Սահմանադրական փոփոխությունները նոր որակ են առաջացնելու, որտեղ բոլորը իրենց տեղն են ունենալու

FotorCreatedԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով օրերս ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, երեկ պատասխանել է կուսակցության շուրջ վերջին շրջանում ծավալվող խոսակցությունների վերաբերյալ մեր հարցերին:

– Պարոն Ռուստամյան, մեկ օրից տեղի է ունենալու ԲՀԿ-ի հրավիրած համաժողովը, որին մասնակցելու հրավեր ՀՅԴ-ն չի ստացել, դուք տեղեկություն կամ ենթադրություններ ունե՞ք, ձեր գործընկերները, որոնց հետ մինչեւ վերջերս սերտորեն համագործակցում էիք, ինչո՞ւ ձեզ էլ չեն հրավիրել:

– Ես տեղյակ չեմ՝ ինչպես են որոշել, ինչ են որոշել, բայց այն, ինչ ենթադրվում է այնտեղ ներկայացնել, մենք մեր տեսակետը հստակ ներկայացրել ենք. մեր կարծիքով, ելքը այս իրավիճակից ոչ թե պարզունակ իշխանափոխությունն է, այլ ամբողջական իշխանափոխությունը, որը ենթադրում է համակարգի լուրջ փոփոխություն, որը թույլ չի տա, որ նորից նույնը կրկնվի, եւ դրա համար մենք մեր ընթացքը հիմնել ենք սահմանադրական փոփոխությունների իրականացման միջոցով հասնել խորքային, արմատական փոփոխությունների եւ երկրում ստեղծել իսկապես ժողովրդավարական միջավայր:

– Իրենք Դաշնակցությանը մեղադրում են, ամեն դեպքում նրանց կայքերում այդպիսի մեղադրանքներ են հնչում, որ դուք համագործակցում եք իշխանությունների հետ, դուք պաշտոններ եք ստանալու: Ի դեպ, դուք հայտարարում էիք, որ Արա Նռանյանը պաշտոն չի ստանա, բայց ստացավ:

– Մենք ասել ենք՝ նախարար չի դառնա:

– Նաեւ խոսվում է, որ հնարավոր է դեսպանների պաշտոններ ստանաք, ապագայում էլ կոալիցիա ձեւավորեք իշխանության հետ:

– Ովքեր խոսում են Դաշնակցության մասին, բացարձակապես կամ տեղյակ չեն, կամ չեն ուզում ներկայացնել այնպես, ինչպես ՀՅԴ-ն պատկերացնում է ստեղծված վիճակը եւ ելքեր է առաջարկում այդ վիճակից: Մենք ասել ենք, որ ՀՅԴ-ն համագործակցում է բոլոր նրանց հետ, ովքեր համակարծիք են իր հետ հստակ ուղղությունների վերաբերյալ, որոնք սահմանված են մեր 7 կետերի մեջ: 12 թվականից այդ ընթացքն է որդեգրած, եւ չգիտես ինչու, մարդիկ չեն ուզում դա տեսնել: Մենք համակարգային փոփոխություն ենք ուզում անել, որն անհնար է առանց Սահմանադրության փոփոխությունների, մեր 7 կետերի մեջ հստակ խոսվում է խորհրդարանական համակարգին անցնելու մասին, եւ դա այսօր իսկապես հնարավոր է դարձել իշխանությունների այդ մոտեցումը որդեգրելու պայմաններում:

– Իսկ եթե պարզվի, որ եռյա՞կն է ճիշտ, որ իշխանությունն իրականում այդ փոփոխություններով փորձում է վերարտադրվել, իսկ եռյակը փորձում է գնալ իշխանափոխության, բայց մյուս ուժերը չեն սատարում իրեն:

– Եթե պահպանվում է գործող համակարգը, վերարտադրում տեղի է ունենալու այսպես, թե այնպես, անկախ նրանից, թե ում անունը կլինի նախագահի պաշտոնին: Մենք 3 նախագահ ենք փոխել, բայց համակարգը պահպանվել է: Սա չեն ուզում հասկանալ մարդիկ: Քանի այս համակարգը չի փոխվել, դա հենց վերարտադրման ուղիղ ճանապարհն է:

– Այսինքն՝ դուք էլ եռյակի՞ն եք մեղադրում, որ իրենք են նպաստում իշխանության վերարտադրմանը՝ դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին:

