ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը

2015թ պետական բյուջեի մասին

aparaj HYDԽորհրդարանն այսօր 29 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության տվեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին:

Պատգամավորական խումբ-խմբակցությունները մինչ քվեարկությունը հանդես եկան հայտարարույուններով՝ կապված 2015 թվականի պետական բյուջեին հետ:

Ստորեւ ներկայացնում ենք ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը.

«ԼՂՀ-ի 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը բոլոր տարիներին էլ փորձել է հիմնավորել, որ ոչ թե երկրի բյուջեն է նպատակ, այլ երկրի զարգացման ռազմավարական ծրագրերը, իսկ բյուջեն միջոց է այդ ծրագրերի իրականացման համար:

Պետք է նշել, որ 2015թ. բյուջեի նախագիծը զուգակցվել է ավելի ընդգրկուն ծրագրերով և առավել ուշադրություն է դարձվել վերլուծություններին` տարբեր տարիների հետ համեմատած, չնայած վերոհիշյալ ուղղությամբ դեռևս անելիքներ կան:

Դարձյալ շեշտում ենք, որ ծրագրերն են, որ քաղաքականությունը վերածում են համակարգային բարեփոխումների և հնարավորինս զերծ պահում անհատական որոշումներից: Ծրագրերի առկայության դեպքում է, որ բարեփոխումները համակարգային և լիարժեք են դառնում` յուրովի հանդիսանալով երկրի զարգացման խթանիչ ուժ:

Բոլորս ենք գիտակցում, որ ցանկացած բյուջե ոչ միայն զուտ տնտեսական, այլ նաև քաղաքական էություն պարունակող փաստաթուղթ է:

Ելնելով դրանից՝ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդես է եկել հինգ տասնյակից ավելի բանավոր և մոտ չորս տասնյակ գրավոր առաջարկություններով:

Առաջարկությունները հիմնականում վերաբերում էին տարածքային համաչափ զարգացման հիմնախնդիրներին, ՓՄՁ-ների սանդղակային ձևով վարկավորմանը, հանքաարդյունաբերությունից ստացված մուտքերին, վարչակառավարչական ծախսերի կրճատմանը, հայրենադարձության, ինչպես նաև ներքին միգրացիայի խնդիրներին, գյուղատնտեսության բնագավառին, մասնավորապես կոոպերատիվ տնտեսությունների ձևավորմանը, թեթև արդյունաբերության, բնապահպանական և բնօգտագործման վճարներին, տեղական ինքակառավարման մարմինների իրավասությունները բարձրացնելու քաղաքականությանը, մշակույթի, սպորտի ոլորտներին, հիպոթեքային վարկավորմանը, առանձին ենթակառուցվածքների զարգացմանը, հարկային ոլորտին, մասնավորապես շահութահարկին, առևտրի հարկին և այլ բնագավառներին:

Ներկա ժամանակաշրջանի սոցալ-տնտեսական կացությունը մեզ թելադրում է երկրի կառավարման համակարգում իրականացնել լավարկման (օպտիմալացման) քաղաքականություն:

Նշենք, որ մի շարք հարցերի վերաբերյալ առկա էր խմբակցության և կառավարության կարծիքների տարբերություն, բայց նաև ընդգծենք, որ ընդհանուր առմամբ հանդիպումները անցել են կառուցողական մթնոլորտում:

2015թ բյուջեի նախագիծը տրամաբանական շարունակությունն է 2014թ. բյուջեի:

Ցավոք սրտի, այս տարի ևս բյուջեն ԼՂՀ ԱԺ է ներկայացվել 30 օր առաջ՝ չնայած, որ մենք միշտ բարձրացնում ենք այս հարցը և գտնում, որ այն պետք է ներկայացվի առնվազն 50 օր առաջ` առավել մանրամասն ուսումնասիրելու և շահագրգիռ քննարկումներ ծավալելու նպատակով:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության կարծիքով՝ 2015թ. բյուջեի նախագծում պահպանվել է պետական միջոցների սոցիալական ուղղվածությունը, նախատեսված է նաև աշխատավարձերի բարձրացում:

Նկատելի է նախատեսվող քայլեր՝ ազատագրված տարածքներում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ:

Ժամանակին մենք ողջունել ենք մեր անկախության տարիներին առաջին անգամ կառավարության ծրագրում տեղ գտած ապակենտրոն քաղաքականության որդեգրումը, որը կարևոր ազդակ է նաև գյուղական համայնքների ինքնաբավության, իրական ինքնակառավարման և երկրի առավել ժողովրդավարացման հասնելու գործընթացում: Սակայն մեր կարծիքով, համակարգային առումով, վերոհիշյալ քաղաքականությունը դանդաղ է առաջանում:

Նախորդ տարիներին մեր կողմից բարձրացված երկրի համաչափ զարգացման ուղղությամբ կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել, բայց, դեռևս լուրջ անելիքներ կան վերոհիշյալ ուղղությամբ, մասնավորապես, վարկավորման բնագավառում:

Չնայած նկատելի է վերջին տարիներին պետական համակարգում վերահսկողական մեխանիզմների արմատավորումը, որը հիմնական գրավականն է պետական միջոցների վատնումից խուսափելու համար, սակայն վերահսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ, մեր կարծիքով դեռևս լուրջ անելիքներ կան:

Գտնում ենք, որ անհրաժեշտ է ի հայտ եկած խախտումները առավել թափանցիկ ներկայացվի հանրությանը և կոնկրետ խախտումների համար պատասխանատուները պատասխանատվություն կրեն:

Մենք գտնում ենք նաև, որ կապիտալ շինարարության ծավալները և հուշարձանների վերականգնման համար նախատեսված գումարները պետք չէր այդ ծավալով կրճատել:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը 2015թ. բյուջեի նախագծում շեշտում է կառավարության դրական աշխատանքները սոցիալական, էներգոհամակարգի, նախադպրոցական կրթության, գյուղերում երիտասարդ ընտանիքների նոր տների կառուցման գործընթացում ֆինանսական օժանդակության, զոհված ազատամարտիկների տների կառուցման և վերակառուցման գործընթացն առավել ակտիվ շարունակման, ԼՂՀ բնակավայրերում բնակիչներին շինանյութերի տրամադրման, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամներին անտոկոս հիպոթեկային վարկի տրամադրման քաղաքականությունը:

Չնայած տնտեսության և ԼՂՀ քաղաքացիների եկամուտների ավելացման հարցում առկա է որոշակի հաջողություններ, այնուամենայնիվ ներկա մարտահրավերների և գնաճի պայմաններում, գտնում ենք, որ այդ ամենը բավարար չէ:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության կարծիքով վերոհիշյալ մի շարք հարցեր կարելի է լուծել, եթե առավել ուշադրություն դարձվի ոչ միայն տեղային, այլև ռազմավարական նշանակության մի շարք տնտեսական ծրագրերի կազմանը: Վստահ ենք,որ վերոհիշյալ դեպքում այն կմեղմի գործազրկության և սոցիալական ոլորտի մի շարք դժվարություններ:

Ելնելով վերոնշյալից՝ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը 2015թ.պետական բուջեի նախագծին քվեարկելու է «Կողմ»:

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության

aparaj.am

Տպել Տպել