խնդիրներ: Առաջին՝ ԿԲ-ն պետք է իրականացնի արտարժութային շուկայում կանխատեսելիություն ապահովող քաղաքականություն: Այսինքն՝ առնվազն 1, 3, 9. 9, 10 ամիս առաջ տնտեսվարող սուբյեկտները պետք է իմանան, թե Կենտրոնական բանկը ո՞ր կուրսն է տեսնում նախընտրելի և որքան գումար է պատրաստ այդ կուրսի համար ծախսել:
Սա տնտեսության մեջ կոչվում է՝ ֆորվարդային-ֆյուչերսային գործարք: Մի պարզ օրինակ՝ երբ ԿԲ-ն խոսեց սվոպի մասին, այսինքն, որ բանկե՛ր, եթե դոլար եք ուզում, ես ձեզ ապահովում եմ այդ պաշարներով, միանգամից հանդարտություն գնաց նույն այդ բանկերի ներսում: Սա եթե լինի տարվա կտրվածքով կանխատեսելի մոտեցում, շատ ավելի դրական արդյունքների կբերի: Ի վերջո, բոլորս գիտենք, որ որոշակի հոսքեր երկրի ներսում կանխատեսելի են, որ նրանք պետք է դոլարային վճարումներ ենթադրեն, դա խոշորածավալ ներդրողներն են, նույն՝ «ՀայՌուսգազարդ»-ը և այլն: Սրանց արտարժութային վճարումների կանխատեսելիությունը զուգակցելով այս համակարգի հետ, ավելի հեշտ է դառնում տնտեսությանն իրական ազդակներ փոխանցելը:

Եվ վերջապես, այս դեպքերը ցույց տվեցին, որ ԿԲ-ն չի կարող ֆինանսական շուկայի միակ պատասխանատուն լինել: ԿԲ-ն պետք է կրի դրամավարկային քաղաքականության միակ պատասխանատվությունը, իսկ ֆինանսական շուկայի զարգացման և պոտենցիալ կարգավորման պատասխանատվությամբ պետք է զբաղվի այլ՝ անկախ մարմին:

Սա վտանգավոր հանգստություն է, եթե քայլեր չձեռնարկենք, պրոբլեմը կարող է ավելի խորանալ

tert.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը
արծվիկ1
-Պարոն Մինասյան, մեկ գիշերվա ընթացքում դրամն արժևորվեց, դոլարը՝ արժեզրկվեց: Ընդհանրապես որքանո՞վ է հնարավոր այլևս այս ֆորս-մաժորներից հրաժարվել: Այսպիսի կտրուկ գործողությունները կարո՞ղ են արդյոք երկարաժամկետ լինել:

-Կարծում եմ՝ ճիշտ կլինի հետևողականորեն նայենք դինամիկային և նաև այն գործիքակազմին, որն օգտագործվել է: Հիշում եք՝ բազմիցս մենք փաստել ենք, որ դրամի արժեզրկման հիմնական պատճառն արտաքին ազդեցությունն է եղել, չնայած սա չի բացառում ներքինի որոշակի դրսևորումներ: Սակայն մեր տնտեսությունը միշտ եղել է հիվանդ այս տարիների ընթացքում:

Ինչո՞ւ հատկապես այս շրջանում նման ագրեսիվ թռիչք արձանագրեց. դա պայմանավորված էր հենց ռուսական, ամերիկյան և եվրոպական քաղաքականությունների ազդեցությամբ: Այս տեսակետից ակնհայտ է, որ դրամի արժեզրկումը չպետք է նաև մեր ներքին կյանքում դառնար այդքան քննարկման ենթակա, որովհետև դրա արդյունքում տեղի ունեցավ շատ ավելի բացասական դրսևորում, այն է՝ խուճապային տրամադրության ներարկում և առանձին սուբյեկտների, ինչպիսին առևտրային բանկերն են, իհարկե ոչ բոլորը, բայց հիմնականում նրանք, որոնք, ունենալով արտարժույթի անհրաժեշտ պաշարներ, այնուամենայնիվ, հրաժարվում էին կամ բացասական սպասումների վրա հենված՝ փորձում էին խնայողություն իրականացնել արտարժույթով:

