ՀՅԴ-ի օրակարգում կոալիցիայի հարց չկա

FotorCreatedՎերջին օրերին ակտիվացել են շրջանառվող խոսակցությունները ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձևավորման շուրջ, և նույնիսկ շրջանառվում են ՀՅԴ-ականների անուններ, որոնք կոալիցիայի ձևավորումից հետո պետք է տեղ ունենան կառավարությունում:

Նրանցից մեկը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է, ում, ըստ որոշ տեղեկությունների, վստահվելու է արդարադատության նախարարի պաշտոնը: «Հայկական Ժամանակ»ը մի քանի հարց է ուղղել նրան:

-Պարոն Մինասյան, խոսվում է, որ մինչև ապրիլի 24-ը պետք է կոալիցիա կազմեք ՀՀԿ-ի հետ:

-Մեր օրակարգում նմանատիպ հարց չկա:

-Կուսակցությունում քննարկե՞լ եք այդ հարցը:

-Ես կրկնում եմ՝ մեր օրակարգում կոալիցիայի հարց չկա, իսկ եթե այդպես եմ ասում, նշանակում է, որ օրակարգը կուսակցությունն է ճշտում:

-Այսինքն՝ Ձեր՝ արդարադատության նախարար դառնալու լուրերը և՞ս ճիշտ չեն:

-Եթե ասում եմ, որ օրակարգում էդ հարցը չունենք, էլ շարունակելը իմաստ ունի՞, ամեն մեկի մտքի ստեղծագործությունը հո ես պարտավոր չեմ մեկնաբանելու:

-Տարիներ շարունակ ձեր առանցքային պահանջներից էին սահմանադրական փոփոխությունների անցկացումն ու հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը: Երկուսն էլ կատարվում են, ի՞նչ խոչընդոտ կա այդ դեպքում կոալիցիա կազմե;ու համար:

-Այդ հարցը արդիական չէ այսօր: Այս պահին մենք կոալիցիայի հարցը` որպես օրակարգային, չունենք: Տարբեր խոսակցություններ կարող են լինել. Տարբեր քննարկումներ, բայց այդ հարցը չունենք մեր օրակարգում:

-ՀՀԿ-ից առաջարկ չի՞ եղել:

-Ես արդեն պատասխանեցի:

-Այդ դեպքում ինչպե՞ս է ՀՅԴ-ն ներգրավվելու սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացներում:

-Մենք դեռ քննարկումների մեջ ենք մեր առաջարկների իրացման համար: Երբ լիարժեքորեն պատրաստ կլինի փոփոխությունների պատկերացման տեքստը, որտեղ ներգրավված կլինի մեր առաջարկները, այո`, մենք քարոզչական աշխատանքներով կզբաղվենք:

Մկրտիչ Կարապետյան

armtimes.com

Տպել Տպել