– Իհարկե, որովհետեւ համակարգի պահպանումը նշանակում է վերարտադրման գործընթացի շարունակություն: Մենք դա ապացուցում ենք անցած մեր ամբողջ անկախության ընթացքով: Նոր փուլ պիտի սկսվի երկրում: Հակառակ պարագայում նույն վիճակն է լինելու: Պարզ հարց եմ տալիս, մեկը թող ինձ բացատրի, թե ինչո՞ւ 3 նախագահից ժողովուրդը այս կամ այն չափով դժգոհել է, հիմա պիտի չդժգոհի 4-րդից: Այ սա՛ է վերարտադրումը: Մենք էլ ասում ենք՝ ոչ, չպիտի թույլ տալ, որ դա տեղի ունենա: Այս պարզ բանը չեն ուզում հասկանալ, որովհետեւ մարդիկ ուզում են իրենց մանկության երազանքը կատարվի, դառնան նախագահ:

– Իսկ եթե, այդուամենայնիվ, սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը դառնա ԱԺ նախագահ, վարչապետը էլի ՀՀԿ-ից լինի ու նախագահն էլ նույն շրջանակից, չեղա՞վ վերարտադրություն:

– Այդպես մեր առաջարկած համակարգում հնարավոր չէ: Այդ անձինք կարող են մնալ համակարգում այս կամ այն տեղում, որովհետեւ իրենց չես կարող արտաքսել երկրից, եւ եթե մեկն ասում է՝ գալու է դա անի, խաբում է, այդպես չի լինելու: Իրականության մեջ մեր առաջարկը փոխում է իշխանության որակը այնպես, որ այդ իշխանությունը դառնում է զսպված, հակակշռված, եւ այդ պարագայում ընդդիմությունը ունենում է շատ լուրջ հսկողության հնարավորություն, այդպես անձը որտեղ էլ լինի, նույն որակի իշխանություն չի կարող ունենալ, ինչպես հիմա, որ դա օգտագործի իր շահերի համար: Սա ուղիղ չեն ուզում հասկանալ, կամ իրենց ձեռնտու չէ, որովհետեւ իրենք դեմ են միայն անձին, որ այդ մեծ լծակներն ունի, իրենք ասում են՝ ինչո՞ւ կորցնենք այդ լծակները, եթե առիթ կա, որ ես գամ եւ այդ նույն լծակներն օգտագործեմ:

– Եթե 7 կետերը կատարվեն, սահմանադրական փոփոխություններից հետո կոալիցիա կկազմե՞ք ՀՀԿ-ի հետ:

– Մենք ձեռքներս քշտած կմտնենք այդ գործընթացի մեջ: Ամբողջ հարցն այն է, որ այն, ինչ կատարվելու է մեր ասածի արդյունքում, դրանից օգտվելու են բոլորը, բայց այս ընթացքում հայհոյելու են, քարկոծելու են մեզ, ինչպես եղել է մինչեւ հիմա, ոչինչ, մենք դրան սովոր ենք: ԱԺ հանձնաժողովներում ընդդիմության տեղերի ընդլայնման հետ կապված էլ ՀՅԴ-ն մեծ ջանք ու եռանդ գործադրեց, որպեսզի Դոնթի բանաձեւով բաշխվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնները: Այն ժամանակ ՀՅԴ-ն 2 պաշտոն ուներ, քարկոծեցին: Ասացինք, այդ նույն բանաձեւով հաջորդն էլ կգա, կստանա այդ տեղերը: Հիմա ոչ ոք չի ասում, որ ոչ իշխանական ուժերը հանձնաժողովի 4 նախագահ ունեն: Ինչո՞ւ չեն համարում, որ նույն ձեւով համագործակցում են, իշխանությունների կցորդ են դարձել: Այն ժամանակ մեզ հայհոյեցին, նույնն էլ լինելու է հիմա: Սահմանադրական փոփոխությունները նոր որակ են առաջացնելու, որտեղ բոլորը իրենց տեղն են ունենալու, ոչ թե օտարվելու են պետությունից եւ ոչ թե նույնացած են լինելու իշխանություն-պետություն, այլ պետությունը դառնալու է բոլորինը:

armtimes.com
«Հայկական Ժամանակ»

Տպել Տպել