Սա մի կողմից թուլացնում է դրամի մասնակցությունը, մյուս կողմից՝ նաև օլիգարխիկ տնտեսական պայմաններում օլիգարխներին հնարավորություն էր տալիս չարաշահելու իրենց կարգավիճակը: Արդյունքում բազմաթիվ դեպքեր եղան, երբ մեծածախ ներկրողները պարզապես հրաժարվում էին ազգային արժույթ ընդունելուց: Եվ սա ոչ միայն հակատնտեսագիտական մոտեցում է այս պարագայում, այլև հակաօրինական, հակապետական: Եվ շատ կարևոր է, որ հետագայում խիստ պատասխանատվության միջոց կիրառվի:

-Այսինքն՝ սպեկուլյանտներին հայտնաբերելո՞ւ ուղղությամբ:

-Ոչ միայն խիստ պատասխանատվության միջոցներ կիրառվեն անձանց նկատմամբ, ովքեր պարտավոր էին իրացում ապահովել, այլ նաև պարտավոր էին ընդունել ազգային արժույթը, որովհետև այն մեր երկրում օրինական վճարման միջոց է: Օրենսդրական փոփոխությունների իրականացման արդյունքում պետք է բացառվի հետայսու ազգային արժույթի նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքը, ինչը որևէ տնտեսական տեսակետից չի հիմնավորվում: Սա առաջին կարևոր գործողությունն է:

Երկրորդ՝ ինչ տեղի ունեցավ մեկ գիշերվա մեջ: Նախ ասեմ, որ մեկ գիշերվա ընթացքի անմիջական խնդիր չէր դա: Սա հետևողական միջամտության արդյունք էր, նաև ԿԲ-ի հայտարարած ինտերվենցիոն քաղաքականության, բայց մեկ գիշերվա ընթացքում տեղի ունեցավ այն, որ հատկապես մի շարք մենաշնորհատերերի ուղղակի հանձնարարվեց, որ այդ վարքագիծը դադարեցնեն, ընդունեն հայկական արժույթը՝ որպես վճարման օրինական միջոց, և երկրորդ՝ բացառեն, որ գների կտրուկ աճ տեղի ունենա: Այն, ինչ մինչ այդ էր տեղի ունեցել, և եթե մենք հետագայում նաև արդեն ուսումնասիրում ենք վարքագիծը, տեսնում ենք, որ այս միջամտությունը ազդեցություն ունեցավ:

Կտրուկ մերժում եմ բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների հայտարարությունը, թե իբր քաղաքական ուժերը ստիպեցին, որ նման բան տեղի ունեցավ: Դա այդպես չէ, ի վերջո ճշմարտությունը պետք է ջրի երես դուրս գա: Որևէ քաղաքական ուժ, հատկապես ոչ իշխանական քաղաքական ուժ ի վիճակի չէր ստիպել, որպեսզի վարկային արժույթն արժևորվի կամ դադարեցնի արժեզրկումը: Սա առաջին հերթին խոսում է այն մասին, որ մենք դեռևս ունենք սովորելու և դասեր քաղելու անհրաժեշտություն:

Հարցեր կան, որտեղ քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը ոչ թե պետք է սեփական, նեղ խմբային կամ անձնական շահից ելնելով հայտարարություններ կատարեն, այլ հասկանան, որ այդ հայատարարությունների տակ՝ ներքևում, պետականությունն է: Եվ եթե այդ հայտարարություններից դուրս ես գալիս և սկսում ես քո քաղաքական դիվիդենտները փորձում շահել, արդյունքում վնասում ես թե՛ պետականությանը, թե՛ ժողովրդին, թե՛ տնտեսությանը, որովհետև հայտնվում ես նույն փոսի մեջ: Եվ սա հատկապես ուղղում եմ այն մարդկանց, ովքեր փորձում են ԱԺ արտահերթ նիստը վերագրել նեղ ինչ-որ առանձին քաղաքական ուժերի վարքագծին:

Լինելով ընդդիմության ներկայացուցիչ՝ ես ևս մեկ անգամ ուզում եմ կոչ անել՝ չի կարելի այդ վարքագծով շարժվել: Հակառակը, մենք կարող ենք անընդհատ քննադատել իշխանություններին, բայց երբեք մեր ընդդիմադիր կեցվածքը չպետք է ուղղված լինի պետությանը, պետականությանը, այն, ինչ ես հիմա տեսնում եմ և շատ վատ եմ համարում:

1in.am

Տպել Տպել