Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը քրդական խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեան երիտասարդականի խորհրդաժողովին

FotorCreatedՀ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի կազմակերպմամբ՝ Հ.Յ.Դ. Երիտասարդականի պատուիարկութիւնը 2015 թ. մարտի 13-15-ին մասնակցեց Քրդական Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութեան (Peace & Democracy Party) Երիտասարդականի կազմակերպած խորհրդաժողովին Տիգրանակերտի մէջ (Դիարբեքիր)։ Պատուիրակութեան անդամներն էին Տօնիկ Տօնապետեանը և Ցոլեր Աղճեանը՝ Լիբանանից։

Այն կոչւում էր «Միջին Արևելքի ժողովրդավար երիտասարդութեան Ա. խորհրդաժողով» և նշանաբանն էր՝ «Երիտասարդութիւնն իր ուժը պիտի ստեղծի և Միջին Արևելքը պիտի ազատագրի»։

Խորհրդաժողովին մասնակցում էին ընկերվարական երիտասարդական միութիւններ տարբեր երկրներից և շրջաններից՝ Հիւսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան, Պաղեստին, Եգիպտոս, Ալժիր, Թունիս, Լիբանան և Թուրքիայի մէջ գործող երիտասարդական միութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաև տարբեր երկրներից ժամանած ոչ-միութենական երիտասարդներ։ Նշելի է, որ ներկայ էր նաև Պոլսոյ «Նոր Զարթօնք» կազմակերպութեան ներկայացուցիչը։

Խորհրդաժողովը տեղի ունեցաւ Տիգրանակերտի «Շեքարխոյն» համալիրի մէջ, որտեղ ներկայ էին աւելի քան 700 ուսանողներ, երիտասարդներ և երիտասարդական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովը կենտրոնացաւ Միջին Արևելքի և յատկապէս Թուրքիայի մէջ տիրող երիտասարդական, տնտեսական, քաղաքական, ժողովուրդների ազատագրութեան, ազատ կամքի արտայայտութեան և ինքնորոշման իրաւունքի ձեռքբերման թեմաների վրայ։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները իրենց խօսքը արտասանեցին` նախ հայերէնով, ապա` թրքերէնով:

Նրանք ողջունելով Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութեան երիտասարդականի կազմակերպած խորհրդաժողովը, կենտրոնացան հայ ժողովուրդի անցեալի եւ ներկայի կացութեան, Արեւմտահայաստանի մէջ տիրող ներկայիս իրավիճակի, կրօնափոխ հայերի հարցերին եւ, ընդհանրապէս Հայոց ցեղասպանութեանը, որն իր անդրադարձն է ունեցել Միջին Արեւելքի ներկայ կացութեան վրայ: Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները շնորհակալութիւն յայտնելով հրաւէրի համար, շեշտեցին հայ-քրդական փոխ-յարաբերութիւնների կարևորութիւնը արծարծուած որոշ հարցեր միասնաբար լուծելու նպատակով։

Խորհրդաժողովից բացի Հ.Յ.Դ. Երիտասարդականի պատուիրակութիւնը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրներից ժամանած պատուիրակութիւնների հետ։

Նշենք, որ Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները անցեալ տարի ևս մասնակցել են Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութեան Երիտասարդականի կազմակերպած խորհրդաժողովին Տիգրանակերտում։

Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
16 մարտ, 2015 թ.
Երևան

Տպել Տպել